Ինչու Հայաստանը չկար ՆԱՏՕ-ի զորավարժություններին, եթե օգոստոսին մասնակցել էր նման միջոցառման. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը հրաժարվել է մասնակցել Վրաստանում սեպտեմբերի 3-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժություններին, որոնց, ի դեպ, մասնակցում են ԱՄՆ ծովային հետեւակի, Վրաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի եւ Ուկրաինայի բանակային ստորաբաժանումները: Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավայի խոսքերով. «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին, սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ»:

ՀՀ ՊՆ-ն, սակայն, միանգամայն հակառակն է պնդում. ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է. «Հայաստանը երբեք էլ չի հաստատել, որ անպայման մասնակցելու է»: Ավելի ուշ ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանն է ասել. «ՊՆ-ն չի հաստատել, որ մենք անպայման մասնակցելու ենք: Մենք մեր մասնակցության պաշտոնական համաձայնությունը չենք ունեցել»: Նա նաեւ հավելել է, թե Հայաստանը սկզբում պլանավորել է զորավարժություններին մասնակցելը, բայց հետո վերանայել է ծրագրերը: Բայց Հայաստանի որոշման պատճառների մասին ՊՆ-ն պաշտոնապես պարզաբանեց իրադարձություններից մոտ 30 ժամ ուշացումով: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանը Չինաստանում է եւ ժամանակ չունի նման «մանր» հարցերին անդրադառնալու: Ու սա լուրջ ենթադրությունների տեղիք է տալիս: Առավել եւս, երբ երեկ իշխանությունները` ՀՀԿ-ականներն իրենց հերթին, իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականներն իրենց հերթին, պնդում էին, որ զորավարժություններին չմասնակցելը ինքնիշխան պետության ինքնուրույն որոշումն է եղել, եւ որ որեւէ այլ երկիր, այդ թվում` ՌԴ-ի կողմից ճնշումներ չեն եղել:

Սակայն որքան շատ են իշխանությունները նման հայտարարություններ անում, այնքան ՆԱՏՕ զորավարժություններին չմասնակցելը կասկածների տեղիք է տալիս: Սա թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ Հայաստանը միշտ հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների մասին՝ մասնակցելով վերջինիս կողմից անցկացված զորավարժություններին: ՆԱՏՕ-ի կազմակերպած մի զորավարժության Հայաստանը մասնակցել էր ընդամենը վերջերս` օգոստոսի 1-ին Վրաստանում: «Noble Partner» զորավարժություններին ներկա էր գտնվել նաեւ ԱՄՆ փոխնախագահ Փենսը, ով քննադատական խոսքեր էր հնչեցրել ՌԴ-ի հասցեին։ Դրանից հետո հիշում եք` եղավ Պուտին-Սարգսյան հանդիպումը: Ու հիմա Հայաստանը նման պահվածք է դրսեւորում:

Իհարկե, չի բացառվում, որ Պուտին-Սարգսյան հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին խոսք գնացած չլինի: Պարզապես Սերժ Սարգսյանը զգացել է, որ Պուտինին դուր չի եկել Վրաստանում տեղի ունեցածը, եւ ինքն էլ ի սկզբանե հրաժարվել է զորավարժություններին հետագա մասնակցությունից` իրավիճակն ավելի չբարդացնելու համար:




Լրահոս