Արցախում նոր կորոնավիրուսի կասկածով նախորդ օրը Հայաստանի Հանրապետություն ուղարկված երկու քաղաքացիների թեստերի լաբորատոր արդյունքները բացասական են եղել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:
«Հորդորում ենք բնակչությանը չճշտված տվյալներ չհրապարակել ու ապատեղեկատվություն չտարածել: Կոչ ենք անում կեղծ լուրերից խուսափելու համար հետևել պաշտոնական լրահոսին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Տեղեկություն էր շրջանառվել, որ Արցախում կորոնավիրուսի հետ կապված կասկածելի երկու դեպք է եղել՝ Իրանից փետրվարի 20-ից Արցախ մեկնած ամուսինների մոտ: