ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՄԻ ՔԱՆԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԹԵՐԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Երեւանի ավագանու նիստում պետք է քննարկվի Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեի կատարողականը։ Մինչ այս բյուջեի կատարողականի նախագիծը դրված է եղել e-draft հարթակում, ապա հանրային քննարկման անցել Երեւանի քաղաքապետարանում։ Սակայն ուշագրավ է, որ օնլայն հարթակում առաջարկներ չեն եղել, իսկ քաղաքապետարանում կազմակերպված քննարկմանն էլ միայն մեկ անձ է ակտիվ եղել։

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է բյուջեի կատարման հաշվետվությունը, եւ կարող ենք ուշագրավ պատկերի ականատես լինել. մեծ թվով ծրագրերի պարագայում կատարողականը շատ ցածր է՝ մոտ 60-70 տոկոս։ Այսինքն՝ սխալված չենք լինի, եթե ասենք, որ 2019 թվականի ընթացքում Երեւանի քաղաքապետարանը թերացել է իր աշխատանքում։ Այդ կարծիքին են նաեւ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Օրինակ՝ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն արդեն ամբողջովին ուսումնասիրել է կատարողականի նախագիծը եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այն մեկ բառով բնորոշեց խայտառակություն։
«Անհամեմատելի է նույնիսկ 2018 թվականի շրջանի հետ, երբ մենք չունեինք քաղաքապետ։ Ներկայացվել է մի կատարողական, որի կատարված աշխատանքների ծավալը՝ իր թերություններով եւ դրանց ծավալներով, գերազանցել է այն շրջանին, երբ մենք չունեինք քաղաքապետ, երբ 2018 թվականն էր, կար անցումային շրջան: Եւ երբ այդ ժամանակվա կատարողականն էր վատ, մենք դա հասկանում էինք, որովհետեւ կար անցումային շրջան։ Հիմա ցուցանիշն ավելի վատն է, քան 2018 թվականինը։ Այսինքն՝ մարդիկ, որ պետք է եզրաքար փոխեին, աշխատանքներ կատարեին, հիմա այդ աշխատանքները կա՛մ թերի են կատարվել, կա՛մ ընդհանրապես չեն արվել», – նշեց նա։
Խաժակյանի խոսքով՝ այս ամենը խոսում է կառավարչական հմտությունների բացակայության մասին։ «Ինչքան ժամանակ անցել է, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք իրենց լուծումը չեն ստանում։ Ժամկետները չեն կատարվում իրենց խոստումների։ Օրինակ՝ նախատեսել են գումարներ ծախսել զբոսաշրջության վրա Երեւանում, որ զբոսաշրջիկներն ավելի շատ գան, սակայն տեսնում ենք, որ այդ գումարների հետ կապված ծախսեր չեն կատարվել, մրցույթներ չեն հայտարարվել»,- նկատեց Խաժակյանը։
Իսկ այժմ ներկայացնենք մի քանի տվյալներ. ծախսերի առումով կատարողականը կազմում է 70,5 տոկոս: Հաշվետվության մեջ նշված է, որ այս տարբերությունը պայմանավորված է գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ եւ որոշ ծրագրերի չկատարմամբ։ Չնայած կատարողականի մեջ նշված է, որ հարկերի հավաքագրման առումով գերակատարում է եղել, ամեն դեպքում, տեղական տուրքերի որոշ տեսակների մասով առկա են ծրագրված ցուցանիշների թերակատարումներ։ Իսկ, օրինակ, բյուջեով այլ եկամուտների գծով նախատեսված էր 43 մլրդ 480 մլն 247 հազար դրամի մուտքեր, սակայն այն կատարվել է 35 մլրդ 859 մլն դրամի չափով։
Ինչպես արդեն նշեցինք, ամենամեծ թերակատարումը ծախսերի մասով է կատարվել՝ 94 մլրդ դրամի փոխարեն 66 մլրդ դրամի չափով։ Օրինակ՝ աշխատանքի վարձատրությունը կատարվել է 91 տոկոսի չափով, ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերումը՝ 75,4 տոկոսով, սոցիալական նպաստներն ու կենսաթոշակնրը՝ 76 տոկոսով։ Հետաքրքիր պատկեր է պարգեւատրումների մասով. Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողների պարգեւատրման գծով ծախսերը կազմել են 1 մլրդ 680 մլն դրամ, եւ կատարողականը եղել է 87 տոկոս։ Հիմնական թերացումները եղել են հենց քաղաքի հետ կապված. օրինակ՝ մայրուղիների եւ փողոցների վերակառուցում եւ հիմնանորոգում ծրագրով ընդհանուր կատարողականը կազմել է 66,89 տոկոս, ավտոկայանատեղի կազմակերպման ծառայությունների ծրագրով՝ 72,97 տոկոս։
Եվ չնայած իշխանությունները մշտապես խոսում են զբոսաշրջության զարգացման մասին, սակայն գլխավոր թերացումը հենց այստեղ է եղել։ Զբոսաշրջության զարգացման ծրագրով փաստացի ծախսը կազմել է 20 մլն 625 հազար դրամ, եւ կատարողականը ընդամենը 15 տոկոս։ Այսինքն՝ նախապես որոշված ծրագրերի մի մասը չի կատարվել, այլ ընդամենը մի քանիսը։
Սա բյուջեի կատարողականի մի մասն է: Առաջիկայում ավագանու նիստում բուռն քննարկումներ կլինեն։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԵԾ ՊՐՈԲԼԵՄ
ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչու պետական հիմնարկներում տեղադրված հերթագրման ու սուրճի սարքերի համար վարձակալության վճար չի վճարվում, եւ ինչու տեղադրման հարցը չի լուծվել մրցույթով: «Տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո դեպք ենք ունեցել, երբ որոշում ենք կայացրել եւ ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության: Որքան հասկանում եմ, այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում»,- ասել է նա: Վարչապետն իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանից հետաքրքրվել է, թե ինչն է պատճառը, որ չի կատարվել հանձնարարականը: Ի պատասխան՝ Է. Աղաջանյանն ասել է. «Ձեր կողմից նշված խնդիրն արձանագրվել էր մեկ-երկու ուժային մարմնում, եւ նախկինում գոյություն ունեցող կարգավորումներով, կառավարության որոշմամբ, հնարավորություն է տրվել այդ մարմիններին առանց մրցույթի ձեռք բերել»: «Պարո՛ն Աղաջանյան, գիտեք, շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարական եմ տալիս եւ դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք եւ ամբողջովին կատարված չէ»,-ասել է նա:

 

 

 

ՄԱՐՏԻ 9-ԻՑ
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը Առողջապահության նախարարությունից հատուկ ցուցումներ չի ստացել, հետեւաբար ուսումնական հաստատություններում երկուշաբթի օրվանից՝ մարտի 9-ից, դասերը կվերսկսվեն: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ ամենօրյա կապի մեջ է առողջապահության նախարարի հետ: Առաջիկա օրերին եւս հանրապետությունում սուր շնչառական՝ կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում նոր միջնորդություն չներկայացնելու դեպքում նախադպրոցական ուսումնական հաստատությունները, դպրոցները, քոլեջները, արվեստի դպրոցները, ուսումնարանները, բուհերը կանցնեն բնականոն աշխատանքային ռեժիմի: Հիշեցնենք, որ մարտի 2-ից 8-ը նշված հաստատությունները փակ են եղել:

 

 

 

ԱԽՏԱՆՇԱՆ ՉԿԱ
Հայաստանում հունվարի վերջից մինչ օրս անցկացվել է կորոնավիրուսի ստուգման 162 լաբորատոր թեստ, բոլորի արդյունքները բացասական էին, բացի Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդու արդեն հայտնի մեկ դեպքից: Այս մասին կառավարության ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Պացիենտը հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է, ներկայումս ոչ մի գանգատ եւ ախտանիշներ չունի: Մասնագետները նաեւ կրկնակի հետազոտել են նրա կնոջը, կորոնավիրուսի ստուգման անալիզի արդյունքները բացասական էին. սա նշանակում է, որ կինը վարակված չէ: «Չնայած սա ինֆեկցիոն հիվանդություն է, մեր փորձը ցույց է տալիս, որ այն այնքան էլ վարակիչ չէ. նույնիսկ միասին ապրող մարդիկ ոչ միշտ են վարակվում»,- ասել է Ա. Թորոսյանը: Վերջինիս խոսքով՝ այս պահին մեկուսացված քաղաքացիներից ոչ մեկի մոտ ոչ մի ախտանշան չկա:

 

 

 

ԲԱԺՆԻ ՊԵՏԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2020 թվականի մարտի 4-ին դատարան է դիմել Հասմիկ Մկրտչյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի Լոռու մարզպետարանին 2020թ. ընդունված թիվ 77 հրամանն անվավեր ճանաչել, իրեն ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետի պաշտոնում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագաձել:

 

 

 

ՎԵՆԴԵՏԱ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ մարտի 4-ին էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան 69 հասցեից կրակոցները կապ ունեն անցած տարի «Դոն Կիխոտ» ռեստորանում տեղի ունեցած դեպքերի հետ: Ինչպես հայտնի է, մարտի 4-ին՝ 18:30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Ըստ տեղեկությունների՝ 2 անձանց վրա կրակել են մեքենայից եւ դիմել փախուստի, իսկ թե ովքեր են կրակողները, մինչ օրս հայտնի չէ: Ըստ տարածված լուրերի՝ այդ կրակոցները կապ ունեն 2019 թ. օգոստոսի 25-ին Շենգավիթի «Դոն Կիխոտ» ռեստորանի դիմաց թաղային հեղինակությունների միջեւ վիճաբանության հետ, որի արդյունքում սպանվեց թաղային հեղինակություն համարվող 43-ամյա Համբարձում Առաքելյանը՝ Համոն։ Բանն այն է, որ, ըստ լուրերի, օրերս կայարանում վիրավորված անձինք սպանված Համբարձում Առաքելյանի թիմից են: Ի՞նչ գնով է ՀՀ ոստիկանապետը ինքնահաստատվում ու ցանկանում մնալ պաշտոնին։

 

 

 

ԱՅՍՕՐ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
Մարտի 2-ին մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգը դեռեւս չի սպառվել։ Այն կշարունակվի նաեւ այսօր։ Երեկ խորհրդարանում քննարկվել է«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Այն վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերին, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզին: Անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, հաշմանդամությամբ, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ըստ առաջարկվող փոփոխության, կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: Սակայն, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ատելության խոսքին, ասել է, որ քաղաքական իշխանությունը չի դատապարտում ընդդիմության հասցեին հնչեցվող ատելության խոսքն ու գործողությունները, քանի որ այն ձեռնտու է նրանց:




Լրահոս