Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերումից հետո արդեն երկու անգամ դադարեցվել է ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Համընդհանուր տրամադրությունների ֆոնին հանրության մի հատված պահանջեց նաեւ մշակութային օջախների գործունեության դադարեցում։ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը, օրինակ, դեռ կորոնավիրուսի առաջին դեպքի հայտնաբերումից հետո ֆեյսբուքյան իր էջում կոչ արեց փակել Հայաստանի բոլոր թատրոնները: «Մենք փոքր երկիր ենք։ Տարածվելու դեպքում հետեւանքները կլինեն շատ ավելի ծանր»,-գրեց նա։
Դրանից հետո թեեւ թատրոնների այցելուները մեկը մյուսի ետեւից վերադարձրին տոմսերը, եւ նույնիսկ չեղարկվեցին որոշ ներկայացումներ, այդ թվում՝ պրեմիերաներ, թատրոնները շարունակեցին իրենց բնականոն աշխատանքը։
«Ի տարբերություն ուսումնական հաստատությունների՝ մշակութային հաստատությունները դեռեւս չեն փակվի: Այս ամենին զուգահեռ՝ մենք տեղեկություններ ունենք, որ մարդիկ չեղարկում են նախնական պայմանավորվածությունները՝ վերադարձնում են տոմսերը: Այս պահին թողել ենք այցելուների եւ հանդիսատեսի հայեցողությանը, որպեսզի իրենք որոշեն, այս շրջանում ցանկանում են այցելել մշակութային հաստատություններ, թե ոչ»,- դեռեւս օրեր առաջ հայտարարել էր ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը:
Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը վերջերս նույնիսկ հումորային մի հրապարակում արեց, որը լայնորեն տարածվեց հանրության շրջանում. «2020թ. մարտի 13-ից արգելել Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում միմյանց բարեւելուց համբուրվելը՝ պայմանավորված կորոնավիրուսի վարակվելու վտանգով։ Համբույրները կվերականգնվեն կորոնավիրուսի վտանգը իսպառ վերանալուց հետո։ Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ եւ կրկնակի եռանդով»։
Հումորը՝ հումոր, սակայն մշակութային գործիչները, կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, հիմա արդեն մեկը մյուսի ետեւից չեղարկում են նախապես պլանավորված միջոցառումները, այդ թվում՝ սթենդ-ափերն ու ներկայացումները։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս նախատեսված «Womens club» հումորային ակումբի ներկայացումը Փարիզում եւ Վաչե Թովմասյանի սթենդ-ափը Երեւանում ու Գյումրիում չեղարկվել են։ Բացի այդ, դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանը, երգահան Մարինա Թագակչյանը հայտարարեցին, որ չեղարկում են առաջիկայում իրենց մասնակցությամբ կայանալիք միջոցառումները։
Ի դեպ, մշակութային միջոցառումների չեղարկման միտում կա ամբողջ աշխարհում։ Դեռեւս փետրվարին չեղարկվել էր Վենետիկի կառնավալը, մոդելավորող Ջորջիո Արմանին որոշել էր իր ցուցադրությունը կազմակերպել առանց հանդիսատեսի։ Մարտի 13-ին էլ հայտնի դարձավ, որ երգերի ամերիկացի հեղինակ եւ կատարող Բոբ Դիլանի համերգային շրջագայությունը Ճապոնիայում չեղարկվել Է կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Երգիչը պլանավորում Էր Ճապոնիայի քաղաքներում համերգներով հանդես գալ ապրիլի 1-ից մինչեւ 24-ը: Շոուի կազմակերպիչները ներողություն են խնդրել միջոցառումների չեղարկման կապակցությամբ եւ խոստացել են ավելի ուշ հայտարարել դրանց անցկացման նոր հնարավոր ամսաթվի մասին:
Կորոնավիրուսը չշրջանցեց նաեւ հռչակավոր աստղերին։ Հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսը հայտնել է, որ ինքն ու կինը՝ Ռիտա Ուիլսոնը, հիվանդացել են կորոնավիրուսով: Տարածած հայտարարությամբ ամերիկացի դերասանը տեղեկացրել է, որ ինքնամեկուսացվելու որոշում են կայացրել: Հենքսն ու կինը գտնվում են Ավստրալիայում, որտեղ դերասանն աշխատում էր Էլվիս Փրեսլիի մասին ֆիլմի վրա:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
60-Ն ԱՆՑ ԱՄԵՆԱԿԱՆԱՑԻ ՀԱՅ ՀԱՅՏՆԻՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը կանանց միամսյակի կապակցությամբ ընթերցողներին է ներկայացնում հայ հայտնի կանանց մասին շարքեր: Այս անգամ անդրադառնում ենք 60-ն անց ամենականացի հայտնիներին, որոնք տարիների ընթացքում չեն կորցրել իրենց հմայքն ու փայլը: Ընդ որում, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին փայլի մասին է: Չէ՞ որ կինը գրավիչ է, երբ արտաքինը ներդաշնակ է ներքինի հետ:
Կարինե Խոդիկյան
Արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը տարիների ընթացքում չի կորցրել իր կանացի գրավչությունն ու փայլը: Նա մշտապես խնամված, հետաքրքիր տեսք ունի: Տիկին Խոդիկյանի պարագայում գործ ունենք գեղեցկության եւ ինտելեկտի հիանալի համատեղման հետ: Տիկին Խոդիկյանը աչքի է ընկնում նաեւ հասարակական, քաղաքական կյանքին իր ակտիվ մասնակցությամբ: Նա չի վարանում հայտնել իր տեսակետը, նույնիսկ եթե այն կարող է կծու լինել:
Լալա Մնացականյան
Հայաստանի վաստակավոր արտիստուհին միանշանակ բավականին երիտասարդ է երեւում իր տարիքից նաեւ հումորի, կենսուրախության եւ լավատեսության շնորհիվ: Դերասանուհին մշտապես սերտ հարաբերություններ ունի երիտասարդների, այդ թվում` իր ուսանողների հետ, ինչն էլ օգնում է ներքուստ երիտասարդ մնալ: Տիկին Մնացականյանը եւս` որպես կին եւ քաղաքացի, ակտիվորեն արձագանքում է հասարակական, քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձություններին: Նա կին մտավորականի լավ օրինակ է:
Շաքե Թուխմանյան
Հայաստանի վաստակավոր արտիստուհին կանացի առանձնակի գրավչությամբ է օժտված: Թատրոնում Էսթերին, Նատաշային, Իֆիգենիային, Ռոդային եւ այլ կերպարների մարմնավորած դերասանուհին շատ երիտասարդների համար կարող է կանացիության սիմվոլ դառնալ: Նրա հմայքը նաեւ շարժուձեւի եւ արտիստուհուն բնորոշ միմիկայի մեջ է:
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ՎԱՐԱԿՎԱԾ ՉԵՆ
Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վարակված չէ COVID-19 կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Պորտուգալացու կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել, ինչն էլ հանգիստ շունչ քաշելու հնարավորություն է տվել «Ծեր սինյորայի» ղեկավարությանը:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը այժմ Մադեյրայում է եւ դեռեւս չի վերադարձել Թուրին:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսում» կորոնավիրուսով է վարակվել թիմի իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին: Իտալական պարբերականների համաձայն՝ կորոնավիրուսի թեստը դրական է եղել նաեւ թուրինյան թիմի արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի մոտ, սակայն այս առիթով ակումբը պաշտոնական հայտարարությամբ դեռեւս հանդես չի եկել:
Ավելի ուշ իր պաշտոնական էջում Պաուլո Դիբալան հանդես է եկել հայտարարությամբ եւ հերքել տարածված լուրերը:«Ողջո՛ւյն բոլորին, ցանկանում եմ հաստատել՝ ես առողջ եմ։ Այժմ գտվում եմ ինքնամեկուսացման մեջ։ Շնորհակալ եմ բոլոր նամակների համար. հուսով եմ, որ լավ եք»,- գրել է արգենտինացի ֆուտբոլիստը։
ՌՈՆԱԼԴՈՒԻ ՈՒՂԵՐՁԸ
Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է վերջին իրադարձություններին եւ իր աջակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված մարդկանց.
«Աշխարհը գնում է դեպի բարդ ժամանակներ. այն պահանջում է առավելագույն հոգատարություն եւ ուշադրություն բոլորիցս։ Ես այժմ խոսում եմ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ հայր, զավակ եւ մարդ, ով անհանգստացած է վերջին զարգացումներով, որը ազդել է աշխարհի վրա։ Կարեւորն այն է, որ հետեւենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներին եւ կառավարվող մարմիններին, թե ինչպես վարվել ստեղծված իրավիճակում։ Մարդկային կյանքի պահպանումը ամեն ինչից է վեր։ Ես ցանկանում եմ իմ խոսքերն ուղղել նրանց, ովքեր այս ընթացքում կորցրել են իրենց հարազատ ինչ-որ մեկին։ Հայտնում եմ իմ աջակցությունը այն բոլոր մարդկանց, ովքեր պայքարում են տարածված վարակի դեմ, ինչպես իմ խաղընկեր Դանիելե Ռուգանին։ Ես իմ անվերապահ երախտիքն եմ հայտնում այն բուժաշխատողներին, ովքեր իրենց կյանքը վտանգում են հանուն ուրիշների»,- գրել է պորտուգալացի գերաստղը իր պաշտոնական էջում։
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ