ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արդարադատության նախարարն ու ընկերները․ ովքեր են պաշտոններ ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Գասպարյանը, որը նախարար Ռուստամ Բադասյանի քավորն է։ Իսկ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնն է զբաղեցնում է Սուրեն Գալստյանը՝ նախարարի մանկության ընկերը։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Վերահսկողական ծառայության պետի համար մրցույթի մասին  հայտարարվել է փետրվարի 18-ին, թեստավորման փուլն անց է կացվել մարտի 19-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ մարտի 23-ին։ Ընդ որում, մրցույթի հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցը եղել է հենց Դավիթ Գասպարյանը: Իսկ թեստավորման, այսինքն գրավոր փուլը մինչ այդ 5 թեկնածու էր անցել։ Այսինքն,  բոլոր 5 թեկնածուները մասնակցել են նաև հարցազրույցի փուլին, սակայն նրանցից այդ փուլը հաղթահարել է միայն նախարարի քավորը՝ Դավիթ Գասպարյանը։

Պետական համակարգում մրցութային կարգով աշխատանքի անցած յուրաքանչյուր անձ էլ գիտի, որ բանավոր փուլը հաղթահարելու համար ԽԾԲ հայտնի սկզբունքն է ամենակարևորը և այս անգամ էլ չի բացառվում, որ այն կարող է մեծ դերակատարում ունենալ, որքան էլ երեկ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը պարզաբանել է, թե մրցութային հանձնաժողովներն են դրանք անցկացրել և նախարարի միջամտություն չի եղել։

Իսկ Սուրեն Գալստյանն այդ պաշտոնին նշանակվել է երեք օր առաջ՝ ապրիլի 23-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։ Թավշյա հեղափոխությունից հետո նա 2019-2020 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնականը, իսկ մինչ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնելը, Արդարադատության նախարարության առանձնացված կառուցվածքային ստորաբաժանման խորհրդականն էր։ Սակայն հետաքրքիր է, որ արդարադատության նախարարության կայքում տեղադրված Գալստյանի կենսագրության մեջ բացակայում է նաև Երևանի ավագանու անդամ լինելու հանգամանքը։

Սակայն նկատենք՝ առաջին անգամ չէ, որ արդարադատության նախարարի ընկերը պաշտոն է ստանձնում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշում Գլխավոր հարկադիր կատարող նշանակված Սերգեյ Մեղրյանը ևս նախարարի ընկերն է։ Ընդ որում, նա այդ պաշտոնին կարողացել էր նշանակվել միայն օրենքում փոփոխություն անելով, երբ թույլատրվել էր այդ պաշտոնը զբաղեցնել նաև գնդապետից ցածր կոչում ունեցողին։ Եվ ուշագրավ է նաև այն հանգամանը, որ Ռուստամ Բադասյանի մեկ այլ ընկերը՝ Էդուարդ Հովհաննիսյանը, պաշտոն է զբաղեցնում ՊԵԿ-ում։ Նա ՊԵԿ փոխնախագահի պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի հուլիսին։ Ընդ որում, Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում չէր հերքել, որ Բադասյանը կարող է դերակատարում ունեցած լինել իր նշանակման հարցում։«Ես չեմ թաքցնում Ռուստամ Բադասյանի հետ իմ ունեցած մտերիմ հարաբերությունները, մենք աշխատանքային գործընկերներ ենք եղել, իսկ դերակատարության մասով, գուցե պարոն Բադասյանն իր կարծիքը հայտնել է, չեմ բացառում», – ասել էր նա։

Իսկ ահա արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանն էլ Բադասյանի կուրսընկերն է։ Հանուն արդարության նկատենք, որ Դանիելյանը մինչ հեղափոխությունը աշխատել է նախագահի աշխատակազմում, արդարադատության նախարարությունում, Ազգային ժողովում, սակայն կարիերայի սրընթաց աճ ունեցավ միայն հեղափոխությունից հետո։ Նա 2018-ին նշանակվել է Տիգրան Ավինյանի օգնական, իսկ 2019 թվականին էլ՝ փոխնախարար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս