ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագ, ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան գողության գործը մտավ դատարան։
Եվ այսպես, հափշտակության գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել Արթուր Վոլոդյայի Պապյանը։ Եվ այսպես, նախաքննական մարմինը Արթուր Վոլոդյայի Պապյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2023 թվականից սկսած պարբերաբար շինարարական աշխատանքներ է կատարել Հրաչյա Վաչիկի Հակոբյանին պատկանող՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի 130-րդ թաղամասի 36-րդ առանձնատանը, որպիսի պայմաններում իր մոտ ունեցել է նշված առանձնատան դարպասի բանալին և Հրաչյա Հակոբյանի թույլտվությամբ շինարարական աշխատանքներ կատարելու համար մուտք է գործել տանը կից հողամաս, իսկ մեկ դեպքում, կրկին Հրաչյա Հակոբյանի թույլտվությամբ, տան երրորդ հարկի սանհանգույցի վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում նկատել է նույն հարկում գտնվող չհրկիզվող պահարանները և ծրագրել է նշված տնից կատարել գաղտնի հափշտակություն։
Դրանից հետո Արթուր Պապյանը, տեղեկացված լինելով, որ Հրաչյա Հակոբյանը 2024 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2025 թվականի հունվարի 14-ը գտնվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վերոնշյալ տան բակում աշխատանքներ կատարելու պատրվակով 2024 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, որդու՝ Վլադ Մարտիրոսյանի, հետ միասին իրեն պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 35 GS 638 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով եկել են նշված տան տարածք, որտեղ Վլադ Մարտիրոսյանը տան բակից որոշակի առարկաներ է տեղափոխել հիշյալ ավտոմեքենա, իսկ Արթուր Պապյանն իր հանցավոր մտադրությունն իրականացնելուն նախապատրաստվելու նպատակով շուրջ 50 րոպե տան տարածքում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում մանրամասն ուսումնասիրել է տան հարակից տարածքները, այնտեղ գտնվող տեսախցիկների կոնկրետ տեսանկարահանման տեսադաշտը, այդ թվում՝ տան երկրորդ հարկի հյուրասենյակի պատուհանը և դրա ճաղավանդակի հատվածը, որից հետո հեռացել են։
Այնուհետև՝ 2024 թվականի դեկտեմբերի 29-ին, Արթուր Պապյանը, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրում իր գտնվելու փաստը թաքցնելու նպատակով, անջատել է իր կողմից շահագործվող բջջային հեռախոսները և իր հետ վերցրել է մորը՝ Սոաննա Շոլյանին, պատկանող բջջային հեռախոսը, որից հետո գնացել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայր և նույն օրը՝ ժամը 18:46-ի սահմաններում, բնակարան ապօրինի մուտք գործելով՝ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հնարավորինս տեսախցիկների տեսադաշտից դուրս՝ տան տանիքի հատվածից սողոսկելով դեպի բակային հատված, երկրորդ հարկի հյուրասենյակի պատուհանի ճաղավանդակը վնասելու և պատուհանը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել Հրաչյա Հակոբյանին պատկանող՝ Ձորաղբյուր բնակավայրի 130-րդ թաղամասի 36-րդ տուն, որից հետո, այլ արժեքավոր բազմաթիվ իրերի առկայության պայմաններում դրանք չվերցնելով, վնասել է երրորդ հարկում գտնվող չհրկիզվող պահարանի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել այն բացել և հափշտակել դրանում առկա իրերը, իսկ մյուս չհրկիզվող պահարանը վնասելու և բացելու արդյունքում գաղտնի հափշտակել է Հրաչյա Հակոբյանի 3.000.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը, 1 հատ 20 գրամ կշռով՝ 400.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան, 1 հատ 30 գրամ կշռով՝ 600.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթան, 1 հատ ադամանդե քարերով՝ 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանին, 1 հատ 5 գրամ կշռով՝ 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա ձուլակտորը, մեկ հատ «Ռոլեքս» տեսակի՝ 3.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ժամացույցը, 1 հատ՝ 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա թևնոցը և 1 հատ «Պանդորա» ապրանքանիշի՝ 50.000 ՀՀ դրամ արժողությամբ արծաթյա թևնոցը, ինչպես նաև Էդգար Ավագյանին պատկանող՝ շուրջ 1.982.500 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար գումարը՝ այդ կերպ Հրաչյա Հակոբյանին պատճառելով ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 7.650.000 ՀՀ դրամի գույքային վնաս, որից հետո, մինչև Հրաչյա Հակոբյանի ՀՀ վերադառնալը՝ 2025 թվականի հունվարի 2-ի ժամը 02:46-ի սահմաններում, Արթուր Պապյանը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։
Վերջինս կալանավորված է, իսկ գործը՝ դատարանում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․






















