ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նույնականացման քարտ չունեք, մի հիվանդացեք. նոր անհարմարություններ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տեւական ժամանակ է` դադարեցվել է ՀՀ քաղաքացիներին նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը: Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զույցում հայտնել է, որ նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը դադարեցվել է ժամանակավորապես: «Մրցույթ է հայտարարվել, եւ այս պահին այն գործընթացում է: Խնդրանք քաղաքացիներին` ըմբռնումով մոտենալ հարցին: Մոտ երկու-երեք ամսից կշարունակվի ID քարտերի տրամադրումը»,- նշել է պաշտոնյան:

Նկատենք, որ ստեղծված իրավիճակը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար առողջապահական համակարգի վերջին նորամուծությունների հետ կապված: Բանն այն է, որ նույնականացման քարտերը արդեն պարտադիր գործում են առողջապահության ոլորտում. էլեկտրոնային առողջապահական eHealth համակարգին միացած հիվանդանոցներում ու պոլիկլինիկաներում քաղաքացիներին գրանցում են բացառապես նույնականացման քարտի առկայությամբ (շուտով նաեւ ատամնաբույժի մոտ գնալիս պարտադիր կլինի այն):

Ու ստացվում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր չունեն այդ քարտերից, հիվանդանալու, հետեւաբար նաեւ դեղատուն գնալու, դեղ գնելու իրավունք պարզապես չունեն: Թեեւ վիզաների վարչության պետ Բիչախչյանը պնդում էր, որ առողջապահության նախարարությունը էլեկտրոնային առողջապահական համակարգից օգտվելու համար պահանջվող նույնականացման քարտերի պարտադիր ներկայացնելու պահանջը հետաձգել է մինչեւ սեպտեմբերի 1-ը, բայց մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ պոլիկլինիկաներում մարդկանցից միայն ID քարտ են ուզում՝ գրանցելու համար:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: