Էջմիածնում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ համացանցում գույները թեժացված են: Այն, ինչ ներկայացվում է, իրականությանը չի համապատասխանում: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ հորդորել է հետևել պաշտոնական հաղորդագրություններին: Նա ներկայացրել է մանրամասներ Էջմիածնի բնակչի մոտ կորոնավիրուսի դեպքի հաստատման վերաբերյալ:
«Նախ ընդգծեմ, որ Էջմիածնի մեկ բնակչի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, այնինչ՝ խոսվում էր 3 անձի մասին: Նշվում էր, որ նրանք մասնակցել են հարսանիքի: Այդ ամենը սուտ է: Մենք ունենք ընդամենը մեկ վարակակիր, որը կիրակի օրը մասնակցել է նշանադրության: Երեկ նրա հետ շփման շրջանակը հստակեցվել է և փոխանցվել է Առողջապահության նախարարությանը: Նրա հետ սերտ շփում ունեցած անձանց տեղափոխում են մեկուսացման վայր, որպեսզի ստուգվեն: Մեկուսացման վայրի մասին թույլ տվեք առայժմ չասեմ»,-ասաց Դիանա Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ շտապօգնության, ոստիկանության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ վարակակիրը բուժում է անցնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Նրա վիճակը ծանր չէ, նա բժիշկների խիստ հսկողության տակ է:
Դիանա Գասպարյանն անդրադարձավ կրթական հաստատությունները փակելու քաղաքացիների դիտարկումներին: Նա նշեց, որ քաղաքապետարանը նման լիազորություն չունի: Կրթական հաստատությունների մի մասը մարզպետարանի, մի մասը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ են գործում: Ինչ վերաբերում է համայնքապատկան հաստատություններին, դրանք են սպորտ դպրոցը, երաժշտական, նկարչական դպրոցները, մանկապարտեզները, ապա այստեղ որոշումները տարբեր են:
«Վաղ առավոտից բոլոր մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերով, երեխաների թաթիկները պարբերաբար ախտահանվում են, հավատացնում եմ հիգիենիկ տեսանկյունից կանոնները խստագույնս պահվում են: Անձամբ իմ վերահսկողությունը շատ խիստ է: Այդ պատճառով մենք այս պահին մանկապարտեզները փակելու որոշում չունենք, սակայն դիտարկում ենք հաճախելիությունը»,-ասաց քաղաքապետը՝ ավելացնելով, որ կարգադրել է մեկ շաբաթով փակել միայն սպորտ դպրոցը: Հաշվի առնելով, որ Էջմիածնում մեկ դեպք կա, նաև մարտի 12-ի երեկոյան նախատեսված՝ ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ քարոզարշավային հանդիպումը Դիանա Գասպարյանը կհետաձգի: Հետագա օրերի վերաբերյալ կներկայացնի մանրամասներ:
Մեկ անգամ ևս հորդորում է խուճապի չմատնվել, հետևել պաշտոնական հաղորդագրություններին: