«Ադրբեջանը լիակատար իրավունք ունի բոլոր միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-այս մասին հայտարարել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
Այսպես Մամեդյարովն անդրադարձել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում քննարկվում է փուլային տարբերակը, և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե Հայաստանի համար այդ մոտեցումներն ընդունելի չեն։
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ մենք խաղաղության դիմաց տարածքներ տալու խնդիր չունենք։
«Հակառակորդի կողմից որևէ լարվածություն կամ կտրուկ գործողություններ չեմ տեսնում, իմ կարծիքով հիմա իրավիճակը սահմանին ավելի մեղմ է, քան նախկինում էր, և որևէ հարձակում , արկածախնդրություն հակառակորդի կողմից ոչ մի տրամաբանության մեջ չեմ տեսնում»,-նշեց իմքայլական պատգամավոր Վահե Ղալումյանը։
Լիդա Եղիազարյան