ՕԵԿ-ի ընտրանին ճանապարհ է ընկել խորհրդարան. ովքեր են թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրություններին մասնակցում են նաեւ նախկին ՕԵԿ-ականները` «Հայկական վերածնունդ» հավակնոտ անվամբ: Կուսակցությունում թարմ դեմքեր չկան` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, որոնք օր ու գիշեր հասարակությանը կերակրում են պոպուլիստական խոստումներով: Վերջինների հավաստիությանը ծանոթանալու համար հարկ է ուշադրությամբ զննել ՀՎԿ-ի առաջադրած թեկնածուներ Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Հովհաննես Մարգարյանի խորհրդարանական անցյալը:

Լեւոն Դոխոլյանը 2011-13թթ. եղել է «Հայասի Գրուպ» ընկերության առեւտրային տնօրենը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է Արթուր Բաղդասարյանին եւ 2014թ. անգամ ՊԵԿ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Թամրազյանի որոշմամբ տուգանվել էր մաքսային կանոնների խախտման համար: Ինչեւէ: Դոխոլյանը հայտնի է որպես Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա: Ըստ մամուլի հրապարակումների` Դոխոլյանի մականունը Քույրիկ Լեւոն է, ինչի հրապարակման համար, ի դեպ, նա ժամանակին դատի էր տվել «Ժողովուրդ» օրաթերթին:

Նա անդամագրվել է ՕԵԿ-ին 2002թ., իսկ 2005թ. դարձել այդ կուսակցության վարչության անդամ, 2008թ. էլ արդեն քաղխորհրդի անդամ: 2013թ. նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի պատգամավոր է դարձել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: Դոխոլյանը ՕԵԿ-ի ակտիվ պատգամավորներից մեկն է, որը նույնպես կողմ էր ԵԱՏՄ մտնելուն: 2014թ. արտահայտած նրա կարծիքի համաձայն` Եվրասիական տնտեսական միությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ ձեռնարկությունների ստեղծման, ամրապնդման եւ հետագա զարգացման համար: Երբ 2015թ. ամռանը «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ժամանակ ոստիկանապետ Վլ. Գասպարյանը գոռգոռացել էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի վրա, Դոխոլյանը չէր շտապել ակտիվորեն պաշտպանել իր կուսակցի պատիվը` սահմանափակվելով հետեւյալ դիտարկմամբ. «Երեւի թե ոստիկանապետը մի քիչ արտոնություն էր տվել իր էմոցիաներին: Բայց ես համարում եմ, որ աշխատանքային խոսակցություն է եղել, այդքանը»:

Իսկ ինչ վերաբերում է Դոխոլյանի խորհրդարանական գործունեությանը, ապա պատկերը հետեւյալն է. կողմ` 342, դեմ` 67, ձեռնպահ` 174: Նա 111 անգամ հրաժարվել է քվեարկելուց, բացակայել 42 նիստերից: 38 անգամ հանդես գալով հարցապնդումներով` Դոխոլյանը հասցրել է ԱԺ ամբիոնին մոտենալ 20 անգամ: Արթուր Բաղդասարյանի որոշմամբ` Դոխոլյանը հայտնվել է ՀՎԿ համամասնական ցուցակի 13-րդ հորիզոնականում եւ հազիվ թե հայտնվի 6-րդ գումարման ԱԺ-ում:

ՕԵԿ-ի մյուս պատգամավորը 2003-2008թթ. Վեդիի քաղաքապետարանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Իշխան Խաչատրյանն է: 2008-12թթ. նա պատգամավոր է դարձել ՕԵԿ համամասնական ցուցակով: Ի դեպ, Խաչատրյանը եղել է նաեւ 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի անդամ:

Հիշեցնենք, որ այդ հանձնաժողովը` ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի ղեկավարությամբ, ծածկադմբոցի վերածեց մարտի 1-ի գործի հետաքննությունը: 2012թ. նա կրկին պատգամավոր է դարձել ՕԵԿ ցուցակով, իսկ այսօր ՀՎԿ-ի 5-րդ համարն է: Խաչատրյանը, որը քանիցս խոսում է արտագաղթի վտանգավոր տեմպի, Հայաստանից դուրս տարվող միլիոնավոր դոլարների մասին, 2015թ. սահմանադրական ֆոտոսեսիայի ժամանակ իր ՕԵԿ-ական կուսակիցների հետ սեղմում էր Սերժ Սարգսյանի ձեռքը եւ քննարկում վերջինիս իշխանության վերարտադրմանը միտված սահմանադրական փոփոխությունները: Իսկ Աժ-ում Խաչատրյանը «փայլուն» է աշխատել` 545 անգամ կողմ քվեարկելով: Նա դեմ է քվեարկել 69 անգամ, 155 անգամ էլ ձեռնպահ եղել: Խաչատրյանը 92 անգամ հրաժարվել է քվեարկություններից` բացակայելով 102 անգամ: Այս ամենով հանդերձ` նա 36 անգամ հանդես է եկել հարցապնդումներով, իսկ ԱԺ ամբիոնից խոսել շուրջ 27 անգամ:

Հովհաննես Մարգարյանն էլ ՕԵԿ-ի ընտրանու ներկայացուցիչներից է, կուսակցության հնամենի անդամը: 2003թ. նա ՕԵԿ համամասնական ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր եւ մնաց կուսակցության շարքերում Արթուր Բաղդասարյանի` 2006թ. ԱԺ խոսնակի պաշտոնը լքելուց հետո: 2007 եւ 2012թթ. նա ԱԺ պատգամավոր է դարձել ՕԵԿ համամասնական ցուցակով եւ այսօր էլ փորձում է կրկնել այդ հերոսությունը` լինելով ՀՎԿ ցուցակի 4-րդ համարը: Ամսիներ առաջ Մարգարյանը գլխավորում էր Գյումրու ավագանու ընտրություններում ՀՎԿ ցուցակը եւ հավակնում էր Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի դեպ, Մարգարյանի անվան հետ է կապվում նաեւ 1988թ. երկրաշարժից հետո օգնություն ուղարկված կաթի փոշու հափշտակման պատմությունը: Մարգարյանը պաշտոնապես բիզնեսներ չունի, թեեւ մամուլի տարբեր հրապարակումներ նրան են վերագրում Արթուր Բաղդասարյանի հետ համատեղ մի շարք փայաբաժիններ (օր.` գյուղատնտեսական հողակտորներ, ջրաղացներ եւ այլն):

Ժամանակին wek.ru կայքը «Հայաստանը թալանողները» խորագրով հոդվածաշար էր տպագրել, որտեղ ներկայացնելով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի բիզնես գործունեությունը՝ նշել էր, որ ի թիվս մի շարք ՕԵԿ-ական պատգամավորների, նա եղել է նաեւ Հովհաննես Մարգարյանի բիզնեսի «տանիքը»: Իսկ խորհրդարանում այս պատգամավորը ամենակտիվներից մեկն է` ընտրություններից առաջ` ընդդիմադիր, հետո` իշխանական: 2012-17թթ. նա կողմ է քվեարկել 432 օրինագծերի, դեմ` 44, ձեռնապահ` 125: Չքվեարկելով 181 անգամ` Մարգարյանը բացակայել է 179 նիստերից: Այս ընթացքում նա հասցրել է հարցապնդումներով հանդես գալ 179 անգամ, ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ 143 անգամ:

Ն. Հովսեփյան




Լրահոս