ՍԴ-ն չի փոխել իր գործելաոճը. երկակի որոշումներ կայացնելու արվեստը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Հարությունյանի գլխավորած սահմանադրական դատարանն այս տարիների ընթացքում այդպես էլ չփոխեց երկիմաստ որոշումներ կայացնելու իր գործելաոճը: Ուրբաթ օրը կայացված որոշման մեջ ՍԴ-ն արձանագրել է, որ Վանաձորի գործող ավագանու վերջին մեկ տարվա գործունեությունը եղել է հակասահմանադրական: Բացի այդ՝ ՍԴ-ն ԱԺ-ին մինչեւ 2018թ. մարտի 31-ը ժամանակ է տվել՝ խնդրին իրավական լուծում տալու եւ տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ անելու համար:

Նկատենք, սակայն, ՏԻՄ օրենքը նաեւ սահմանում է, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե ավագանու անդամների կողմից նիստի իրավազորությունը չապահովելու պատճառով վեց ամիս անընդմեջ նիստ չի կայանում: Ու քանի որ Վանաձորի ավագանու վերջին մեկ տարվա գործունեությունը ՍԴ որոշման համաձայն եղել է հակասահմանադրական, հետեւաբար իրավազոր նիստ չի անցկացվել, պետք է գործի օրենքի այդ դրույթն, ու Վանաձորում պետք է անցկացվեն ՏԻՄ նոր ընտրություններ: Սակայն ՍԴ-ն այս հարցին այդպես էլ որեւէ լուծում չի տվել: Ճիշտ եւ ճիշտ նախորդ որոշումների նման. հիշում եք՝ 2003թ. նախագահական ընտրություններն ուղեկցվեցին խայտառակ կեղծիքներով, եւ երբ ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանը բողոքարկել էր ընտրությունների արդյունքները, ՍԴ-ն որոշում էր կայացրել վստահության հանրաքվե անցկացնելու մասին՝ այդպես էլ չհստակեցնելով ո՛չ ժամկետները, ո՛չ պայմանները: Այդ անորոշությունն էլ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը հնարավորություն տվեց, որպեսզի վստահության որեւէ հանրաքվե չանցկացվի:

2008թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը եւս միանշանակ չէր. չնայած կեղծիքների եւ օրենքի դրույթները խախտելու մասին արձանագրումներին, կրկին հարցը մնաց օդից կախված: Ընդ որում, ՍԴ-ն 2008թ. հայցի քննությունը կազմակերպեց Երեւանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում, որը եւս օրենսդրական առումով խոցելի էր:

ՍԴ այս գործելակերպը, թերեւս, դժվար չէ հասկանալ. մի կողմից չկարողանալով աչք փակել բացահայտ հակասահմանադրական երեւույթների վրա՝ ՍԴ-ն, այնուամենայնիվ, իր մեջ ուժ չի գտնում խնդրին լուծում առաջարկելու հարցում: Ի վերջո, նման լուծումներն ի վնաս գործող իշխանությունների են լինելու: Իսկ բոլոր ժամանակների իշխանության մաս կազմած Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը չի ցանկանում ավելորդ նեղություն տալ այդ իշխանություններին:




Լրահոս