ԾԱՂԻԿԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ջերմային տնտեսությամբ զբաղվող գործարարները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Նրանք չեն կարողանում իրացնել իրենց ապրանքը՝ կրելով միլիոնների հասնող վնասներ։ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի շարք ջերմոցատերեր, որոնք զբաղվում են լոլիկի, կանաչու (ռեհան, կոտեմ, համեմ, սպանախ) եւ ծաղիկի մշակությամբ։

Նրանց պատմնելով՝ իրենք իրենց ջերմատները գազով են ջեռուցել, ունեն կուտակած պարտք սպառած գազի դիմաց եւ չկարողանալով ապրանքն իրացնել՝ միջոցներ չունեն գազի վարձը մարելու համար։ «Ջերմոցային ասոցացիա» ՀԿ ղեկավար Պողոս Գեւորգյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, մեծ ափսոսանքով նկատեց, որ այս ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում հայտնվել են հիմնականում ծաղկի մշակությամբ զբաղվող տնտեսվարողները։ «Սարսափելի է. ո՛չ կարողանում են իրացնել, ո՛չ էլ սպառած գազի վարձը վճարեն։ Ասել են՝ փողերը չտաք, գազն անջատելու ենք։ Օրինակ, Ոսկեվազում մի տնտեսվարող ծաղկի 4 հա վարդի ջեմատուն ունի, ապրանքն այս օրերին կտրում-թափում է։ Ծաղկի մի ջերմատուն էլ կա Արտաշատում՝ 5000 քմ , ասում են՝ կտրում-թափում ենք, եւ այս ընթացքում 100 հազար դոլարի վնաս ենք կրել։ Բանջարեղենի ջերմոցատերերն էլ վատ վիճակում են, ապրիլի կեսից պետք է արդեն լոլիկի բերք ստանան, բայց եթե հիմա գազով չջեռուցեն, ապա ապրանքը կփչանա, հիմա ցուրտ է եղանակը, իսկ լոլիկի համար 16 աստիճան ջերմություն պետք է ապահովեն։ Եթե չապահովեցին, ուրեմն վերջ, այս ձմռան ամիսների սպառած գազը գնում է, ինչպես ռուսներն են ասում՝ «ԽՏՑց տՏՊ ւՉՏրՑ»,- իրավիճակը ներկայացրեց Պողոս Գեւորգյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այս ջերմոցատերերը վարդը կարողանում էին իրացնել ե՛ւ ներքին, ե՛ւ դրսի շուկաներում։ Ըստ Պողոս Գեւորգյանի՝ վարդի մշակությամբ զբաղվող տնտեսվարողները այն կարողանում էին արտահանել Ռուսաստան, որտեղ վարդը մեծ սպառում է ունեցել։ Նշենք, որ վարդը Հայաստանից հիմնականում արտահանվել է օդային ճանապարհով։ «Չմոռանանք, որ բոլոր ջերմոցատերերն էլ վարկային մեծ պարտավորություններ ունեն. նրանք սովորաբար վարկով են սպառած գազի վարձը վճարում։ Կան նաեւ ջերմոցատերեր, որոնք աշխատողներ են ունեցել, եւ հիմա քանի որ չեն կարողանում ապրանքն իրացնել, հետեւաբար աշխատավարձ էլ չեն կարող վճարել»,- նկատեց «Ջերմոցային տնտեսություն» ՀԿ ղեկավար Պ. Գեւորգյանը։ Օրինակ, Գեղանիստ գյուղի բնակիչ Գեւորգ Կարապետյանն ունի մոտ 6000 քմ վարդի ու գերբերայի ջերմատուն, բայց այսօր չի կարողանում ապրանքն իրացնել։ Նա տասն օր առաջ մեծ քանակությամբ վարդ ու գերբերա է արտահանել Ռուսաստան, սակայն ապրանքը տեղ հասնելուց հետո թափվել է։ «Խնդիրը միայն իրացնելն է: Ապրանքը իրացնելու շուկա չկա. տեղականը չի գործում, իսկ արտահանելու մասին էլ խոսք չկա։ Ուղարկեցինք Ռուսաստան, հետո իմացանք, որ բոլոր ապրանքը թափվել է. զուգադիպեց, նրանց մոտ մեր ապրանքի՝ տեղ հասնելու օրը կարանտին սահմանվեց։ Ջերմոցն էլ գազով ենք ջեռուցում, ես այս պահին գազի քիչ պարտք ունեմ, մի կերպ կփակեմ, բայց մյուսների վիճակն է սարսափելի»,- ներկայացրեց ջերմոցատերը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ ինչ է անում ծաղիկները, եթե չի կարողանում վաճառել, Գեւորգ Կարապետյանն ասաց. «Նվիրում ենք ծաղիկները, տանում ենք գերեզմաններ, մահացածների հիշատակն ենք հարգում, թափում ենք… Դուք այստեղ լինեիք, Ձեզ էլ կնվիրեի, (ծիծաղում է-Ս.Հ.) կամ հյուրերին, ծանոթներին ենք տալիս։ Մարդու լացն է գալիս, երբ նայում ես ապրանքիդ ու չես կարողանում վաճառել»։

Ռեհան եւ նանա աճեցնող ջերմոցատերերը եւս խիստ մտահոգված են. ռեհանի եւ նանայի սպառման շուկան Ռուսաստանն է, բայց, ինչպես հայտնի է, ավելի քան մեկ շաբաթ է՝ ո՛չ ռեհան է արտահանվում եւ ո՛չ էլ նանա։ Սա դեռ ամենը չէ։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ջերմոցատերերը նշեցին նաեւ, որ թեեւ այս օրերին հնարավոր չի լինում ապրանքն իրացնել, բայց, սրան զուգահեռ, իրենք գումար են ծախսում՝ թունաքիմիկատ, պարարտանյութ ձեռք բերելու համար։ Չէ՞ որ, լինի ծաղիկ, լոլիկ, թե ռեհան, այն բուժման կարիք ունի։ Ի դեպ, նկատենք, որ նույն կարգավիճակում են նաեւ մանր ջերմոցատերերը, որոնք այս օրերին կանաչի են աճեցրել՝ կոտեմ, համեմ, սպանախ, մաղադանոս։ Նրանց մեծ մասը, չկարողանալով իրացնել կանաչին, թափում են կամ էլ եթե կարողանում են, ապա իրացնում են կոպեկներով՝ 20-30 դրամով, իսկ վերավաճառողներն էլ, առիթից օգտվելով, մի քանի անգամ եկամուտ են ստանում այն վաճառելով 100-120 դրամով։ «Ժողովուրդ» օրաթերթը ջերմոցատերերի մտահոգությունները փոխանցեց ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից փոխանցեցին, որ նախարար Տիգրան Խաչատրյանը եւս նամակ է ստացել ջերմոցատերերից։ «Եթե այդ տնտեսվարողները կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին ծրագրին համապատասխանում են, ապա այնտեղ կոնկրետ կետ կա, ըստ որի՝ ստացած միջոցը կարող են ուղղել կոմունալ ծախսերի վճարմանը, այդ թվում՝ գազին։ Առաջին ծրագրին պետք է ծանոթանան։ Իսկ իրացվելիության խնդիրը նախարարության մասնագետները քննարկում են ջերոմացատերերի, վերամշակող կազմակերպությունների, արտահանողների հետ»,- տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։ Տեղեկացնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման առաջին ծրագրով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առեւտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն առեւտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային եւ հարկային պատմություն:

Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին ՀՀ տարածքում գործող եւ լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման եւ տոկոսադրույքի սուբսիդավորման ձեւով: Օժանդակության նախատեսվող ձեւերով նպատակ է հետապնդվում լուծել.

– համաֆինանսավորում. վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաեւ տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:

– Վերաֆինանսավորում. վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաեւ տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:

– Սուբսիդավորում. վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

Օժանդակության ձեւերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետեւյալ ծախսերի իրականացման նպատակով.

– տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 հազար դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար,

– հումքի գնում կամ ներմուծում՝ պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, եւ տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ եւ համապատասխան արտադրական հզորություններ,

– հանրային ծառայությունների վճարումներ, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի եւ հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 մլն դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար։ Ասել է թե՝ վարկային աջակցություն։ Հուսանք՝ այս ծրագիրը է՛լ ավելի վատ վիճակում չի գցի տնտեսվարողին։

 

 

 

 

 

ԱՃ՝ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Պաշտոնապես այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում շինարարության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 5.8 տոկոսով ավելացել են: Բայց երբ ուսումնասիրում ենք հրապարակված տվյալների բացվածքը, ակնհայտ է դառնում, որ այդ ծավալների աճը տեղի է ունեցել դրսից Հայաստան եկած գումարների հաշվին, մասնավորապես՝ օտարերկյա ներդրողների, Ասիական զարգացման բանկի կողմից իրականացված շինարարության ծավալների հաշվին: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը նույնպես նվազել է 49.6 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնավոր հատվածի կողմից իրականացված շինարարության ծավալներն իրականում այս տարվա հունվար-փետրվարին կտրուկ աճել են: Երբ ասում ենք՝ մասնավոր հատվածի կողմից իրականացված, նկատի ունենք շինարարական ընկերությունների եւ բնակչության կողմից իրականացված շինարարություն: Օրինակ, բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են 49.6 տոկոսով։

Նյութերը՝  ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

 

 

 

 

7 ԱՆՑԱԿԵՏԵՐԻՑ ԵՐԵՔՆ ՈՒՆԵՆ ՀԵՌԱՀԱՐ ՋԵՐՄԱՉԱՓԵՐ

Կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակում իրավիճակը վերահսկելու ու Տավուշի մարզի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար այժմ Տավուշի մարզում գործում են թվով յոթ  անցակետեր Դիլիջան-Երեւան ավտոճանապարհին, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին, Դիլիջան-Գոշավտոճանապարհին, Նոյեմբերյանի տարածաշրջանի  խոշորացված Այրում համայնքում, Բերդի տարածաշրջանի Նավուր եւ Պառավաքար գյուղերում, Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղում։ Այդ անցակետերում ստուգում են բոլոր քաղաքացիներին, չափում են նրանց  ջերմությունը, գրանցում են քաղաքացիների տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, այցելության վայր, ավտոմեքենայի համարանիշները։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ  ներկայումս այդ յոթ անցակետերից միայն երեք անցակետերն են ապահովված հեռահար ջերմաչափերով, մյուս անցակետերը ջերմաչափերով կապահովվեն  այս շաբաթվա ընթացքում:

 

 

 

ՆԱԽԿԻՆ ԿՆՈՋԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԿԱՑՆՈՎ ՍՊԱՆԵԼ

Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Նիկոլայ  Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Անկախության թողոցի 7-րդ շենքի 1-ին եւ 2-րդ  հարկերի միջեւ գտնվող աստիճանահարթակի վրա վիճաբանել է իր նախկին կնոջ հետ եւ շուրջ 20 րոպե տեւողությամբ դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան  ուժեղ տառապանք։ Բացի այդ, Ն. Փիրումյանը 2019թ. նոյեմբերի 13-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, զանգահարել է իր նախկին կնոջը եւ տվել սպանության սպառնալիքներ՝ ասելով, որ կացնով կսպանի նրան։ Ն. Փիրումյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 119 հոդվածի 1-ին մասով («Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը») եւ 137 հոդվածի 1-ին մասով («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»)։ Նիկոլայ Փիրումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սույն քրեական գործով դատավարությունը 2020 թվականի ապրիլի 3-ից ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս