Սևանա լիճը ճահճացման վտանգի տակ  է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպաններն ահազանգում են. Սևանը հերթական անգամ կանգնած է մեծ վտանգի առջև: Պատճառը`  5 տարի ժամկետով լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի` լրացուցիչ 70 միլիոն խմ ջրի բացթողումների և Սևանը ձկնաբուծարանի վերածելու ծրագրերն են: Մասնագետները վստահեցնում են, որ այս  վերջին ծրագրի արդյունքում Սևան բաց կթողնվի 50 հազար տոննա արհեստական կեր ազոտի, ֆոսֆորային և այլ քիմիական խառնուրդների տեսքով, ինչը կհանգեցնի լճի աղտոտմանն ու ճահճացմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը հունվարի 30–ին հավանության է արժանացրել «Սևանի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համաձայն` մինչև 2019 թ. ոռոգման նպատակներով կավելացվեն Սևանա լճից ջրի բացթողումները: Լճից ջրբացթողումը  ներկա 170 մլն խորանարդ մետրից նախատեսվում է հասցնել  տարեկան 240 մլն խորանարդ մետրի:

Այս կապակցությամբ  բնապահպաններն օրեր առաջ բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, պահանջելով` թույլ չտալ Սևանա լճից ջրի բացթողնման ծավալի ավելացում: Բացի այս, բնապահպանական հարցերով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպություններ հավաքել են ավելի քան 1000 էլեկտրոնային ստորագրություն: Առայժմ ՀՀ նախագահի նստավայրից արձագանք չի եղել:

Նշենք, որ  առաջիկայում լճում նախատեսվում է կառուցել նաև 74 ձկնաբուծական ֆերմա, որոնք ամեն տարի Սևան բաց կթողնեն 50 հազար տոննա արհեստական կեր ազոտի, ֆոսֆորային և այլ  քիմիական խառնուրդների տեսքով: Այս խնդրի շուրջ բնապահպանները ևս մտահոգված են, քանի որ նրանց կարծիքով՝  դա կհանգեցնի լճի աղտոտմանն ու ճահճացմանը:

Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակում բնապահպանները պահանջել են արգելել նաև ձկնաբուծական ֆերմաների կառուցումը: Հակառակ դեպքում, կխախտվի «Սևանա լճի մասին օրենքի» 10–րդ հոդվածը, ըստ որի` լճում արգելվում է ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն, որը վնասակար ազդեցություն է ունենում լճի էկոհամակարգի վրա:

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մտահոգվեց` նշելով, որ ձկնաբուծության ծրագիրն իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր` հատկապես  օրգանական նյութերով լճի հատակի աղտոտման հետ կապված: Եվ ջրի բացթողումն այս պահի դրությամբ անթույլատրելի է:  «Սևանում արհեստական կերերի նման մեծ ծավալների ամենամյա ավելացումը բացասական ազդեցություն կունենա լճի ջրի թափանցիկության վրա, ինչն այս պահին կազմում է մոտ 10–10,5 մ»,- տեղեկացրեց մասնագետը:

Նրա  խոսքով՝ լճում ձկնաբուծական ֆերմաներ կառուցելու նածագիծը կարող է ունենալ և դրական, և բացասական հետևանքներ:

«Մեծ ռիսկեր կան: Նախագծի հեղինակները պնդում են, որ ծրագիրը էտապային է  լինելու: Այս առումով լավ է, քանի որ ցանկացած փուլում կարող են կանգ առնել: Խնդիրն այն է, սակայն, որ  էտապային տարբերակով ծրագիրն իրագործելու ընթացքում ժամանակ առ ժամանակ տվյալները պետք է հասանելի լինեն մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան վերլուծել: Բոլոր դեպքերում, պետք է հորդորել, պահանջել, խնդրել, որ ծրագիրը զգուշորեն իրագործեն` ռիսկերը նվազեցնելու նպատակով»,- խորհուրդ տվեց մեր զրուցակիցը:

Այդուհանդերձ` նա  թերահավատորեն է վերաբերվում ծրագրի իրագործմանը, քանի որ վստահ է, որ մեր երկրում շատ է պատահում, երբ  իշխանությունների հայտարարություններն ու քայլերը չեն համապատասխանում:

«Հնարավոր է, որ դա շատ օգտակար էլ լինի: Այսօր Սևանը փրկելու երեք գործողություն կա. նախ՝ պետք է ջրի մակարդակն անընդհատ բարձրացնել, հետո` ջրածածկ անտառը  մաքրել և Սևանում պետք է լինի ձուկ: Իսկ այսօր ստեղծվել է մի պատկեր, երբ կեր շատ կա, բայց ձուկ չկա: Ինչն էլ լճում առաջացնելու է ճահճացում: Ես ամեն դեպքում այս պահին չեմ կարող ասել, թե ինչ հետևանք կունենա այս ծրագրի իրագործումը, բայց մի բան պարզ է. եթե վատ լինի, բնականաբար, լիճը կկործանվի, եթե լավ լինի` հնարավոր է, որ լճին այն չափով վնաս չհասցվի, ինչից մենք վախենում ենք ու մտահոգվում»,- ներկայացրեց Մինասյանը:

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ ներկայիս տեխնոլոգիական հնարավորությհունների պայմաններում   նախագծի հեղինակները պետք է բոլոր ռիսկերը  հաշվեին, մոդելավորեին մի քանի սցենարներ և  ներկայացնեին հանրության և մասնագետների դատին, ինչը, սակայն, չի արվել:

Իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը վստահ է. եթե անհրաժեշտ նորմերը չպահպանվեն, ապա, իհարկե, նախագիծը բացասական հետևանք կունենա:

«Մեր համաձայնությունն ի՞նչ կարող է անել, դա պետք է մասնագետները որոշեն: Դա ցանկության խնդիր չէ, պետք է մոնիթորինգ արվի, որի ընթացքում կերևան դրա լավ ու վատ կողմերը: Սա ունի իր և դրական, և բացասական կողմերը: Այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող հստակ գնահատական տալ»,- նշեց Գնդոյանը:

Հ.Գ. Հավելենք, որ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում, որին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանը կոչ արեց ակադեմիային արգելել Սևանի ջրի բացթողումը:

Սակայն ակադեմիկոսի մտահոգությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե դուք համարում եք՝ ամեն տարի նույն խնդրով ուսումնասիրություն պետք է անենք՝ անենք, բայց արվել է, որը հիմք է ընդունվել, նախատեսվել են ֆինանսական միջոցներ և այն ծրագրով ընթանում է, դեռ այդ ծրագրից էլ առաջ ենք անցել:  Եթե բնակլիմայական պայմանների պատճառով ջուր է բաց թողնվում, ի՞նչ եք առաջարկում, որ Արարատյան դաշտը թողնենք չորանա՞, որ բերք չլինի՞, ինչ է թե՝ ավելցուկից օգտագործում ենք: Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ընդհանրապես, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա»:

ՍՅՈՒՆԷ  ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս