Դաշնակցությունը և՛ նալին է խփում, և՛ մեխին. ՀՀԿ-ից կրկին դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ՀՅԴ ջրերը կրկին սկսել են մեկ առվող չհոսել: ՀՅԴ-ն շարունակում է քննադատել կոալիցիոն գործընկերոջը` ՀՀԿ-ին: Հիշում եք` օրեր առաջ ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ ընդլայնված նիստերից հետո նրանք խիստ դժգոհություն էին հայտնում ռեյտինգային ընտրական համակարգի, ինչպես նաեւ` կառավարության` ոչ պատշաճ ձեւով խնդիրներին անդրադառնալու կապակցությամբ: Այժմ էլ քննադատության այլ առիթ են գտել: Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած խայտառակ վիճակը նրանք խստորեն դատապարտել են` միաժամանակ բաց չթողնելով հնարավորությունը` անդրադառնալու մայրաքաղաքում առկա խնդիրներին: Ու ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն հայտարարություն է տարածել, ընդ որում՝ սա այն դեպքում, երբ իրենք ներկայացված չեն ավագանու կազմում. ԱԺ ընտրություններից հետո հրաժարվել էին մասնակցել ավագանու ընտրություններին:

«Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել»,-մասնավորապես ասված է ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

ՀՅԴ հայտարարության մեջ պարզապես նշել են, թե աննպատակահարմար է քաղաքում գոյություն ունեցող խնդիրների բեմականացված ներկայացումն ավագանու նիստում: Սակայն իրենք ամենեւին դեմ չեն, որպեսզի խնդիրների մասին բարձրաձայնվի: Ավելին` կարծում են` այդ տարբերակները սպառված չեն: «Սակայն դա ոչ մի ձեւով չի արդարացնում ավագանու մեծամասնության կողմից, մեղմ ասած, ոչ քաղաքակիրթ եւ մարդու իրավունքների բոլոր նորմերը խախտող վարքի դրսեւորումները, որին ականատես եղանք բոլորս»,-շեշտված է հաղորդագրության մեջ:
Մի կողմից` ՀՅԴ հայտարարության շեշտադրումները հասկանալի են. իրենց կոալիցիոն գործընկերներն այնպիսի ցինիզմով, լկտիությամբ էին իրենց դրսեւորում՝ ծեծի ենթարկելով ընդդիմադիր խմբակցության կին անդամներին, որ արդեն լռելն անհնար է: Այնպես որ, ՀՅԴ-ի հայտարարության շեշտադրումները կարելի է հասկանալ: Միաժամանակ հայտարարության մեջ եղած դիտարկումները` կապված մայրաքաղաքում առկա բազմաթիվ խնդիրների հետ, լիովին տրամաբանական են: Այո, մայրաքաղաք Երեւանը բազում խնդիրներ ունի, որոնք շտապ լուծում են պահանջում:

Սակայն ՀՅԴ այս պահվածքը տարօրինակ է, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտում ընդունված չէ քննադատել կոալիցիոն գործընկերոջը: Ընդհակառակը, կոալիցիոն ուժերը միշտ փորձել են արդարացնել իրենց գործընկերների անգամ ամենազազրելի քայլերը: Եթե Դաշնակցությունը գնում է այս քայլին ազնիվ մղումներով, կարելի է ողջունել: Սակայն կա մի բայց…ՀՅԴ նկրտումներն այնքան էլ ազնիվ չեն թվում` թեկուզ եւ հաշվի առնելով իրենց բյուրոյի եւ ԳՄ-ի հայտարարությունների շեշտադրումները: Խնդիրն այն է, որ ՀՅԴ-ն այսպես է իրեն դրսեւորում` ոչ թե մտահոգ լինելով առկա խնդիրներով, այլ բացառապես սեփական քաղաքական շահերից ելնելով: Այս ուժն արդեն տեւական ժամանակ է՝ սկսել է ապագա կոալիցիայի կազմում նոր պաշտոններ ստանալու սակարկությունները: Եւ նրանց քննադատությունները հենց այս տրամաբանության շրջանակներում են:

Եթե չլինեին քաղաքական դրդապատճառները, ապրիլին սպասվող նոր կառավարության ձեւավորումը, 128-ամյա կուսակցությունը, ըստ էության, չէր էլ հիշի առկա խնդիրների մասին: Սա ՀՅԴ-ն իր քայլերով բազմիցս է ապացուցել: Երբ նպատակահարմար չէ, երկրում առկա կնճռոտ հարցերի մասին նրանք լռում են` անկախ նրանից, թե դրանք որքան ծանր են անդրադառնում քաղաքացիների վրա: Իսկ, այ, երբ փող ու հնարավորինս շատ լծակների տիրապետելու ցանկությունն է առաջ գալիս, այլ կերպ ասած` պաշտոնների նոր «խմբաքանակ» կարող են իրենցով անել, նրանք հանդես են գալիս երկրի խնդիրներով խիստ մտահոգ ուժի դիրքերից:

Այսպիսով` փաստենք. ՀՅԴ վերջին շրջանի պահվածքը վկայում է, որ այս ուժը ե՛ւ դժգոհ է կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի վարած քաղաքականությունից, ե՛ւ շարունակում է մնալ կոալիցիայում: Ժողովրդական խոսքով ասած` ե՛ւ նալին են խփում, ե՛ւ մեխին: Ինչո՞ւ, դե, իհարկե, որովհետեւ դա այս պահին չափազանց ձեռնտու է Դաշնակցությանը, որն ընտրությունների ժամանակ սեփական ռեսուրսով դժվար թե կարողանա մեկ, երկու տոկոս ձայն հավաքել: Իսկ այս պայմաններում` ՀՀԿ-ի հովանու ներքո, ամեն ընտրության ժամանակ ապահովվում են անհրաժեշտ ձայները: Արդյունքում հնարավորություն է ստեղծվում տիրանալու մի քանի պաշտոնի: Իսկ որքա՞ն ժամանակ… Այնքան, մինչեւ որ Հանրապետականին այս ուժն այլեւս հարկավոր չլինի:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս