Ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկում են բոլորը. ուզում են խնդիրը լուծվի, բայց ցածր գնով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ժամանակավոր դադար է հայտարարված, հիմնականում պայմանավորված Ադրբեջանի նախագահական ընտրություններով, նաեւ սպասում են Հայաստանում կառավարության վերջնական ձեւավորմանը, սակայն խորքային պրոցեսներ, այնուամենայնիվ, ընթանում են: Այս առումով պատահական չէին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի երեկվա հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը ԼՂ խնդրով քննարկումներ ունենում է նաեւ Թուրքիայի հետ: Հարցին, թե արդյո՞ք ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպմանը նախօրեին անդրադարձ եղել է Ղարաբաղի խնդրին, Զախարովան պատասխանել է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը քննարկվում է մեր մի շարք գործընկերների հետ: Խոսքը ե՛ւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին է, ե՛ւ տարածաշրջանի երկրների: Դա նորմալ է եւ հանդիսանում է դիվանագիտական աշխատանքի մաս»:

Միաժամանակ ուշագրավ է փաստը, որ երեկ Երեւանում անցկացված «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ Կարնեգի «Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը պնդել է, թե ԼՂ խնդիրը էապես տարբերվում է հետխորհրդային այլ երկրներում առկա հիմնախնդիրներից. «Աշխարհաքաղաքական ընդհարումներ այս կոնֆլիկտում չկան. Ռուսաստանն ու Թուրքիան շատ լուրջ կոնֆլիկտ ունեցան, որը համընկավ 2016 թվականի իրադարձության հետ, բայց դրանից հայ-ադրբեջանական հիմնախնդրի դինամիկան չփոխվեց՝ անկախ նրանից՝ Թուրքիան ու Ռուսաստանն ընկերություն անո՞ւմ էին, թե չէին անում միմյանց հետ»:

Միաժամանակ նա պնդել է, որ բավական լայն կոնսեսուս կա ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների միջեւ հակամարտության լուծման ուղիների հարցում: Ըստ դե Վաալի՝ ԼՂ հիմնախնդրի լուծման գործընթացում իրենց հետաքրքրությունն ունեն Ռուսաստանը, Թուրքիան, անգամ Իրանը, որոնք ունեն ճնշելու հնարավորություն: «Բոլորը ցանկանում են՝ խնդիրը լուծվի, բայց ցանկանում են, որ դա արվի ցածր գնով»,- ասաց նա:

Այլ կերպ ասած` ակնհայտ է, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ուղղակի, թե անուղղակի ներգրավված բոլոր շահագրգիռ երկրները փորձում են արագացնել գործընթացը: Գոնե այս հարցում նրանց մեջ կա կոնսենսուս, նաեւ կոնսենսուս կա առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումային ճանապարհով, միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների համաձայն՝ ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի կամ դրա սպառնալիքի բացառում եւ տարածքային ամբողջականության սկզբունք:




Լրահոս