Այս պահին Եղիշե Պետրոսյանի տունը ոստիկաններով է շրջապատված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ:

Նախ հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում հավաքվածներին Եղիշե Պետրոսյանը, ներկայացնելով երթուղին, ասաց, որ վերջնակետը լինելու է Խորենացու փողոցը: Սակայն անսպասելի կերպով ցուցարարները Սարի թաղ մտան, որտեղ զանգվածային բախումներ սկսվեցին:

Եղիշե Պետրոսյանից փորձեցինք պարզել` ինչու նման բան պատահեց, և կայի՞ն արդյոք սադրիչներ, ինչպես վստահեցնում են որոշ ներկաներ:

Եղիշե Պետրոսյանը հայտնեց, որ դեպի Սարի թաղ ուղեւորվելու պահին իրեն շատ վատ է զգացել, բարեբախտաբար, Սարի թաղի բնակիչներն են իրեն օգնել, ապա շտապօգնություն են կանչել: «Ես մոտ ժամուկես բուժօգնություն ցույց տված մարդկանց տանն էի: Ապա ինձ տեղափոխել են տուն, հիմա ես տանն եմ՝ անկողնային պառկած եմ: Իմ սիրտը վիրահատված է, երբ վազեցի, ինքնազգացողությունս վատացավ, մարդիկ նկատեցին ու օգնություն ցույց տվեցին»,- պատմեց Ե. Պետրոսյանը:

Armlur.am-ի հարցին, թե տեսակետ է շրջանառվում այն մասին, որ երթի մասնակիցներին Սարի թաղ տանելը դիտվել է որպես սադրանք, երգահանը զարմացավ. «Բայց Սարի թաղ տանելը ի՞նչ սադրանք էր: Ժողովուրդն ուզում էր, որ իր ձայնը ավելի լսելի լիներ, որովհետեւ ամբողջ ուժերը կենտրոնացրել էին Խորենացիում: Ժողովուրդը ինքնաբուխ թեքվեց դեպի Սարի թաղ: Բայց ժողովուրդը հարձակվե՞լ է ոստիկանության վրա: Չի եղել նման բան: Ժողովուրդը կանգնել էր այնպես, ինչպես միշտ կանգնում է ամեն տեղ»:

Զրույցի ընթացքում Եղիշե Պետրոսյանն ասաց, որ այս պահին իր տան մուտքի մոտ ոստիկաններ են կանգնած: «Ես ինձ վատ եմ զգում, անկողնային ռեժիմի մեջ եմ, իսկ ոստիկանները պաշարել են իմ տունը: Տան մուտքի մոտ կանգնած մեկը ոստիկանական համազգեստով է, իսկ մյուս երկուսը՝ քաղաքացիական են հագել: Եկել են ու սպասում են, թե ես երբ եմ անկողնային ռեժիմից դուրս գալու, որ բերման ենթարկեն: Իսկ ես վատառողջ եմ, եթե առողջ լինեի, ապա ինքնուրույն կգնայի»,- հազիվ լսելի ձայնով արտասանեց Ե. Պետրոսյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս