Դրամաշնորհների յուրացման դեմ պայքարում են Եվրամիության թելադրանքով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության երեկվա նիստում անդրադարձել է պետական դրամաշնորհների թեմային՝ հայտարարելով, որ պետք է ուժեղացնել դրանց ծախսման վերահսկողությունը: Հարությունյանի խոսքերով՝ այսուհետ դրամաշնորհներ ստացողները ստիպված կլինեն ոչ միայն հրապարակել իրենց կազմակերպությունների անունները, այլեւ ծրագիրը, որի համար դրամաշնորհ են ստացել, իսկ ծրագրի ավարտից հետո՝ արված աշխատանքի հաշվետվությունը:

Վերջապես սայլը տեղից շարժվեց. Հայաստանի իշխանություններն արդեն խոսում են այս ոլորտում վերահսկողության կոնկրետ մեխանիզմների ներդրման մասին, մի երեւույթ, որը նախկինում չի եղել: Դեռ ավելին՝ օտարերկրյա դրամաշնորհների վրայից գումար «թռցնելը» նույնիսկ յուրօրինակ պարտականություն է եղել` խելքի, հնարամտության եւ ճարպկության վկայություն:

Միայն թե, ակնհայտ է, որ վերահսկողական մեխանիզմների ներդրմանն իշխանություններն ինքնակամ չեն գնացել, այլ ԵՄ-ի պարտադրանքով, այն բանից հետո, երբ բացահայտվեց դրամաշնորհների յուրացման հայտնի սկանդալը: Հիշեցնենք` նախորդ տարվա փետրվարին պաշտոնական հաղորդագրություն եղավ ԵՄ հատկացված դրամաշնորհի գումարներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առթիվ քրեական գործ հարուցելու մասին: ԵՄ հատկացրած դրամաշնորհներից գումարներ յուրացնելու եւս մեկ քրեական գործ էլ հարուցվեց աշնանը, եւ խոսքը մի քանի հարյուր հազար դոլարի յուրացման մասին է:

Հատկանշական է, սակայն, փաստը, որ այդ քրեական գործերը ոչ թե բացահայտվել էին Հայաստանի իրավապահների նախաձեռնությամբ, այլ իրականությունը ջրի երես հանելուն հետամուտ էր եղել ԵՄ-ն: Ընդ որում, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը կասկածելի փաստերը նախ ուսումնասիրել էր միջազգային մասնագիտացված կառույցների հետ, ու երբ հիմնավորվել էին յուրացման դեպքերը, նոր միայն թղթապանակները փոխանցել էին Հայաստանի իրավապահներին:

«ԵՄ պատվիրակությունը տվալները փոխանցել է մեր մասնագիտացված կառույցին: OLAF-ը իրականացրել է այդ դեպքերի հետ կապված սեփական, ներքին վերլուծությունը, կատարել որոշակի եզրահանգումներ»,- ասել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին ու հավելել, թե ԵՄ կազմում գործող այդ անկախ հակակոռուպցիոն մարմինն իր գործունեությամբ կարող է օրինակ լինել Հայաստանի համար, նրանք նաեւ առաջարկություններ են ուղարկել ՀՀ քննչական կոմիտեին, որպեսզի սկսվի պաշտոնական հետաքննություն:

Եւ ահա այսքանից հետո ԵՄ-ն Հայաստանի իշխանություններին ստիպել է նաեւ բոլոր հնարավոր միջոցներով չեզոքացնել դրամաշնորհները յուրացնելու մեխանիզմները:




Լրահոս