Բանկը թալանած գնդապետը միայնակ չի գործել. այլ աղմկալի բացահայտումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` 15:00-ի սահմաններում, ավազակային հարձակում է իրականացվել HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա: Իսկ ավազակային հարձակում իրականացնողը ոչ ավել, ոչ պակաս եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, գնդապետ Դանիել Դանիելյանը: Նա դեմքը փակված վիճակում, որսորդական հրացանով, դանակով եւ նռնակով ներխուժել է HSBC բանկ: Նախ կրակել էր առաստաղին եւ պահանջել գումար: Բանկի անվտանգության աշխատակիցը նրան ուղեկցել էր դեպի այն տարածք, որտեղ գտնվում է գումարը: Ու մինչ աշխատակիցները գնացել են գումարի հետեւից, բանկում պահպանություն իրականացնող ոստիկանության ՊՊԾ ջոկի հրամանատար Արա Շախգուլյանը, ինչպես նաեւ անվտանգության 19-ամյա եւս մեկ աշխատակից ձեռնամարտի են բռնվել գնդապետի հետ: Ձեռնամարտի ժամանակ էլ գնդապետը դանակով մի քանի անգամ հարվածել է անվտանգության աշխատակցին, որը տեղում մահացել էր: Նա նաեւ հասցրել էր մարմնական վնասվածքներ հասցնել Շախգուլյանին: Ավելի ուշ երկրորդ բոթը լսվեց, բժիշկներին չհաջողվեց փրկել ոստիկանության սպա, երկու երեխաների հորը` Արա Շախգուլյանին, վերջինս մահացավ:

Կատարվածից հետո գնդապետ Դանիելյանը վերցրել է գումարները եւ որոշել փախչել: Գնդապետ Դանիելյանը փորձել էր գողանալ մոտ 15 միլիոն դրամ: Սակայն բանկից մի քանի մետր հեռավորության վրա ոստիկանների եւ քաղաքացիների համատեղ ջանքերով բռնվել է: Նույնիսկ տեսանյութում երեւում էր, թե ինչպես են քաղաքացիները զայրացած, նրան ոտքերով խփում: Ավելի ուշ, երբ հրապարակվեցին ձերբակալվածի նկարները, նրա դեմքին երեւում էին լուրջ վնասվածքներ, կապտուկներ:

Նկատենք, որ դեպքից հետո իրավապահները ինքնաձիգներով շրջապատել էին բանկին հարակից տարածքը, այդ թվում՝ բանկին մոտ գտնվող շենքերի մուտքերը, սկսվել են ստուգումներ: Կասկածներ կային, որ գնդապետը միայնակ չի եղել, այլ նրան դրսում սպասողներ են եղել: Առայժմ ոստիկանությունը չի հայտնաբերել որեւէ մեկին:

Ի դեպ, տեսակետ կա, որ առաջիկայում նրա՝ ոստիկանական գործունեության մասով եւս այլ աղմկալի բացահայտումներ լինեն: Հետաքրքիր է՝ ի՞նչն է դրդել ոստիկանության գնդապետին ավազակային հարձակում կատարել` սպանելով երկու ոստիկանների: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց նրա ունեցվածքի հայտարարագիրը, եւ պարզեցինք, որ նա ունի երկու անշարժ գույք, բացի այդ` ունեցել է 5 մլն դրամ գումար, իսկ եկամուտն էլ կազմել է 4 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Իսկ ահա տարեկան հայտարարագրի համաձայն` գնդապետը ներկայացրել է 6 մլն ռուսական ռուբլու արժեթղթեր, 6 մլն դրամի միջոց, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կրկին կազմել է 6 մլն դրամ:

Տաթեւ Հարությունյան




Լրահոս