Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կրքերը չեն հանդարտվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորականի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արեւիկ Բաղիրյանի եւ դպրոցի 22 տարվա տնօրեն Սիլվա Խոջայանի հակամարտությունը, թվում է, հանգուցալուծվեց. Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, իր դիմումի համաձայն, պաշտոնից ազատեց Սիլվա Խոջայանին, անվավեր համարեց տնօրենի կողմից Ա. Բաղիրյանին տված երկու նկատողությունները, Ա. Բաղիրյանին աշխատանքից ազատելու հրամանը։ Սակայն դրանից հետո էլ խնդիրը չլուծվեց։ Արեւիկ Բաղիրյանը հայտնեց, որ մարզպետի որոշումից հետո Զորականի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ազարյանի կողմից իրեն դասաժամեր այդպես էլ չեն տրամադրվել, ինքը հնարավորություն չի ունեցել դասեր պարապելու։ Իսկ Ա.Բաղիրյանն ասաց, որ ինքը մասնակցելու է 2020թ.ապրիլի 14-ին կայանալիք Զորականի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին։

Սիլվա Խոջայանը, որը ներկայումս Զորականի դպրոցում ուսուցիչ է աշխատում, նույնպես հայտնել է այդ մրցույթին մասնակցելու իր մտադրության մասին։ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի, սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը հայտնեց, որ Տավուշի մարզպետի որոշումով՝ Արեւիկ Բաղիրյանը վերականգնվել է աշխատանքում, սակայն խնդիր կա Ա.Բաղիրյանի եւ Զորականի դպրոցի ուսուցիչների հարաբերություններում, սակայն բոլորը պետք է հասկանան,որ պետք է գործեն օրենքի շրջանակներում:

Ամանորի շեմին՝ 2019 թ.դեկտեմբերի 30-ին՝ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բաղանիս գյուղ այցելության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին էին դիմել Բաղանիսի մի քանի բնակիչներ՝ ասելով, որ գյուղի բնակիչները ցանկանում են՝ իրենց համագյուղացին լինի Բաղանիսի դպրոցի տնօրեն, դժգոհել էին այդ դպրոցի տնօրենի թեկնածու Սիլվա Իսրայելյանի մասնագիտական որակներից:

Նիկոլ Փաշինյանը նրանց կտրուկ հակադարձել էր, որ պետք չէ տեղային հայրենասիրություն դրսեւորել, կարեւորն այն է, որ դպրոցի տնօրենի լինի իր գործի մասնագետը: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշել է մարտի 5-ից լուծել Բաղանիսի դպրոցի տնօրենի պաշտոնակատար Ալվարդ Բայրամյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ Բաղանիսի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մարտի 3-ին կայացած մրցույթին մասնակցել է 2 անձ, մրցույթում հաղթել է այդ դպրոցի ուսմասվար Սիլվա Իսրայելյանը, որը Բաղանիսի հարեւան Ոսկեվան գյուղի բնակիչ է։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել՝ Ս. Իսրայելյանին Բաղանիսի դպրոցի տնօրեն նշանակելու եւ նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին։  Բաղանիսում կրքերը կխաղաղվեն արդյոք՝ ցույց կտա ժամանակը։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս