ՖՈՏՈ. «Երկու ոտքերս ծնկներից ներքև չեն աշխատում». ինչ է պատմում արցախցի հետախույզը ապրիլյան պատերազմի մասին

ՖՈՏՈ. «Երկու ոտքերս ծնկներից ներքև չեն աշխատում». ինչ է պատմում արցախցի հետախույզը ապրիլյան պատերազմի մասին

Պայմանագրային զինծառայողներ, հետախույզներ՝ Էրիկ և Էդուարդ Մաթևոսյանները 2016 թ. ապրիլ ամսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվել են:

Նշենք, որ Էրիկ Մաթևոսյանը հաշմանդամության կարգ չի ստացել, քանի որ դեռ գտնվում է ծառայության մեջ:

Էրիկ Մաթևոսյանը  ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ  եղբայրը վիրավորվել է ապրիլի 4-ին` ականականետից: Իսկ նա հրազենային վիրավորում է ստացել ոտքերից ապրիլի 18-ին հատուկ գործողոթյուն իրականացնելիս՝ դիրք գրավելուց:

Արցախցի հրամանատարին գրեթե արնաքամ վիճակում հասցրել են Մարտակերտի հոսպիտալ, որտեղ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: Այնտեղ նրան վիրահատելուց հետո անմիջապես տեղափոխել են Երևանի Զինվորական կլինիկական կենտրոնական հոսպիտալ, որտեղ մեկ անգամ ևս ենթարկվել է վիրահատության՝ մնալով շուրջ երեք ամիս:

Մեր զրուցակցի խոսքով՝ երկու ոտքերն էլ ծնկներից ներքև չեն աշխատում, անզգայացած են:

Հավելենք, որ Մաթևոսյան եղբայրները ոչ մի աջակցություն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից չեն ստացել, այլ հակառակը` դեռ մի բան էլ պահվել է նրանց աշխատավարձից:

Նրանց ընտանիքն այսօր կանգնած է սոցիալական լուրջ խնդիրների առաջ: Սեփական տանիք չունեն: Հույսով ու հավատով սպասում են, որ մի օր դեռ արևը կժպտա իրենց:

Լիդա Եղիազարյան