Դերբի՝ փակ դռների հետեւում․ իտալական հզորագույն դիմակայությանն ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային ֆուտբոլը առանձնանում է իր յուրատեսակ դերբիներով կամ կլասիկոներով․ բոլոր երկների առաջնություններում էլ կան հանդիպումներ, որոնց երկրպագուները սպասում են մեկ այլ ոգեւորությամբ եւ անհամբերությամբ։ Այդպիսի խաղերից մեկն էլ կկայանա այսօր Իտալիայի Թուրին քաղաքում։ Ապենինյան թերակղզին ներկայացնող ամենահեղինակավոր ակումբներից երկուսը ՝ «Յուվենտուսն» ու «Ինտերը» «Ալիանս Ստեդիումում» «կհոշոտեն» միմյանց հաղթանակի հասնելու համար։ Այս թիմերի միջեւ խաղերը միշտ էլ եղել են սպասված եւ հետաքրիքր, բայց հենց այս հանդիպումը ուրիշ պատմություն է․ սա միայն առճակատումը չէ երկու անվանի ակումբների, սա միայն ճակատամարտ չէ երկու թշնամի թիմերի միջեւ․ Այս խաղի արդյունքը կարող է եւ կունենա վճռորոշ դեր չեմպիոնական պայքարում։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում թիմերը գտնվում են միմյանց հարեւանությամբ․ «Յուվեն» 25 խաղերից հետո ունի 60 միավոր եւ 2-րդն է, իսկ «Ինտերը» 24 խաղերից հետո 3-րդն է 54 միավորով։ Առաջատարը 26 խաղ անցկացրած «Լացիոն» է, ով վաստակել է 62 միավոր։ Իտալիայում այսպիսի «իրադարձություն» վաղուց չէր եղել։ Արդեն մոտենում է առաջնության վերջնամասը եւ Սկուդետոյի համար պայքարում են միանգամից երեք թիմեր։ Derby d’Italia-ի ելքն այս պայքարում կամ կմտցնի որոշակի հստակություն կամ էլ կխառնի բոլորի խաղաքարտերը։

Իտալական ամենաթեժ եւ ինչ-որ տեղ վտանգավոր հանդիպումներից մեկը երկրպագուների իսկական կիրքն է․ միշտ լեփ – լեցուն տրիբունաները, ֆուտբոլիստներին ստիպում են ամբողջովին նվիրվել խաղին եւ ամեն բան թողնել խաղադաշտում։ Այս հանդիպումը, ցավոք, չի անցնի երկրպագուների ֆանտաստիկ պերֆորմանսների, բացականչությունների եւ սոլոցների ներքո։ Խաղը կկայանա փակ դռների հետեւում ՝ կորոնավիրուսի տարածման վտանգներից խուսափելու համար։

Իտալիայի Ա Սերիայի առաջնության 26-րդ տուրի «Յուվենտուս» – «Ինտեր» հանդիպումը պետք է կայանար մարտի 1-ին, սակայն այն հետաձգվեց ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Երկու թիմերն էլ իրենց վերջին հանդիպումները անցկացրել են եվրագավաթների շրջանակներում։ «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։1 հաշվով զիջել է Լիոնի «Օլիմպիկին», իսկ «Ինտերը» Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում 2։1 հաշվով հաղթել է բուլղարական «Լուդոգորեցին»(երկու խաղերի արդյունքում ՝ 4։1) եւ նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։ Արդյունքում Եւ Մաուրիցիո Սարին եւ Անտոնիո Կոնտեն ստացել են երկար ժամանակ պատասխանատու հանդիպմանը իրենց թիմերին պատրաստելու համար։ Հետաքրքիրն այն է , որ երկուսն էլ այս խաղին մոտենում են ոչ այնքան լավ վիճակում։ Վերջին շրջանում երկու թիմերի գրանցած արդյունքներն էլ տպավորիչ չեն․ «Յուվեն» վերջին 5 խաղերում հաղթել է 2-ում, կրել նույնքան պարտություն եւ 1 հանդիպում էլ ավարտել ոչ-ոքի։ «Կապտասեւերը» վերջին 5 խաղերից հաջողության են հասել 3-ում եւ պարտվել 2-ում։

«Յուվենտուսը» դեռեւս չի կարողանում ադապտացվել «սարիբոլին» եւ շատ հանդիպումներում կամ չի կարողանում հաղթել կամ էլ ցանկալի արդյունքին հասնում է մեծ դժվարությամբ։ Այս մրցաշրջանում շատ քիչ հանդիպումներ կարելի է հիշել, որտեղ «Ծեր Սինյորան» հաղթել է եւ հաշվով եւ խաղով։ Ամեն դեպքում բոլորի ամար էլ պարզ է, որ «բիանկոներիներին» ժամանակ է պետք Սարիին հարմարվելու համար։ Ինչ վերաբերում է «ներաձուրիներին», ապա նրանք Անտոնիո Կոնտեի Միլան ժամանելուց հետո վերածնվեցին եւ հիշեցին հին ու բարի տարիները։ Կոնտեն գլխավորեց «Ինտերը» եւ սկսեց հերթով հավաքել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ֆուտբոլիստներին։ Արդյունքում հավաքվեց մի թիմ, ով հավասարը հավասարի պայքար է մղում Իտալիայի վերջին տարիների անփոխարինելի չեմպիոն «Յուվենտուսի» հետ։

Հանդիպմանը երկու թիմերն էլ մոտենում են առանց լուրջ կորուստների։ Տանտերերի ճամբարում վատ նորություններ չկան։ Դեռեւս վնասվածքից չի ապաքինվել երիտասարդ թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը եւ այս խաղին նույնպես մասնակցել չի կարողանա։ «Ծեր Սինյորայի» բրազիլացի վինգեր Դուգլաս Կոստան արդեն ապաքինվել է վնասվածքից եւ մեծ հավանականությամբ կհայտնվի Մաուրիցիո Սարիի վերջնական հայտացուցակում։ Օրեր առաջ մկանային խնդիրներ ուներ նաեւ Գոնսալո Հիգուայինը, սակայն նա նույնպես պատրաստ է ճակատամարտին։
«Յուվենտուսի» հավանական մեկնարկային կազմը․ (4-3-3)․ 1․Վոյցեխ Շեսնի,12․Ալեքս Սանդրո,4․Մատիաս դե Լիգտ,19․Լեո Բունուչի,13․Դանիլո,25․Ադրիեն Ռաբյո,5․Միրալեմ Պյանիչ,30․Ռոդրիգո Բենտանկուր,7․Կրիշտիանու Ռոնալդու,10․Պաուլո Դիբալա,16․Խուան Կուադրադո։

Անտոնիո Կոնտեն, ի տարբերություն Սարիի, ավելի շատ մտածելու բան ունի։ Միլանյան ակումբից վնասվածքների պատճառով խաղին մասնակցել չեն կարողանա Վիկտոր Մոզեսն ու Ստեֆանո Սենսին, հարցականի տակ է նաեւ Կվադրո Ասամոայի մասնակցությունը։
Ի ուրախություն Կոնտեի, շարք է վերադարձել թիմի հիմնական դարպասապահ Սամիր Հանդանովիչը, ով կկարողանա մասնակցել այս խաղին։
Անտոնիո Կոնտեն ամենայն հավանականությամբ կընտրի հետեւյալ մեկնարկային կազմը․(3-5-2).1․Սամիր Հանդանովիչ,2․Դիեգո Գոդին,37․Միլան Շկրինար,6․Ստեֆան դե Վրիյ,34․Կրիստիանո Բիրագի,23․Նիկո Բարելա,24․Քրիստիան Էրիկսեն,77․Մարսելո Բրոզովիչ,15․Էշլի Յանգ,10․Լաուտարո Մարտինես,9․Ռոմելու Լուկակու։

Այս խաղը, իհարկե, պարունակում է բազմաթիվ ինտրիգներ, բայց չենք կարող չհիշել Կրիշտիանու Ռոնալդուին, ով այս խաղում գոլի հեղինակ դառնալու դեպքում կդառնա Իտալիայի առաջնությունների բացառիկ ռեկորդակիր։ Պորտուգալացին արդեն աչքի է ընկել Ա Սերիայի 11 խաղերում անընդմեջ ՝ կրկնելով Ֆաբիո Կուալյարելայի եւ Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը․ այս խաղում Կրիշտիանուի կողմից խփված մեկ գնդակը նրան կհավերժացնի իտալական ֆուտբոլի պատմության էջերում։

Այս դիմակայությւոնը էլ ավելի գեղեցիկ են դարձնում իտալական ֆուտբոլի ամենահանճարեղ մարզիչներից երկուսը ՝ Մաուրիցիո Սարին եւ Անտոնիո Կոնտեն։ Վերջինս արդեն սկսել է վերակառուցել «Ինտերը» եւ այս մրցաշրջանը Կոնտեի թիմի համար արդեն կարելի է ստացված համարել։ Այնպիսի աշխատանք, ինչպիսին Կոնտեն կատարել է «Ինտերում» հաշված ամիսների ընթացքում, կարող են կատարել միայն ու միայն հանճարները։ Արդեն նշել ենք, որ Մաուրիցիո Սարիի «Յուվենտուսը» բոլորիս պատկերացրած ֆուտբոլը դեռեւս չի ցուցադրում, բայց դա ժամանակի հարց է։ Եթե Կոնտեն ժամանաել է Միլան նոր թիմ կառուցելու հրահանգով եւ նպատակով, ապա նույնը Սարիի պարագայում ասել չենք կարող։ Սարին այստեղ է, որ կատարելագործի թուրինյան ակումբը ու այն տանի «կատարելության»։ Մաուրիցիոն այն մարզիչների թվին է պատկանում, որոնց «սովորելը» մի փոքր բարդ է եւ ժամանակատար, սակայն գոհացնող է արդյունքը, ինչն էլ ամենաշտն է հետաքրքրում Անդրեա Անյելիին եւ ակումբի մյուս ներկայացուցիչներին։ Իսկ վերջում հիշեցնենք, որ «Ինտերը» վերջին անգամ «Յուվենտուսին» հաղթել է 2016 թվականի սեպտեմբերին ՝ առավելության հասնելով 2։1 հաշվով։ Այս փաստը կարող է հավելյալ ճնշում լինել երկու թիմերի համար էլ։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս