«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս փետրվարի 20-ին գրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարանում գործող ատելության խոսքի դեմ պայքարի աշխատանքային խմբին նամակ է ուղարկել, որտեղ առաջարկներ են, ու միայն դրա ընդունումից է կախված ԲՀԿ-ի՝ այդ աշխատանքային խմբին միանալ-չմիանալու հարցը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանից պարզել դրա ճակատագիրը, վերջինս ասաց, որ նամակն ուղարկել են, պատասխան չկա: Իսկ ԱԺ իմքայլական պատգամավոր, աշխատանքային խմբի ղեկավար Սարգիս Խանդանյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, թե իրենք որեւէ նամակ չեն ստացել:
Հիշեցնենք, որ խորհրդարանում ստեղծված ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ փակ քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Շաքե Իսայանն ու Արման Աբովյանը հայտարարել էին, որ իրենք այդ պահին դադարեցնում են իրենց աշխատանքները խմբի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականները չեն ցանկանում աշխատանքային խմբի «սորոսականների» հետ մի սեղանի շուրջ նստել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին ԲՀԿ-ում փորձում են ելք գտնել աշխատանքային խմբի հետ վերջնական իրենց կապերը դադարեցնելու համար:
Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկվել էին 11 պատգամավորներ, որոնցից 7-ը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներն էին, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», իսկ 2 լուսավորական պատգամավորներ՝ Անի Սամսոնյանն ու Աննա Կոստանյանը,լքեցին աշխատանքային խումբը: Չնայած այն հանգամանքին, որ իմքայլականները շատ մեծ շուքով հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են պայքարել ատելության խոսքի դեմ, ու նման աշխատանքային խումբ ստեղծեցին, բայց ո՛չիրենք են աշխատում, ո՛չ էլ մյուս խմբակցությունների սրտով են գնում, որ կարողանան արդյունք ունենալ:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան