Ապրիլյան պատերազմի մասին ներկայացում՝ հիմնված իրական պատմության վրա, երաժշտությունը գրել է Հայկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու դրամատիկական թատրոնը պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել նոր ներկայացում՝ նվիրված Ապրիլյան պատերազմին։ Պիեսը, որի հեղինակը Անահիտ Աղասարյանն է, հիմնված է Գյումրիում մի երիտասարդի հետ տեղի ունեցած իրական պատմության վրա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց նույն թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Պիեսի բեմադրիչը թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է, նկարչական ձեւավորումն արել է Գարիկ Եվանգուլյանը, իսկ երաժշտությունը գրել է Հայկոն։

«Սա կլինի 2018-ին մեր թատրոնի համար այցեքարտային ներկայացումներից մեկը։ Այն մեր կողմից շնորհակալության ժեստ է Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին գծում ծառայած զինվորներին»,- նշեց Տիգրանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ թատրոնում տարվում են վերանորոգման աշխատանքներ, իրականացվում է տեխնիկական վերազինում. «Հուսով եմ՝ կկարողանանք մի քանի տարում ունենալ լուսային այն տեխնիկան, որը համապատասխանում է 21-րդ դարի թատրոնի պահանջներին»,-շեշտեց տնօրենը։
Մենք հետաքրքրվեցինք՝ թատրոնի մաս կազմող «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում բեմադրվո՞ւմ են արդյոք ներկայացումներ. «Այո, այդ բեմում խաղում ենք Մարկեսի «Երկնագույն շան աչքերը», եւ տոմսերն օրեր առաջ սպառված են լինում։ Ի դեպ, այդ ներկայացմամբ առաջիկայում հանդես կգանք Երեւանում եւ Վանաձորում»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Իսկ հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում թատրոնը հանդիսատեսի համար առավել հետաքրքիր դարձնելու ուղղությամբ, Տիգրանը պատասխանեց. «Մենք 2017-ին ունեցել ենք 42 հազար հանդիսատես։ Սա, կարծում եմ, խոսուն ցուցանիշ է։ Մեր թատրոնն այս տարվանից հրաժարվել է հաստիքային ռեժիսորներից. բեմադրություններ կանեն հրավիրյալ ռեժիսորները։ Այդ հանգամանքը ստեղծագործական թարմ շունչ կմտցնի մեր գործունեության մեջ։ Շուտով մեր թատրոնում ներկայացումներ կբեմադրեն Վահե Շահվերդյանն ու Արշալույս Հարությունյանը»։ Նշենք, որ Գյումրիի դրամատիկական թատրոնում առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց «Լիր Արքա» բեմադրությունը. ներկայացումից օրեր առաջ արդեն տոմսերը վաճառված էին, եւ դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինում. մարդիկ անգամ կանգնած էին դիտում այն, կամ աստիճաններին նստած:

Աննա Բաբաջանյան




Լրահոս