Տարոն Մարգարյանը կառչած է խորհրդային անցյալից

Տարոն Մարգարյանը կառչած է խորհրդային անցյալից

Թեեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել մայրաքաղաքի փողոցներն անվանափոխելու` ավագանու «Ելք» խմբակցության նախաձեռնությունը, սակայն մյուս կողմից նա ասել է, թե Լենինգրադյան փողոցի անունը կմնա նույնը: «Նույն Լենինգրադյան փողոցը. այսօր մենք Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցում ենք՝ քույր քաղաքներ ենք, և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցն անվանափոխել: Թե՛ բնակիչներն են սովորել, թե՛ մենք հարմար չենք գտնում այդ փողոցը վերանվանել»,- ասել է նա։
Տարոն Մարգարյանից, իհարկե, այլ բան չի կարելի սպասել: Անկախ Հայաստանում մեծացած քաղաքապետն իր մտածելակերպով, իր գործողություններով ավելի շատ հիշեցնում է խորհրդային կուսակցական գործիչներին` կոմունիստներին, որոնց դեմ ժամանակին պայքարում էր իր երջանկահիշատակ հայրը` Անդրանիկ Մարգարյանը, ավելին` այլախոհության համար անգամ դատապարտվել:

Հիշում եք` Տարոն Մարգարյանը ժամանակին անձամբ մասնակցեց կոմունիստական գործիչներից մեկի` Անտոն Քոչինյանի կիսանդրու բացմանն այն դեպքում, երբ իր հորը` Անդրանիկ Մարգարյանին այլախոհական գործունեության համար դատապարտել էին Խորհրդային Հայաստանի հենց այդ ղեկավարի պաշտոնավարման օրոք: Իհարկե, չենք ժխտում Քոչինյանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանում տեղի ունեցած դրական երեւույթները եւս, բայց այս դեպքում Մարգարյանն անձամբ չպետք է ներկա գտնվեր նրա կիսանդրու բացմանը: Նույն Տարոն Մարգարյանը ժամանակին համաձայնվել էր Երեւանի կենտրոնում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանն այն դեպքում, երբ վերջինս աջակցել է ստալինյան ռեպրեսիաներին, նույնիսկ հատուկ նամակով կոչ անելով 500 հոգու փոխարեն ձերբակալել հազարավորներին, այնուհետեւ` համաձանվել էր հայերի գնդակահարությանը:
Այնպես որ, հիմա նա կառչած է նաեւ խորհրդային գործիչների անունները պահպանելուն:

Հ.Գ. Իսկ եթե Տարոն Մարգարյանին օրինակ Լենինգրադյան փողոցի անվանափոխման հարցում կաշկանդում է Պետերբուգի հետ քույր քաղաքներ հռչակելու հանգամանքը, ապա կարող է այդ փողոցի անունը դարձնել Պետերբուրգյան: Այսպես ավելի գեղեցիկ ու հնչեղ է, առավել եւս, երբ ռուսներն էլ ժամանակին փոխել են իրենց քաղաքի անունը` Լենինգրադը դարձնելով Պետերբուրգ: