Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը կայացավ. հաշտությունը սարերի հետևում չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն ավելի վաղ գրել էր, որ երեկ Հայաստան է ժամանել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվաբնակ Սամվել Կարապետյանը, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Երեկ գիշեր միմյանց են հանդիպել Ծառուկյանն ու Կարապետյանը, որոնց է միացել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. վերջինիս անունը դեռ ճշտվում է: Զրուցել են իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Կարապետյանն ասել է, թե ինչ և ինչպես անել, որպեսզի և՛ գառները ողջ մնան, և՛գայլերը կուշտ լինեն: Մեզ հայտնի էր դարձել նաև, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին, երկար զրուցել նրա հետ, բացատրել, որ շատ հարցերում ոչ թե Ծառուկյանն է մեղավոր, այլ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գծագրել է ողջ սցենարը:

Եվ ահա, քիչ առաջ Armlur.am-ին  լուրեր հասան, որ, այսպես կոչված, բանակցությունները հանգեցրել են նրան, որ տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ըստ մեր տեղեկությունների՝ զույգն առանձնազրույցի արդյունքում եկել է ընդհանուր հայտարարի:

Մեզ հասած տեղեկություններով՝ Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման քաղաքական միջնորդի դերը ստանձնել է Հայ հեղափոխական դաշնակցությունը: Որպեսզի և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն իրենց թիմերով նահանջի ճանապարհին խայտառակ չլինեն, ՀՅԴ-ն որոշել է բարձրացնել խաղաղության դրոշը:

«Այդ մարդիկ պետք է հաշտվեն, չհաշտվելը նշանակում է պատերազմ: Երկու մարդու հետևում կանգնած ուժերն իրար ինչ ասես ասեցին` էլ գող փիսո, էլ քաչալ շուն: Այսօր արդեն Դաշնակցությունն աշխատում է հաշտեցնել երկուսին: Մենք մեր կոնտակտներն օգտագործում ենք, հիմա ես չեմ ուզում շատ բաներ հրապարակել, որովհետև, Աստված տա, հաջողվի»,-A1plus.am-ի հետ զրույցում ասել է Արմեն Ռուստամյանը:

Այսպիսով՝ ՀՅԴ-ն միանգամից երկու հարց է լուծում՝ և՛ մտնում է իշխող կոալիցիայի մեջ, կամ այլ ֆորմատով սերտ համագործակցում է իշխանության հետ, և՛ հանդես է գալիս հերոսի կերպարով, որը կանխեց արնահեղությունը:  Հիշո՞ւմ ե ք ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ ԱԱԽՔ պաշտոնը ստանձնեց և դարձավ Սերժ Սարգսյանի թիմակիցը՝ արնահեղությունը կանխելու համար:




Լրահոս