Գեղարոտ գետը կանգնած է մեծ վտանգի առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի բնակիչներն ահազանգում են. նրանց պնդմամբ` մարզի հինգ գյուղերը սնուցող Գեղարոտ գետի ջուրը, որը դուրս է գալիս վերջին տարիներին  կառուցված երկու փոքր հիդրոէլեկտրակայաններից, աղտոտված է: Արդյունքում` գյուղացիների  վարելահողը զրկվել է ոռոգման հնարավորությունից, քանի որ այստեղ ոռոգման միակ աղբյուրը  Գեղարոտ գետն է: Արագած համայնքի բնակիչների խոսքով՝ անգամ կենդանիներն են հրաժարվում գետի ջուրը խմել: Եվ չնայած այդ ամենին` առաջիկայում նախատեսվում է գետի վրա կառուցել նոր հէկ-եր:

Գեղարոտ գետը սկիզբ է առնում Արագած լեռան արևելյան լանջերից:  Սակայն գետի վրա կառուցված և շահագործվող հիդրոէլեկտրակայանները բնապահպանական չարիք են դարձել տեղացիների համար: Բանն այն է, որ հէկ-երի օգտագործված ջուրը  ծծմբի մեծ պարունակությամբ լցվում է Գեղարոտ գետը և հոսում մարզի հինգ համայնքներով: Այն մեծ վտանգ է ներկայացնում  մարդկանց առողջությանը՝  մասնավորապես տեսողությանը: Բնակիչների պնդմամբ` ծծումբը ջրի մեջ հայտնվել է Սպիտակի երկրաշարժից հետո, դրանից առաջ մարդիկ գետի ջուրն օգտագործել են որպես խմելու ջուր:

Նշենք, որ Գեղարոտ գետի վրա կառուցված են` «Արագած-1» ՓՀԷԿ-ը,  որի դերիվացիայի երկարությունը կազմում է 2350 մ, և  «Գեղարոտ» ՓՀԷԿ-ը, որի դերիվացիայի երկարությունն է 4640 մ, ինչն էլ կազմում է գետի շուրջ 30%-ը:  «Էկոլուր»-ի «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա ճգնաժամային վիճակ է ստեղծել գետի համար:

Սակայն, չնայած արդեն իսկ առկա ճգնաժամային վիճակին, գետի վրա նախատեսվում է կառուցել ևս երկու նոր հէկ: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից  Գեղարոտ գետի վրա լիցենզիա է տրված հետևյալ ՓՀԷԿ-երի կառուցման համար` «Ալպիական 1» ՓՀԷԿ,  որի դերիվացիայի երկարությունը կազմում է 3300 մետր և  «Լուսարփի» ՀԷԿ, որի դերիվացիայի երկարությունն է 1120 մետր:

Այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում գետը խողովակի մեջ կվերցվի 11410 մետր երկարությամբ գումարային տարածքում, որը կազմում է գետի 45.64%-ը: Այս դեպքում «Էկոլոգիական ռիսկերի գնահատման մոդել»-ի համաձայն` դա աղետ կլինի Գեղարոտ գետի համար: Տեղեկացնենք, որ Արագածն արդեն երկու ամիս է, ինչ համայնքի ղեկավար չունի: Նախկին գյուղապետ Գագիկ Պողոսյանին ժամանակավորապես փոխարինում է նրա տեղեկալ Սպարտակ Բեբությանը: Նշենք, որ առաջիկայում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ, որին իր թեկնածությունն է առաջադրել նաև Սպարտակ Բեբությանը:

Ի դեպ, գյուղում խոսակցություններ են պտտվում  այն մասին, որ երրորդ՝ նոր կառուցվող հէկ-ի սեփականատերը Արագած համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Բեբությանի եղբայրն է՝ Վալեր Բեբությանը:  Սակայն վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ ինքն ընդամենը երրորդ՝ կառուցվող հէկ-ի նախագծի հեղինակն է:  Նա հավաստիացրեց, որ գետի ջուրը ժամանակ առ ժամանակ ենթարկվում է փորձաքննության:

Նրա խոսքով, հէկ-երի առկայությունը վատ չի անդրադառնում օգտագործվող ջրի վրա: Ավելին` Բեբությանը վստահեցրեց . ՙԱղտոտվածություն կա, բայց այն կապ չունի հէկ-երի գործունեության հետ: Հասկանալու համար, թե այդ աղտոտվածությունը որտեղից է, պետք է լուրջ հետազոտություն անել: Սրա հոտը ուրիշ տեղից է գալիս, այս թեման շահարկում են ու կապում համայնքապետի ընտրությունների հետ»:

Իսկ ՓՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանն, անդրադառնալով Արագածի բնակիչների մտահոգությանը, հայտարարեց. «Հիդրոկայանները պատմության մեջ երբևիցե չեն կարող ջուրն աղտոտել: Ոչ մի գետի ջուր չի աղտոտվում: Անգամ խմելու ջուրը, որն անցկացվում է խողովակների միջով, ինքը որակական փոփոխություն չի կրում»:

«Ժողովուրդ»-ը համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Լևոն Գալստյանից հետաքրքրվեց, թե  ահազանգող գյուղացիներին օգնելու համար ինչ քայլեր են ձեռնարկվում. «Դեռևս մենք ոչինչ չենք ձեռնարկել, որովհետև պետք է նախ պարզենք, թե խնդիրն ինչումն է, այնուհետև` հասկանանք ինչ անենք: Քանի որ Գեղարոտ գետն ինքն ըստ էության շատ հետաքրքիր է ու տարբերվող: Ավելին` Հայաստանում այդպիսի գետ չկա, որի ջրի գույնը փոփոխական լինի: Պետք է հասկանալ, թե գետի ակունքում ինչ բաղադրություն կա, և ինչ ունի հէկ-երից հետո,  կամ այդ փոփոխությունը հէկ-երի՞ հետ է կապված, թե՞ ոչ»:

Բնապահպանի համոզմամբ՝ հէկ-երը ոչ թե աղտոտում են, այլ հնարավոր է` փոխեն ջրի բաղադրությունը, ջերմաստիճանը, ֆիզիկական կազմը:«ՙԳուցե հէկ-ի խողովակներն են անորակ, ինչի պատճառով ինչ-որ բան է խառնվում ջրի հետ: Հիմա ինչ-որ հստակ կարծիք ասել այս առումով սխալ կլինի, դրա համար պետք է լուրջ ուսումնասիրություն անել,»- ասաց մեր զրուցակիցը` ընդգծելով, որ նախևառաջ այս խնդրով պետք է զբաղվեն համապատասխան պետական մարմինները:

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանում գործող ավելի քան 150 հէկ-երից 120–ը կառուցված են գետերի վրա, իսկ մնացածը` ջրագծերի: Բնապահպանը վստահ է, որ փոքր հէկ-երի կառուցման համար տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների մեջ իսպառ բացակայում է էկոհամակարգային մոտեցումը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս