Մարտի 17-ի ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 64 հաստատված դեպք: Հայաստանում նոր կորանավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ին: Այդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտնեց, որ փետրվարի 28-ին Թեհրան-Երեւան չվերթով ժամանած ուղեւորներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածություն:
Իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ վարակված ՀՀ քաղաքացին 29-ամյա տղամարդ է: Եվ այդ օրվանից մինչեւ այժմ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 64 դեպք: Դեպքերի մեծ մասը կապ ունեն մարտի 8-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած նշանադրության արարողության հետ, որից հետո մասնակիցները մեկուսացվել են եւ նրանցից շատերի մոտ կորոնավիրուս է հայտարարվել: Եվ ահա, ելնելով այս իրավիճակից կառավարության որոշմամբ երեկ հայտարարվեց արտակարգ դրություն:
Եվ արտակարգ դրություն հայտարարելու որոշումից հետո ArmLur.am-ն այսօր շրջել է Երեւանում եւ մի քանի համայնքներում՝ փորձելով պարզել՝ ինչ իրավիճակ է արտակարգ դրություն հայտարարելուց մեկ օր անց: Նկատենք, որ արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է մի քանի սահմանափակումներ: Օրինակ, արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը:
Եվ հանրային միջոցառումներ են 20 եւ ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետեւյալ միջոցառումները՝ կրոնական, ծիսական միջոցառումները, համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները եւ սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները, ժամանցային միջոցառումները. տոնական եւ հիշատակի միջոցառումները: Պարետի, այսինքն փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ցուցումով համայնքներում արգելվում է նաեւ հանրային սննդի օբյեկտների, առեւտրի եւ զվարճանքի կենտրոնների գործունեությունը:
Հ.Գ. Հավելենք, որ 18:00-ի դրությամբ արդեն հաստատվել է 72 դեպք:
Մանրամասները՝ տեսանյութում