Կամուրջ՝ աշխատանք փնտրողի և գործատուի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հրազդանում, Չարենցավանում և Կոտայքի մարզի 7 գյուղական համայնքներում իրականացրել է «Կամուրջ» ծրագիրը, որի նպատակն էր սեմինար-պարապմունքների միջոցով մարզաբնակ երիտասարդության զբաղվածության խնդրի լուծման նպատակով ստեղծել համապատասխան կամուրջ աշխատանք փնտրողի և գործատուի միջև:

Ծրագրի ղեկավար Անահիտ Գաբրիելյանը նշում է, որ ըստ «Քաղաքացիական ակադեմիա կենտրոն» ՀԿ-ի հետազոտության, գյուղաբնակ երիտասարդների հիմնական մասը տեղյակ չէ իր իսկ համայնքում կամ մոտակա տարածքում առկա թափուր աշխատատեղերի, զբաղվածության կենտրոնների աշխատանքերի և տվյալների բազայի մասին, չեն վստահում աշխատանքի ընդունման հայտարարություններին, կադրերի կենտրոններին: Միևնույն ժամանակ կան ոչ պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց, Կոտայքի տարածաշրջանում առկա են բազմաթիվ աշխատատեղեր, որոնք երբեմն լրացվում են մայրաքաղաքից եկած կադրերով: Ըստ Կոտայքի մարզպետարանի կրթության բաժնի տվյալների՝ Հրազդան քաղաքում և հարակից գյուղերում տարվա կտրվածքով բուհ և միջին մասնագիտական կրթական հաստատություններ ավարտում է շուրջ 800 ուսանող: Նրանց շատ փոքր մասն է աշխատանք կարողանում գտնել, և երիտասարդների մեծ մասն աշխատանք փնտրելու նպատակով բռնում է արտերկրի կամ լավագույն դեպքում՝ Երևանի ճանապարհը:

Անահիտ Գաբրիելյանը, խոսելով երիտասարդների հետ աշխատանքի փորձից, նշում է, որ վերջիններս ամբողջովին անտեղյակ են աշխատանք փնտրելու գործընթացից։ Ընդ որում, երիտասարդների մեծ մասը թերահավատությամբ է վերաբերվում աշխատանք գտնելու հնարավորությանը։ Սեմինարների ընթացքում երիտասարդները հանդիպել են նաև գործատուների հետ, ինչի արդյունքում 8 երիտասարդ գտել է աշխատանք։ Առաջիկայում ևս 10-12-ը կընդունվեն աշխատանքի։

«Երիտասարդների հետ աշխատանքի ընթացքում նկատվել է նաև սեփական անձի մասին բարձր գնահատականը։ Աշխատաշուկայի պահանջներն այսօր բավականին բարձր են, և շատ երիտասարդներ մտադրություն չունեն զբաղվելու մասնագիտական որակավորումները բարձրացնելու, վերապատրաստվելու ուղղությամբ»,- նշում է ծրագրի ղեկավարը։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են Հրազադանի տարածաշրջանի գործատուները, որոնք ծանոթացրել են այցելու երիտասարդներին իրենց մոտ եղած թափուր աշխատատեղերին, արտադրությանը: Գործատուների հետ աշխատանքի արդյունքում հավաքած տեղեկատվության հիման վրա ստեղծվել է նաև գրքույկ-ուղեցույց, որը բաժանվել է աշխատանք փնտրող երիտասարդներին։

«Կամուրջ» ծրագրի շրջանակներում պատրաստվել է http://youthpro.am կայքը, որտեղ տեղադրվում են հայտարարություններ Կոտայքում առկա թափուր աշխատատեղերի, հիմնարկ-ձեռնարկությունների մասին, զետեղվում են աշխատանք փնտրողների ինքնակենսագրությունները, անհրաժեշտ այլ նյութեր։

«Կամուրջ» ծրագիրն իրականացվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս