ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել 2020 թվականի մարտի 13-ին կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի փետրվարի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 5 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է 4 դատավորի անուն՝ Անտոնյան Սուրեն Ռաֆիկի, Բարսեղյան Արտակ Հակոբի, Հակոբյան Գոռ Գագիկի, Միքայելյան Ստեփան Կարոյի: