«Սուպերտաղանդ»-ը ցնցած հայ մասնակցին չգնահատեցին հայրենիքում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս համացանցը պայթեցրեց գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյանի ցնցող ելույթը գերմանական «Սուպերտաղանդ 2014» նախագծի շրջանակներում: «Ժողովուրդը» զրուցել է օպերային երգչի հետ, ով բնակություն է հաստատել Գերմանիայում: Նշենք, որ նա Բեռլինում է բուժման նպատակով: Արդեն մի քանի տարի է, ինչ Արտակը գամված է հաշմանդամի սայլակին: Հայաստանում՝ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած համերգներից մեկի փորձի ժամանակ ծանր լուսարձակը պոկվել ու շարժվել էր երեխաների ուղղությամբ: Երգիչը մարմնով պաշտպանել էր երեխաներին՝ ստանալով ծանր վնասվածք:

-Ձեր բուժման գործընթացն ի՞նչ փուլում է, առաջընթաց կա՞:

-Կարելի է ասել, որ բուժումս ընթացիկ փուլում է, այն ուղեկցվում է պրոգրեսիվ աշխատանքներով, վարժություններով, նորացվող մեթոդներով եւ սարքավորումներով: Ֆիզիոթերապեւտների օգնությամբ առաջ եմ շարժվում:

-Բեռլինում այժմ ինչո՞վ եք զբաղված, որքանով տեղյակ եմ՝ նաեւ դասավանդում եք:

-Տեղի հայկական դպրոցում շարունակում եմ երեխաների հետ աշխատել, նրանց ծանոթացնել մեր հայ մշակույթին: Բացի այդ՝ երգում եմ Հայ Առաքելական եկեղեցիում, ղեկավարում եմ այնտեղի փոքրիկ երգչախումբը: Բեռլինի հայ եւ եվրոպացի մասնագետների ասոցիացիայի մշակույթի բաժնի պատասխանատուն եմ եւ վարչության անդամը: Դասավանդելու համար նախնական առաջարկ եմ ստացել Բեռլինի կոնսերվատորիայից, այն սիրով ընդունել եմ: Ինձ առաջարկեցին Կոմիտասի երգերի եւ երգեցողության մաստեր կուրսեր անցկացնել, հիմա պայմանների հետ կապված քննարկումներ են տարվում:

– Այնպիսի տպավորություն է, որ դժբախտ պատահարից հետո հայրենիքում Ձեր հանդեպ Ձեր վաստակին համարժեք վերաբերմունքի չարժանացաք …

-Հիշում եմ, որ երբ Հայաստանում էի, որպես առաջին կարգի հաշմանդամ, ստանում էի 16 հազար դրամ, իսկ ֆիզիոթերապեւտը մեկ ժամվա համար պահանջում էր 5.000 դրամ: Եվ եթե չլիներ բարերար Հարութ Խաչատուրյանը, չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ: Ես կուզենայի, որ իմ երկիրը հոգար գոնե մինիմալ խնդիրները, առաջնահերթ՝ իմ օթեւանի հարցը, որը ես մինչ օրս չունեմ: Իսկ, ահա, Գերմանիայում ունեմ բժշկական ապահովագրություն եւ շատ անհրաժեշտ պարագաներ ստանում եմ անվճար: Բացի այդ՝ Բեռլինն ինձ եւ ընտանիքիս տրամադրել է բնակարան՝ բոլոր հարմարություններով:

-Այդտեղից հետեւո՞ւմ եք հայաստանյան մշակութային կյանքին, ներքին իրավիճակին: Ի՞նչ հիմնական մտահոգություններ ունեք որպես արտիստ եւ որպես քաղաքացի:

-Անշուշտ, հետեւում եմ: Մտահոգիչ է մեր օպերային թատրոնում տիրող ներքին լարվածությունը: Այդ տեղը ես համարել եմ բարձրագույն ինտելեգենցիայի օջախը, որտեղ բոլորը պետք է լինեն մի գծի վրա, եւ ոչինչ չպետք է խանգարի այդ բարձրարժեք մշակույթի ներկայացուցիչների գործունեությանը: Բայց արի ու տես, որ այնտեղ էլ է ներխուժել «առեւտուրը», նախանձը, չուզողությունը, շահը… Իսկ որպես քաղաքացի՝ ինձ շատ է մտահոգում արտագաղթի խնդիրը: Օր օրի երկիրը դատարկվում է, եւ ահավորն այն է, որ դրան ոգեւորությամբ հետեւում են մեր թշնամիները: Սոված գայլերի նման սպասում են, որ գնալով դատարկվենք, թուլանանք, ու մեզ խժռեն: Իսկ մենք գրեթե ոչինչ չենք ձեռնարկում այդ ամենը կանխելու համար: Իրավիճակից ելքը տեսնում եմ համախմբվածության եւ պայքարի ընդհանուր մեխանիզմ մշակելու մեջ:

Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք մասնակցել Գերմանիայի «Սուպերտաղանդ» մրցույթին, Ձեր ելույթը մեծ արձագանք է ունեցել Հայաստանում, գիտե՞ք:

-Հավատացեք՝ ահագին երկար եմ մտածել, մինչեւ որոշել եմ այս նախագծին մասնակցել, քանի որ դա իմ ասպարեզը չէ. ես պրոֆեսիոնալ օպերային երգիչ եմ, ու ինձ պետք է դատեին մոդելը, դիզայները, փոփ երգիչը…Հասկանո՞ւմ եք՝ դա մեծ պատնեշ էր… Ջերմ խոսքերի, գնահատականի համար բոլորին իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում: Շնորհակալ եմ նաեւ «Սուպերտաղանդ»-ի կազմակերպիչներին՝ ինձ ընձեռած հնարավորության համար:

-Ձեզ երբեւէ հայրենիք վերադարձնելու փորձեր արվե՞լ են օպերայի եւ բալետի թատրոնի, մշակույթի նախարարության կողմից: Ե՞րբ սպասենք Ձեր վերադարձին հարազատ թատրոն:

-Եթե «հայրենիք վերադարձնելու փորձեր» ասելով՝ նկատի ունեք հայրենիքում ապրելու հանգամանքը, ապա՝ ոչ: Բայց ՀՀ մշակույթի նախարարն ինձ առաջարկել է մասնակցություն ունենալ օպերային թատրոնի ընթացիկ համերգներին, ես սիրով համաձայնել եմ: Իսկ վերջերս թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի հետ նախնական պայմանավորվեցինք մոտ ժամանակներս կազմակերպել իմ մենահամերգը Հայաստանում: Հուսով եմ՝ ձեզ շատ չեմ սպասեցնի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս