ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ հուլիսի 1-ի որոշումներով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Պաշտոնից ազատվելուց հետո Հասմիկ Ավագյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ինքն է դիմել վարչապետին՝ ազատման խնդրանքով, և հեռանում է գլուխը բարձր, իր կատարած աշխատանքի և խղճի առաջ պատասխանատու լինելու զգացումով։
Իր հայտարարության մեջ Ավագյանը, մասնավորապես, նշել է, որ շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի և հայրենիքին ծառայելու բացառիկ հնարավորության համար՝ այդ ժամանակահատվածը որակելով պատասխանատվության, ծառայության, փորձությունների ու կարևոր ձեռքբերումների ճանապարհ։ Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ում հետ հնարավորություն է ունեցել քննարկելու, ստեղծելու և առաջ շարժվելու՝ հանուն երկրի և հայկական սպորտի առողջացման: Նախկին փոխնախարարն ընդգծել է, որ ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժեքները, սկզբունքներն ու մարդկային արժանապատվությունը՝ մնայուն, և հավելել, որ որոշ ճանապարհներ ավարտվում են ոչ թե սպառվելու պատճառով, այլ որովհետև ժամանակն է սկսելու նորը։ Նա նաև վստահեցրել է, որ անկախ զբաղեցրած պաշտոնից, շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը նույն պատասխանատվությամբ, սկզբունքներով ու նվիրումով։
Հատկանշական է, որ Հասմիկ Ավագյանի պաշտոնեավարումը բավականին կարճ տևեց. նա ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել էր 2025 թվականի մարտի 24-ին։ Երևանում ծնված Ավագյանն ունի հարուստ գիտամանկավարժական կենսագրություն։ Նա 2004-2008 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի բակալավրիատում՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի և աթլետիկայի մարզչի որակավորում, ինչից հետո՝ 2009-2010 թվականներին, ավարտել է նույն բուհի մագիստրատուրան՝ ադապտացված ֆիզիկական կուլտուրա առողջական շեղում ունեցող անձանց համար մասնագիտությամբ։ 2018 թվականին նրան շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ 2020 թվականին՝ դոցենտի գիտական կոչում։ Իր կարիերան սկսելով 2009 թվականին որպես նույն բուհի լաբորանտ, ապա դասախոս, նա 2020-2024 թվականներին զբաղեցրել է Հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնը, իսկ մինչ փոխնախարար նշանակվելը եղել է նույն ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը։
ArmLur.am-ը փորձել է պարզել, թե այս պաշտոնավարման ընթացքում ինչ չափով է փոխվել կամ ավելացել նախկին փոխնախարարի ունեցվածքը՝ համադրելով նրա՝ պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ ներկայացված հայտարարագիրը և 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։ Ուշագրավ է, որ երկու փաստաթղթերում էլ նա սեփականության իրավունքով իրեն պատկանող որևէ անշարժ գույք, արժեթղթեր, բանկային ավանդներ կամ 4 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի ներկայացրել, թեև պաշտոնն ստանձնելիս նշել էր, որ 90 օրից ավելի փաստացի տիրապետել է 2018 թվականի թողարկման CHEVROLET մակնիշի ավտոմեքենա։
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցների համեմատությանը, ապա պաշտոնն ստանձնելու դրությամբ (մինչև 2025 թ. մարտի 24-ը) Հասմիկ Ավագյանի ստացած ընդհանուր եկամուտը հաշվետու ժամանակաշրջանում կազմել էր 2,772,302 ՀՀ դրամ, որից 306,554-ը ստացվել էր ԿԳՄՍ նախարարությունից, իսկ մնացածը՝ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտից (2,345,748 դրամ աշխատավարձ և 120,000 դրամ պայմանագրային եկամուտ)։ Սակայն 2025 թվականի տարեկան հայտարարագրով նրա ընդհանուր եկամուտը կտրուկ աճել է՝ կազմելով ավելի քան 20 միլիոն ՀՀ դրամ, որի մեծ մասը՝ 15,173,465 ՀՀ դրամը, ստացվել է հենց ԿԳՄՍ նախարարությունից որպես աշխատանքի վարձատրություն, իսկ մյուս մասը ձևավորվել է բուհական հիմնադրամից ստացված 3,634,881 ՀՀ դրամ աշխատավարձից և 1,200,000 ՀՀ դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից։
Դրամական միջոցների պատկերը, սակայն, հակառակ դինամիկան ունի. եթե պաշտոնն ստանձնելու դրությամբ փոխնախարարի սեփական կանխիկ դրամական միջոցները կազմել էին 9,000,000 ՀՀ դրամ, բանկային հաշիվների մնացորդը՝ 660,000 ՀՀ դրամ, և առկա էր երրորդ անձին պատկանող, բայց իր կողմից տնօրինվող ևս 660,000 ՀՀ դրամ կանխիկ միջոց, ապա տարեկան հայտարարագրում նշվում է, որ տարվա սկզբին բանկային հաշիվներին և անձնական կանխիկում մնացորդներ չեն եղել։ Փոխարենը տարեվերջի դրությամբ նրա անձնական կանխիկ դրամական միջոցները կազմել են ընդամենը 355,000 ՀՀ դրամ, բանկային հաշիվների մնացորդները եղել են չնչին՝ համապատասխանաբար 686 դրամ և 325,473 դրամ, իսկ երրորդ անձին պատկանող, բայց իր անունից տնօրինվող կանխիկ միջոցները տարվա սկզբի 460,000 դրամից տարեվերջին նվազել և կազմել են 275,000 դրամ։ Այսպիսով, պաշտոնավարման ընթացքում Հասմիկ Ավագյանի եկամուտները թեև էականորեն ավելացել են նախարարական բարձր աշխատավարձի հաշվին, սակայն նրա անձնական կանխիկ և բանկային խնայողությունները, պաշտոնն ստանձնելու սկզբնական շրջանի համեմատ, զգալիորեն նվազել ու պակասել են։
Սոնա Գրիգորյան




























