Օֆելյա Համբարձումյանը, ինչպես հայ երգը, չապրել չի կարող…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենաց սիրտ կա օջախում

Օֆելյա Համբարձումյանի մասին առաջին անգամ լսել եմ հորիցս: Ես փոքր էի, երբ նա պատմում էր, թե ոնց էր պապս ընկերների հետ հավաքույթների ժամանակ միացրել ռադիոն, վերջիններս մի ամբողջ օր լսել էին երգչուհուն, հետո բոլորով սկսել էին ձայնակցել նրան ու բակում իսկական «համերգ» կազմակերպել:

Գուսանն էն է՝ սառ ջրի պես հովացնի սիրտը մարդու

Թե որն էր երգչուհու ֆենոմենը, ես տարիներ հետո նոր պետք է հասկանայի, ապա դրա պատասխանը գտնեի նրա երգերից մեկում. «Գուսանն էն է՝ սառ ջրի պես հովացնի սիրտը մարդու, գարնան քնքուշ ծաղիկների բույրով լցնի սիրտը մարդու»: Ինքը` երգչուհին անում էր դա գուսանից ոչ պակաս:

Աստվաձ կու սիրիս, զար մի՛ հաքնի, զարեն էրված իմ…

Իսկ Օֆելյա Համբարձումյանին տեսա արդեն ավելի ուշ: Գրեթե մեկ տարի առաջ էր` «Օֆելյա» ֆիլմի պրեմիերայի օրը: Իմ բախտը շատ էր բերել. նստել էի Ռաիսա Մկրտչյանի կողքին: Ես ականջիս ծայրով լսում էի, թե նա մյուս կողքինի հետ ինչ էր խոսում երգչուհու մասին, ոնց էր նայում նրան եւ ոնց էր ֆիլմի ամեն դրվագ դիտելիս հուզվում, ժպտում, հոգոց հանում: Ու դա ավելի հետաքրքիր էր, քան այն, ինչ նա պատմեց ինձ Օֆելյա Համբարձումյանի մասին դիկտաֆոնս միացնելուց հետո: Ես իմ նստած տեղից հետեւում էի, թե ոնց էին պաշտոնյաների տիկնայք անհարմար զգում մոտենալ տիկին Օֆելյային: Փոքրամարմին երգչուհին համեստորեն նստել էր իր տեղում, բայց նրա մեծության առջեւ շքեղ հագնված այդ կանայք դառնում էին մի փոքր ծիծաղելի, իսկ նրանց արտասանած խոսքերը` ավելորդ: Փոխարենը փայլում էր տարիներին իր կանացիությունը չզիջած Օֆելյա Համբարձումյանը, որին այնքա՜ն սազում էր հագի նախշազարդ ու կոկիկ զգեստը:

Աստված կսիրեք, ճամփես մի՛ք կապի…

Երբ «Օֆելյա» ֆիլմի ցուցադրությունն ավարտեց, բոլորը հոտնկայս ծափահարում էին երգչուհուն: Օֆելյա Համբարձումյանը մի պահ միայն խոսեց` շատ կարճ. «Մենք հայ ենք, հայ երգն ենք պաշտում, ուրեմն պիտի պաշտենք մինչեւ վերջ, աշխատեք ձեր բալիկների մեջ ավելի շատ սերմանել հայկական ժողովրդական, գուսանական երգերի, կոմիտասյան երգերի հանդեպ սերը. ապրող երգերը սրանք են»: Ավելորդ է պատմել, թե ինչպես էր ժողովուրդը բառացիորեն ձեռքից ձեռք խլում նրան, ծաղկեփնջեր, գեղեցիկ խոսքեր շռայլում, լուսանկարվում հետը… Բայց այն, ինչ կատարվում էր դահլիճի ներսում, ընդամենը նախաբանն էր այն ամենի, ինչ պետք է կատարվեր դրսում: Երբ երգչուհին դուրս էր գալիս դահլիճից, նրա ճանապարհն ուղղակի փակել էին: Իհարկե, ես էլ էի ակամա հանձնվել այդ հոսքին, բայց ինձ մարդկանց այդ «տարափը» չէր, որ զարմացնում կամ ոգեւորում էր, որքան երիտասարդներիս բոցավառվող աչքերը: Պետք է խոստովանել, որ մեզնից շատերը դահլիճից դուրս գալուց հետո նոր պետք է ծանոթանային Օֆելյա Համբարձումյանի արվեստին, ուրեմն այդ ի՞նչ զարմանալի ուժ էր, որ ստիպում էր ծնկի գալ երգչուհու առջեւ: Այդ ի՞նչ ակնածանք էր, որ դրդում էր անել ամենաչնչինը, միայն թե տիկին Օֆելյան իրեն լավ զգար…

Գարունն եկավ, արեւերես ելան ծիլ ու ծաղիկներ…

Աստիճաններով իջնելու պահին ես հավաքեցի ամբողջ համարձակությունս ու մոտեցա Օֆելյա Համբարձումյանին: Նա, տեսնելով ինձ, ժպտաց, կարծես ուզում էր ասել. «Ախր, էլ ի՞նչ եք ուզում ինձանից»: Բայց ես արագ հավաքեցի ինձ ու առաջին հարցը, որ եկավ մտքիս սա էր.
-Տիկի՛ն Օֆելյա, այս պահին ի՞նչ մեծ ցանկություն ունեք:
Նայեց կողքիններին, նայեց ինձ, էլի ժպտաց ու ասաց.
-Կուզենայի ավելի երիտասարդ լինել…
Ես, իհարկե, կարող էի ափսոսել, որ այդ ժամանակ ավելի խելացի հարց չտվեցի նրան, բայց եթե այդ պահը երբեւէ կրկնվեր, ես կկանխեի իմ բոլոր մնացած հարցերն ու ընդամենը կասեի. «Տիկին Օֆելյա, իսկ Դուք չեք էլ ծերացել: Դուք ուղղակի չեք կարող ծերանալ, ինչպես չի կարող ծերանալ հայ երգը…»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս