Իշխանությունն ամբողջությամբ չի կատարել հանձնարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համապետական նախորդ բոլոր ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հանդես էր եկել զեկույցներով՝ մատնանշելով նաեւ առաջնային հանձնարարականներ եւ շեշտելով՝ դրանց իրականացումը կնպաստի «ԵԱՀԿ պարտավորություններին եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխան ժողովրդավարական ընտրություններ անցկացնելուն»: Ընդ որում, 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան փաստաթղթի 25-րդ հոդվածի համաձայն՝ ԵԱՀԿ անդամ պետությունները պարտավորվել են «ժամանակին հետեւել ԺՀՄԻԳ գնահատականներին եւ հանձնարարականներին»:

Հիմա՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, արժի հիշել, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ի՞նչ հանձնարարականներ են տվել ժամանակին, եւ իշխանությունները որքանո՞վ են դրանք իրականացրել:
2012թ. ԱԺ ընտրությունների վերաբերյալ իրենց զեկույցի առաձնային հանձնարարականների շարքում առաջինը հետեւյալն էր մատնանշված. «Իշխանությունները եւ մասնակիցները ավելի մեծ հարգանք պետք է ցուցաբերեն քաղաքացիների՝ իրենց քաղաքացիական եւ քաղաքական նախասիրությունների ազատ արտահայտման նկատմամբ… Նրանք պետք է ձեռնպահ մնան ընտրողների վրա ճնշումներ գործադրելուց թե՛ քարոզարշավի ընթացքում եւ թե՛ քվեարկության օրը»: Հանձնարարականի հաջորդ կետում դիտորդներն անդրադարձել էին ընտրակաշառքի բացառմանը. «Հատուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի ընտրական գործընթացի ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացվի: Դրանք կարող են ներառել… ձայների գնման եւ ձայներ գողանալու դեմ լայնածավալ քարոզչության իրականացմամբ»:

2013թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում առաջնային հանձնարարականների մեջ առաջինը հետեւյալն էր. «Իշխանությունները հատուկ միջոցներ պետք է ձեռնարկեն ընտրական գործընթացների ամբողջականության նկատմամբ հասարակական վստահությունը բարձրացնելու համար՝ ավելի մեծ հարգանք ցուցաբերելով քաղաքացիների՝ հիմնարար քաղաքացիական եւ քաղաքական նախասիրություններն ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ…»: Եւ երկրորդ հանձնարականը վերաբերում էր վարչական ռեսուրսների չարաշահելու արգելքին: «Պաշտոնյաները պետք է ձեռնապահ մնան վարչական միջոցները օգտագործելուց, այդ թվում իրենց պաշտոնի չարաշահումը իրենց աշխատակիցների եւ հասարակության նկատմամբ:

Արդյունավետ ջանքեր պետք է գործադրվեն հանրային կառավարման, այդ թվում պետական եւ տեղական պետական պաշտոնյաների անաչառությունը ապահովելու համար: Նրանք պետք է զերծ մնան ընտրողների վրա թե՛ քարոզարշավի եւ թե՛ քվեարկության օրը ճնշումներ գործադրելուց: Քրեական օրենսգիրքը պետք է փոփոխվի, որպեսզի քարոզարշավի համար պաշտոնական դիրքի եւ վարչական միջոցների չարաշահումը սահմանվի որպես հանցագործություն»: Արդեն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում շեշտը դրված էր ընտրողների ռեգիստրը ճշգրտելու եւ բարելավելու, բազմակի քվեարկությունները կանխելու մեխանիզմների ներդրման, ընտրական բողոքների քննարկումների վրա, բայց եւ ընդգծված էր. «Սույն հանձնարականները պետք է ընթերցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում կատարված հանձնարարականների հետ համատեղ»:

ՀՀ ընտրական օրենսգիրքը նախորդ տարի արմատական փոփոխությունների ենթարկվեց, եւ ընդդիմության ու քաղհասարակության պահանջով օրենսդրորեն ամրագրվեց ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակները քվեարկությունից հետո հրապարակելու դրույթը. մի հանգամանք, որը կարող է կանխել բազմաքվեարկությունը, բացակա կամ գոյություն չունեցող անձանց փոխարեն քվեարկելը: Իշխանությունները համաձայնեցին նաեւ ընտրական ողջ պրոցեսի տեսանկարահանմանը:

Բայց պարզվում է՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ոչ բոլոր հանձնարարականներն են իրականացվել: Ավելին՝ այս օրերին ՀՀ-ում իրար հաջորդած իրադարձությունները, ըստ էության, ցույց տվեցին, որ իշխանություններն ուղղակի անտեսում են դրանց մի մասը:

Եւ այսպես՝ առաջիկա ընտրություններում հիմնական դերակատարությունն ունենալու է ընտրակաշառքը: Մարդիկ բացահայտ խոսում են, թե որ թաղամասում որ քաղաքական ուժի ներկայացուցիչը (հիմնականում խոսքն իշխող ՀՀԿ-ի մասին է) որքան գումար է բաժանում կամ խոստացել բաժանել, իսկ պետական մարմիններն այս հարցում քար անտարբերություն են ցուցաբերում:

Այս ընտրություններում լայնորեն կիրառվում է վարչական ռեսուրսը, չնայած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները պահանջել էին քարոզարշավի համար պաշտոնական դիրքի եւ վարչական միջոցների չարաշահումը քրօր-ում սահմանել հանցագործություն: Լավագույն ապացույցը դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների սկանդալային ձայնագրությունների հրապարակումն էր, որտեղ նրանք խոստովանել էին մարդկանց ցուցակագրելու եւ այդ տվյալները ՀՀԿ շտաբեր ներկայացնելու մասին: Վարչական ռեսուրսի կիրառման մի օրինակ էլ ՀՀԿ նախընտրական քարոզարշավի հանդիպումներին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությունն է: Հիշեցնենք, որ Կարապետյանն ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում (չէր համապատասխանում Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորի չափանիշներին):

Այնինչ՝ ՀՀԿ ողջ քարոզարշավը ինքն է անում եւ արդեն աշխատանքային ժամերին: Էլ չենք ասում այն մասին, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող եռյակի ներկայացուցիչները՝ Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանն ու մյուս պաշտոնյա թեկնածուները չմեկնեցին արձակուրդ եւ քարոզարշավը զուգորդում են պաշտոնական պարտականությունների կատարմամբ:

Էլ չենք ասում ընտրողների նկատմամբ բազմատեսակ ճնշումների մասին. Ջրառատի միջադեպը, տարբեր թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքները, ձերբակալությունները դրա լավագույն օրինակներն էին:

Ի դեպ, Սերժ Սարգսյանն իր վերջին ելույթներում մշտապես խոսում է Հայաստանում իրապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու մասին: Ընդ որում, նման խոստումներ նա հնչեցրել է նաեւ օտարերկրացի պաշտոնյաների, դիվանագետների եւ, ընդհանրապես, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ: Բայց ինչպես տեսնում եք՝ ՀՀ իշխանությունների պահվածքը վկայում է հակառակի մասին. միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու խոստումները միֆ են, ուրիշ ոչինչ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս