Դատախազի տեղակալի առեղծվածային մահից տարիներ անց «ականատեսները» որոշեցին խոսել. ո՞վ էր բացել հայտնի սեյֆի դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2001 թվականին այդ ժամանակ Արդարադատության խորհրդի անդամ, գիտնական Ռոբերտ Ավագյանը ասուլիս էր հրավիրել՝  ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության վերաբերյալ հայտարարություն անելու նպատակով: ԱԽ անդամը սպանությունից 3 տարի անց սենսացիոն հայտնագործություն էր արել այս գործի վերաբերյալ: Հանդիսավոր պայմաններում, խորհրդավոր նախաբանից հետո նա հայտարարել էր, որ Հենրիկ Խաչատրյանին սպանել է ՀՀ այն ժամանակվա տրանսպորտային դատախազ Արամ Կարապետյանը:

Հենրիկ Խաչատրյան

Հիշեցնենք, որ այս վարկածը հայտարարվեց հենց Խաչատրյանի սպանության օրը, եւ սա գործի վերաբերյալ պաշտոնական տեսակետն էր: Նախաքննությունը, ըստ էության, վարվեց այս տեսակետը հիմնավորելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ Հենրիկ Խաչատրյանն ու Արամ Կարապետյանը սպանվել էին նույն օրը՝ 98-ի օգոստոսի 6-ին, նույն տեղում՝ Հենրիկ Խաչատրյանի աշխատասենյակում: Պաշտոնական վարկածը հայտնի է բոլորին. Արամ Կարապետյանը կրակել է գլխավոր դատախազի վրա, իսկ հետո՝ ինքնասպան եղել:

Տարիներ անց նոր հանգամանքներ

Սակայն տարիներ անց թարմացնելով շատերի հիշողությունը՝ ոմանք իրենց հայտնի ինչ-որ կցկտուր դրվագներ եւ հանգամանքներ էին ներկայացնում, մասնավորապես, ասելով, թե Հենրիկ Խաչատրյանին եւ Արամ Կարապետյանին սպանել է ինչ-որ անհայտ անձ և փախուստի դիմել:

Կասկածելի հայտարարություն

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի այն հայտարարությունը, թե Արամ Կարապետյանը չէր կարող այլ զենքով սպանություն իրականացնել, իսկ իրեն պատկանող «Բրաունինգը»-ը մշտապես սեյֆում էր տալիս:

Գուրգեն Եղիազարյան

Թե ինչու այս վարկածը քննության առարկա չէր դարձել, դժվար է ասել: Դյուրին չէ նաև միանշանակ ճշմարտանման համարել Եղիազարյանի ժամանակավրեպ հայտարարությունը:

Սակայն 2000-ականների սկզբին Ռոբերտ Ավագյանի արած «սենսացիոն» հայտարարությունը, որով նա տարիներ անց ևս մեկ անգամ փաստում է, որ Արամ Կարապետյանը Հենրիկ Խաչատրյանին սպանելուց հետո ինքնասպան է եղել, փոքր-ինչ կասկածի տեղիք է տալիս: Որն էր իրավապահների կողմից բացարձակ ճշմարտություն համարված վարկածը կրկնելու նպատակը:

Նախ նշենք, որ այդ ժամանակ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ավագյանը շուրջ 2 ամիս տքնել էր կարճված գործի նյութերի վրա, ապա նման հայտարարություն արել:

Բաբկեն Արարքցյան

Նույն հրապարակումների համաձայն՝ ամեն ինչ սկսվել էր ՀՀ ԳԽ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի բաց նամակից՝ ուղղված Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խմբին («Ագոյի խումբ»), որի մեջ չբացահայտված սպանությունների թվում նշվում էր նաեւ գլխավոր դատախազի սպանությունը: Ավագյանը, լինելով մեծ հայրենասեր, ըստ երեւույթին՝ չէր ցանկանում, որ «սա հայրենիքի բալանսում մնար»:

Նա մի քանի մշուշոտ արտահայտություններ էր թույլ տվել իր համակուրսեցու՝ Հենրիկ Խաչատրյանի մասին, որն «անփառունակ վախճանվեց», եւ որի մահվան մանրամասների հրապարակումից կարող էր նրա «վարկանիշը նվազել»: Մամուլի էջերն ուսումնասիրելով՝ ArmLur.am-ը պարզեց, որ ըստ հրապարակումների՝ այդ հայտնագործությունների թվին էր պատկանում այն, որ Արամ Կարապետյանն ունեցել է տասնյակ հազարավոր դոլարների պարտքեր եւ Հենրիկ Խաչատրյանի ԱՄՆ մեկնելուց 4 օր առաջ մեկնել է ԱՄՆ ու հեռախոսով կապվել վերջինիս հետ:

Եվ ահա, Հենրիկ Խաչատրյան-Արամ Կարապետյան ամեն կերպ «փոխկապակցվող» մահերի հերթական բանախոսն այնպես է ներկայացրել իրավիճակը, կարծես դեպքի վայրում է եղել:

Այսպես, Ավագյանի ամենաանառարկելի փաստարկն այն է եղել, որ ըստ փորձագետների, «ատրճանակի փողի վրայի թուքը համապատասխանում է Արամ Կարապետյանի թքին», իսկ «մեր փորձագետները բացարձակապես անկախ են»: Նրա պատմածի համաձայն՝ Արամ Կարապետյանն իրեն հիմարի վիճակում է զգացել՝ ուրիշները պաշտոններ էին ստանում, իսկ ինքը «կանգնած էր ազատազրկման առաջ»: Որպես իր ասածի ապացույց՝ մի դեպք է պատմել Արամ Կարապետյանի կյանքից, երբ վերջինս զենք է հանել մի գործընկերոջ վրա, եւ վերջինս սեղանի տակ է մտել: Իսկ Հենրիկ Խաչատրյանն ըմբոստ էր՝ սեղանի տակ մտնող չէր: Ցավոք, Ավագյանը չէր կարողացել բացատրել, թե ինչպե՞ս է այդքան լավ կրակող դատախազը միայն 4 կրակոցից հետո կարողացել սպանել անզեն մարդուն: Ինչպե՞ս է, որ գլխավոր դատախազը զենք չի հանել, այլ ծխամորճն է շպրտել իր վրա կրակողի ուղղությամբ: Ինչպե՞ս է, որ նրան օգնության չեն հասել, ինչպե՞ս է գնդակը հայտնվել հանգստյան սենյակ տանող դռան մեջ, գրասեղանի վրա եւ այլն…

Գագիկ Ջհանգիրյան

Փոխարենը՝ պարոն Ավագյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում մերկացրել էր Գագիկ Ջհանգիրյանին, որը ներկա գտնվելով 98-ի նոյեմբերի 10-ի կոլեգիայի նիստին՝ լռել էր, իսկ «հիմա տիկինի պես ինչ-որ բան է հայտարարում»՝ ի՞նչ է նշանակում «իմ հաստատությունը չի քննել այս գործը». պարոն Ավագյանը զայրացած էր՝ «27-ի գործը դորդուբեշ արեցին», այս գործով էլ, եթե քններ՝ «անմեղ մարդկանց կկալանավորեր ու բաց կթողներ»: Այ, ուրիշ բան են «լիբերալ Աղվան Հովսեփյանը», Արամ Թամազյանը, որոնք Ավագյանին թույլ են տվել ծանոթանալ գործի հետ: Վերջում պրն Ավագյանը հակադարձել էր Բաբկեն Արարքցյանին՝ հայտարարելով, որ ինքն էլ կարող է ասել, որ «Արմատնե է կազմակերպել այս սպանությունը. «Դուք կասեք՝ այն ժամանակ «Արմատե չի եղել, ես էլ կասեմ, որ գործել է ընդհատակում»:

Աղվան Հովսեփյան. Արամ Թամազյան

 

Իսկ ինչո՞ւ է Ավագյանը նշել Աղվան Հովսեփյանի և նրա տեղակալի անունները

Բանն այն է, որ խոսելով Հենրիկ Խաչատրյանի եւ Արամ Կարապետյանի մահերի մասին՝ Գուրգեն Եղիազարյանը «բացահայտել էր», թե ՀՀ գլխավոր դատախազի հետ ինքն «առանձնազրույց է» ունեցել, որի մի մասն ընթացել է Աղվան Հովսեփյանի ներկայությամբ: Ի դեպ, 1998-ի օգոստոսին մամուլում նյութեր են հայտնվել, թե սպանության պահին գլխավոր դատախազի աշխատասենյակում է եղել հենց նույն Աղվան Հովսեփյանը: Լուրերը չեն հերքվել: Բացի դրանից, նույն Աղվան Հովսեփյանն էր զբաղվում գործի հետաքննությամբ, նույն Աղվան Հովսեփյանն էր, որ Հենրիկ Խաչատրյանից հետո նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազ:

Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը Արամ Կարապետյանի ինքնասպանության պաշտոնական վարկածը, դժվար է ասել եւ կուրորեն հավատալ դրան: Սակայն շարունակելով ուսումնասիրել մամուլի էջերը՝ հանդիպեցինք վարկածի, որի համաձայն՝ չի բացառվում, որ այս մի քանի այլ աղմկահարույց սպանություններ կատարված լինեն այդ ժամանակ շատ հայտնի մազութի գործով: Շարժառիթը, ըստ այդ վարկածի մեկն էր՝  Հայաստան 70 հազար տոննա մազութը յուրացնողները պետք է ջրից չոր դուրս գային: Քանի կյանքեր խլեց «ճակատագրական մազութը»:

ArmLur.am-ն առաջիկայում կթարմացնի շատերի հիշողությունը:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս