«ՊԱՀԱՊԱՆՆԵՐԸ» ԻՆՔՆԱԲՈ՞ՒԽ ԵՆ ԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մարտի 12-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդում տվեց հանցագործության մասին՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ սույն թվականի մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր եւ նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար: Երեկ պարզվեց՝ պատգամավորի դիմումը դատախազն ուղարկել է ՀՀ ոստիկանություն:

Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել էր, թե «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք քաղաքացուց պահանջել են պատասխան տալ իրա ասածների համար եւ սպառնացել, որ կտեսագրեն։ Տեսանյութում խմբի մասնակիցները նշում են նաեւ հետեւյալը. «ՀՀ վարչապետը երբեւիցե ոչ մի հրահանգ ոչ մեկին չի տվել, որ ինչ-որ մեկը վենդետաներ անի, բայց մենք, լինելով ՀՀ քաղաքացի եւ հարգելով մեր վարչապետին, գտնում ենք, որ նման արտահայտություններին պետք է արձագանքենք»։ Վերջում նրանք հավելում են՝ «այս պահը թող բոլորի համար դաս լինի», եւ պնդում, որ հանգիստ ամեն ինչ չէր վերջանալու, եթե քաղաքացին չենթարկվեր։ Ա. Սամսոնյանը հավելել էր, որ «Հեղափոխության պահապաններ» խումբն իր գործողություններով եւ կոչերով իրեն իրավունք է վերապահում պատժել բոլոր նրանց, որոնց վարքագիծը չի համապատասխանի իրենց պատկերացումներին։ Այսպիսով, խմբի անդամները ինքնակամ իրացնում են իրենց ենթադրյալ իրավունքները, որն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 322-ի հանցակազմի տարրեր՝ ինքնիրավչություն: Դիմումը ՀՀ գլխավոր դատախազն ուղարկել է ՀՀ ոստիկանություն: Երեկ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե իրենց իշխանությունները ինչ կապ ունեն «Հեղափոխության պահապաններ» խմբի հետ, եւ ինչու որեւէ քայլ չեն ձեռնարկում նրանց գործողությունները կանխելու համար:

-Պարո՛ն Հակոբյան, Դուք՝ որպես իշխանության ներկայացուցիչ, հեղափոխության մասնակից, ի՞նչ տեղեկություն ունեք «Հեղափոխության պահապաններ» խմբի ներկայացուցիչների վերաբերյալ, ովքե՞ր են իրենք եւ ի՞նչ կապ ունեն հեղափոխության հետ:

-Ես չեմ ճանաչում իրենցից ոչ մեկին, միայն ֆեյսբուքով իրենց գիտեմ, ինչ առնչություն ունեն կամ ինչ առնչություն են ունեցել՝ չգիտեմ, ամենայն հավանականությամբ համախոհ են եղել, մասնակցել են հեղափոխությանը, ինձ թվում է այդքանը, այլ տեղեկություն չունեմ:

-Բայց դա թո՞ւյլ է տալիս, որ հեղափոխության մասնակցած մարդիկ սպառնան այն քաղաքացիներին, որոնք դեմ կարտահայտվեն իշխանությունների վարած քաղաքականությանը:

-Միանշանակ որեւէ մեկին թույլ չի տալիս ոչինչ, որ մարդկանց ահաբեկեն:

-Իսկ Դուք՝ որպես իշխանություն, չե՞ք պատրաստվում քայլեր ձեռնարկել, որպեսզի մարդկանց չահաբեկեն նմանատիպ մարդիկ:

-Գործն արդեն ուղարկվել է ոստիկանություն, երկրորդ անգամ ինչ-որ բան անել, քայլ անել, չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար:

-Բայց ոստիկանություն գործն ուղարկվել է ընդդիմադիր պատգամավորի դիմումի հիման վրա, մինչեւ այս որեւէ քայլ չէի՞ք ձեռնարկել:

-Իրենք մի անգամ հավաք են արել, ասենք քաղաքացիներ են, իրենց իրավունքն է դա, արել են, ի՞նչ իմաստ ուներ՝ մենք հասկանայինք՝ իրենք ովքեր են, այդպես լիքը մարդ կարող է հավաքներ անել:

-Այդ անձինք ինչ-որ տեղեր են գնում, զանգեր են կատարում, սպառնալիքներ են հնչեցնում, Դուք նման տեղեկություններին նորմա՞լ եք վերաբերվում:

-Մի դեպք է հայտնի, համենայնդեպս ես ուրիշ դեպքի ծանոթ չեմ, այդ դեպքի համար էլ դիմում է եղել դատախազություն: Եթե կան էլի նման տեղեկություններ, ապա չեմ հասկանում, թե դա ինչու չի հրապարակվում. եթե կան տեղեկություններ, բացի այդ հայտնի դեպքից, ապա դրա մասին թող իրավապահներին տեղեկություն տան, հանրայնացնեն այդ տեղեկությունը, թող ասեն, որ այդ մարդիկ զանգել են այս մարդկանց, ահաբեկել են, սպառնացել են:

-Չե՞ք կարծում, որ այս անձանց պահվածքը նաեւ իշխանությունների վարկանիշի վրա է բացասաբար ազդում, ու դուք՝ իշխանության ներկայացուցիչներով անելիք ունեք այստեղ: Դրա մասին ընդդիմություն չէ, որ պետք է անհանգստանա, եթե պնդում եք, որ այդ անձինք իշխանությունների հորդորով չեն նման քայլերի գնում:

-Չեմ կարծում, որ սա իշխանությունների վարկանիշի վրա կանդրադառնա, նորից եմ կրկնում, որ մեծ հաշվով իշխանությունների հետ այդ մարդիկ կապ չունեն: Ուղղակի իրենք ֆեյսբուքում ունեն մի էջ, որի անունը «Հեղափոխության պահապաններ» է, իրենք իրենց տեսակետն են ներկայացնում:

-Բայց, ըստ Ձեզ, հեղափոխությանը ինչ-որ բա՞ն է սպառնում, որ նրանք քայլեր են ձեռնարկում դրա պահպանման համար:

-Դա այդ խումբը բացվել է այն ժամանակ, երբ շատ խոսվում էր հակահեղափոխության մասին, իրենք էլ՝ որպես ՀՀ քաղաքացիներ, որոշեցին նման ձեւով հակադարձեն այդ հակահեղափոխականներին: Իշխանությունը կարիք չունի ֆեյք էջեր ունենալու, ինչպես հայտարարում է ընդդիմությունը: Սա ռեալ մարդիկ են: Ինձ համար յուրաքանչյուր սպառնալիք դատապարտելի է, եթե գնում են մարդուն սպառնում են ինչ-որ բանում, դա ինձ համար դատապարտելի է, դա ում կողմից արված լինի: Սպառնալիքները ընդունելի չեն եւ դատապարտելի են:

-Իսկ ինչպե՞ս այս հարցը կհանգուցալուծի ոստիկանությունը: Ըստ Ձեզ՝ կլինե՞ն պատժվողներ:

-Չգիտեմ, ես որեւէ բան չեմ կարող ասել, հարցը իրավական ոլորտում է, ես ակնկալում եմ անաչառ քննություն:

 

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ, ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանություններն այս օրերին գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում են այն հարցը, թե ինչպես անեն ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության երկարացման կամ այն ապրիլի 14-ին ավարտված համարելու ուղղությամբ: Բանն այն է, որ արդեն հստակ է՝ ՀՀ մարզերում տարածվել է կորոնավիրուսը, ու արտակարգ դրությունը հանելով՝ մարզերը պարզապես կդառնան անվերահսկելի, ու վիրուսի տարածումը հնարավոր չի լինի կանխել:

Իշխանության ներկայացուցիչները տեղեկություններ են ստանում, որ արտակարգ դրության պայմաններում էլ դեռեւս մարզերում բնակիչները քեֆեր են անում, մեծ միջոցառումներ կազմակերպում, ինչի համար էլ իշխանությունը տարակուսում է արտակարգ դրությունը չերկարացնելու հարցում: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանություններին այս օրերին անհանգստացնում են հիմնականում Կոտայքի, Սյունիքի եւ Արմավիրի մարզերը, որտեղ վերահսկողությունը ավելի է ուժեղացվում: Պարզվում է, որ օրենսդիրների կողմից այդքան հապշտապ ընդունած տեղորոշման նախագիծն էլ դեռեւս իր արդյունքը չի տվել, ինչի համար իշխանությունները ելքեր են փնտրում կոնտակտավոր անձանց վերահսկելու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ՝ պարզելու համար, թե իրենք այս օրերին ինչ աշխատանքներ են իրականացնում եւ ինչ տեղեկություններ ունեն վիրուսի տարածման վերաբերյալ:

«Կանխարգելում, բնականաբար, իրականացվում է, բայց որեւիցե երկրում 100% կանխարգելում չի կարող լինել, որ դու ասես նման կանխարգելում եմ իրականացրել: Արվում է առավելագույնը, այն, ինչ հնարավոր է անել, արվում է, բայց այդ դեպքում էլ հնարավոր է հայտնաբերվի վարակակիր, որը, ասենք, տաս կամ հինգ օր առաջ շփում է ունեցել»,-հայտարարեց պատգամավորը: Մեր զրուցակիցը նշեց, որ այնպես չէ, որ մարզերում պակաս միջոցառումներ են իրականացվում, քան դա արվում է Երեւանի համար: Պատգամավորը նշեց նաեւ, որ այլ տեղեկատվություն ինքը չունի մարզերի իրավիճակի հետ կապված: «Այժմ բժիշկների վերապատրաստում է ընթանում ազգային ինստիտուտում, հավաքագրում են, վերապատրաստում են ու ուղարկում են կամ պահեստային են պահում, եթե կարիքը եղավ բժշկի փոխարինելու, որպեսզի փոխարինեն»,-եզրափակեց իմքայլականը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 

ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Առաջին դատական հայցը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Կարեն Կարապետյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն նոր փաստեր հաստատելու մասին դատական ակտ կայացնելուն եւ 11.03.2020թ. թվագրված եզրակացությունը, էթիկայի կանոնների խախտման բացակայության մասին նշում կատարելով, վերանայելուն պարտավորեցնել: Իսկ ի՞նչ  է արել Կարապետյանը, որ հայտնվել է հանձնաժողովի տեսադաշտում: 2019 թվականի դեկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ էր հարուցել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ էթիկայի կանոնների խախտման առիթով։ Համապատասխան դիմումը հանձնաժողովին ներկայացրել է փաստաբանների պալատի անդամ Վահագն Մնացականյանը։ Փաստաբանն իր պահանջի հիմքում դրել է Կարեն Կարապետյանի գրության մեջ օգտագործված հետեւյալ արտահայտությունները՝ «Ինչ վերաբերում է Ձեր բազմակետ եւ միեւնույն ժամանակ միաբովանդակ գրությամբ հայցված տեղեկատվության տրամադրմանը, ապա հասցնում ենք Ձեր տեղեկատվությանը», «հաշվետվություն» եւ «առաջարկություններ» մասերի բովանդակությունը բառացի ընթերցելու դեպքում (պարտադիր հաշվի առնելով տեքստում տեղ գտած «շուրջ» մակբայի, «կազմեր» եւ «դեպքում» բառերի նշանակությունը) կփարատվեն Ձեր գրությամբ նշված բոլոր մտահոգությունները», «հորդորում ենք Ձեզ, այսուհետ զերծ մնալ ՀՀ հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ մտացածին վերլուծություններից եւ հանրային շփման սովորույթներին ոչ հարիր հիմնազուրկ գնահատականներից», «առաջարկում ենք համապատասխան հիմնավոր եւ հոդաբաշխ պահանջով դիմել պատկան մարմիններին»: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ Կարեն Կարապետյանը դրսեւորել է պաշտոնին ոչ վայել վարքագիծ, չի պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված բարեկրթության եւ հարգալիրության սկզբունքները։

 

 

ՆՈՐ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է ստեղծել Հանրային խորհրդի համար ՀՀ վարչապետի աշխատակազմում առանձին ստորաբաժանում։ Այս առաջարկը նախարարությունը քննարկման է դրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման էլեկտրոնային e-draft.am հարթակում։ Ըստ այդմ՝ փոփոխություններ կկատարվեն «ՀՀ հանրային խորհրդի մասին» օրենքում։ Մեզ հայտնի դարձավ, որ նորաստեղծ ստորաբաժանումը կիրականացնի ՀԽ քարտուղարության գործառույթները։ Ըստ ԱՆ-ի՝ Սահմանադրության 161-րդ հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Իսկ «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  Հանրային խորհրդի գործունեությունն ապահովում է նրա քարտուղարությունը, որը վարչապետի աշխատակազմի գրասենյակ է: Այսինքն, «գրասենյակ» բառը կվերածվի «կառուցվածքային ստորաբաժանում» արտահայտության, քանի որ ՀԽ քարտուղարությունն իրականում գրասենյակի կարգավիճակ չունի։

 

 




Լրահոս