ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կառավարությունը նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկ է ներկայացրել։
Օրակարգում ընդգրկված օրենսդրական փաթեթը վերաբերում է բաժնետիրական ընկերությունների գործունեությանը, սակայն դրա նշանակությունը կարող է շատ ավելի լայն լինել, քան կորպորատիվ կառավարման կանոնների փոփոխությունը։
Նախագծի առանցքում միջազգային պայմանագրերով ստեղծված այն ընկերություններն են, որոնցում պետության մասնակցությունը կազմում է 25 տոկոս և ավելի։ Կառավարության ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան առաջ մղել TRIPP նախագծի իրականացումը։
Ստացվում է՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ստեղծել օրենսդրական այնպիսի մեխանիզմ, որը կգործի ոչ թե մեկ առանձին ընկերության, այլ միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված՝ պետական մասնակցությամբ ընկերությունների ավելի լայն շրջանակի համար։
Ի՞նչ է իրականում փոխվելու
Հոկտեմբերի 19-ին հրապարակված նախագծի վերաբերյալ տեղեկությունների համաձայն՝ փոփոխությունների փաթեթը նախատեսում է մի շարք բացառություններ գործող օրենսդրությունից։ Դրանք վերաբերում են ոչ միայն ընկերությունների կառավարմանը, այլև պետական գնումներին, մրցակցությանը և պետություն-մասնավոր գործընկերությանը։
Մասնավորապես՝
Միջազգային պայմանագրով ստեղծված և պետության առնվազն 25 տոկոս մասնակցությունն ունեցող ընկերությունների գործարքների նկատմամբ չի կիրառվի «Գնումների մասին» օրենքը։
Այդ ընկերությունների վրա չեն տարածվի «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքների համապատասխան կարգավորումները։
Ընկերությունները հնարավորություն կունենան կանոնադրությամբ կամ բաժնետերերի համաձայնագրով շեղվելու բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի որոշ ընդհանուր դրույթներից։
Ընկերությունների կանոնադրությունները և դրանց փոփոխությունները պետք է հաստատվեն կառավարության կողմից։
Այսպիսով, օրենսդրական փոփոխությունները նախատեսում են հատուկ կարգավորում այն ընկերությունների համար, որոնք ստեղծվում են միջազգային պայմանագրերի շրջանակում։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ որքանո՞վ են այդ բացառությունները համատեղելի հանրային միջոցների ծախսման, մրցակցության և թափանցիկության ընդհանուր սկզբունքների հետ։
Կառավարության հիմնավորումն այն է, որ միջպետական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հաճախ տարբերվում են բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի ընդհանուր դրույթներից։ Այդ պատճառով անհրաժեշտ է օրենքում ամրագրել հատուկ մեխանիզմ։
Ինչո՞ւ է այս փոփոխությունների առանցքում TRIPP-ը
Չնայած նախագծերի փաթեթում TRIPP-ը որպես առանձին ծրագիր ուղղակիորեն նշված չէ, դրա հիմնավորման մեջ հղում է կատարվում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրին։
Այդ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանում ստեղծել TRIPP Development Company բաժնետիրական ընկերությունը, որի բաժնեմասերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։ Ընկերությունը պետք է իրականացնի TRIPP-ի ենթակառուցվածքային ծրագրերը։
Հայաստանի 26 տոկոս մասնակցությունը հենց այն հանգամանքն է, որը TRIPP-ի ընկերությունը ներառում է նոր կարգավորման շրջանակում։
Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ Հայաստանը պետք է թույլատրի շեղումներ բաժնետիրական ընկերությունների, պետական գնումների և պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրությունից՝ TRIPP-ի գործունեությունն ապահովելու համար։
Հետևաբար, կառավարությունն այժմ փորձում է ձևավորել այն օրենսդրական հիմքը, որի միջոցով միջազգային համաձայնագրով նախատեսված ընկերությունը կկարողանա գործել հատուկ կանոններով։
Միջազգային համաձայնագիրն ու ներքին օրենսդրությունը
TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Ազգային ժողովը վավերացրել է հոկտեմբերի 28-ին։
Քվեարկության ժամանակ 63 պատգամավոր կողմ է եղել, 32-ը՝ դեմ։
Սակայն համաձայնագրի վավերացումը դեռ չի նշանակում, որ ընկերության գործունեության բոլոր մանրամասներն արդեն կարգավորված են։ Դեռևս պետք է համաձայնեցվեն TRIPP Development Company-ի կանոնադրությունն ու բաժնետերերի համաձայնագիրը։
Այս համատեքստում նոյեմբերի 12-ի արտահերթ նիստը կարևոր փուլ է դառնում TRIPP-ի իրականացման իրավական գործընթացում։
Միաժամանակ, օրենսդրական փաթեթի ընդունումը կարող է ունենալ ավելի լայն հետևանքներ։ Քանի որ մեխանիզմը տարածվելու է միջազգային պայմանագրերով ստեղծված և պետության առնվազն 25 տոկոս մասնակցությունն ունեցող բոլոր ընկերությունների վրա, այն չի սահմանափակվելու միայն TRIPP-ով։
Սոնա Գրիգորյան



























