Վնասվածքով հայտնաբերված զինծառայողը խմա՞ծ է եղել. ինչ վարկածներ են շրջանառվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. նոյեմբերի 17-ի երեկոյան Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, Բերդի տարածաշրջանի Նորաշեն գյուղի 23-ամյա բնակիչ Իվան Հայրապետյանի դին՝ բերանի եւ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զինծառայողի մահվան կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

Ի. Հայրապետյանն ամուսնացած չէր, նրա մայրը Նորաշենի դպրոցում ռուսերենի ուսուցչուհի է: «Ժողովուրդը» Լոռու զինվորական կայազորի դատախազ Արթուր Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ի. Հայրապետյանի մահվան գործով ձերբակալված անձ կամ անձինք կան: Նա հայտնեց, որ այդ գործով ձերբակալված չկա: Ինչ վերաբերում է կասկածյալներին, ապա զինվորական դատախազն ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է: Փորձեցինք Նորաշեն համայնքի ղեկավար Գոռ Աբրահամյանից պարզել, թե այս օրերին ինչ վարկածներ են շրջանառվում: Գյուղապետը, սակայն, կարծիք հայտնեց, որ կատարվածն ինքնասպանություն է: Հարցին, թե 23-ամյա երիտասարդը ինչո՞ւ պետք է ինքնակամ հեռանար կյանքից, գյուղապետը արձագանքեց՝ խմած են եղել:

Նկատենք, որ խոսքը զորամասի հսկիչ-անցագրային կետում ծառայություն իրականացնող զինծառայողի մասին է, եւ հարց է ծագում, թե նա ինչպես կարող էր ոգելից խմիչք օգտագործած լինել: Գյուղապետը, սակայն, ներկայացրեց, որ Իվանն այդ ժամանակ ոչ թե հսկիչ-անցագրային կետում է եղել, այլ զորամասում եղած արագ արձագանքման խմբի կազմում: Ի դեպ, Նորաշենի գյուղապետից տեղեկացանք, որ Իվան Հայրապետյանին հուղարկավորել են քաղաքացիական հագուստով եւ ոչ զինվորական կարգով: Համայնքի ղեկավարի ունեցած տեղեկություններով՝ զորամասը Ի. Հայրապետյանի հոգեհացի ծախսերը հոգալու համար վերջինիս ընտանիքին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս