ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ՄԵՆԹԱԼԻՏԵՏՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սեռական դաստիարակություն պետք է լինի, բայց դա պետք է լինի մեր ազգային մենթալիտետից ելնելով: Մենք ֆրանսիացի, եվրոպացի չենք, որպեսզի կարողանանք դա մի անգամից ընդունել, հասկանալ, իհարկե պետք է սեռական դաստիարակությունը, բայց  շատ զգույշ, նրբորեն, դանդաղ՝ ելնելով մեր ազգային առանձնահատկությունից, այնպես, ինչպես դասավանդվում է Եվրոպայում: Ես նույնիսկ հիշում եմ դեռ մեր ժամանակ, երբ կենսաբանության, անատոմիայի դասերն անցնում էին բավական քողարկված, դրա համար պետք է տեղայնացվի եւ լավ  մշակվի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, դերասանուհի Լալա Մնացականյանը՝ անդրադառնալով Լանզարոտեի կոնվեցիայի վավերացմանը, մեր ազգային, ավանդական առանձնահատկություններին ու ընկալմանը:

 

«Մեր երկրի համար դա տաբու է, եւ դա մի անգամից բացելով՝ կունենանք իր վատ հետեւանքները, դրա համար պետք է մոտենալ խելացի եւ գրագետ»,-նշել է նա:

Լալա Մնացականյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է նաեւ երկրում կատարվող ներքաղաքական խնդիրների, տնտեսական կոլապսի հնարավոր առաջացման մասին: Ըստ նրա՝ բոլոր տարիների Ազգային ժողովներում էլ ծեծկռտուք եղել է, իսկ նախորդ Ազգային ժողովում ծեծռկտուք չի եղել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մեծամասնությունը Հանրապետական կուսակցությունն էր, եւ այնտեղ այնպիսի կլան ու իշխանություն էր, որ չէին  համարձակվի ծեծկռտուք սարքել:

«Հետո դրան կարելի՞ էր այդքան տեղ տալ, այդ ո՞ր մի պառլամենտում նման ծեծկռտուք չի եղել, մի հատ պառլամենտ ցույց տվեք, թեկուզ ամենաքաղաքակիրթ երկրներից, նման երկիր գոյություն չունի, մանավանդ մեծամասնությունը տղամարդիկ են, կանայք ավելի զուսպ են, դրա համար պառլամենտում պետք է կանայք նստեն (կատակում է նա)? Բավական է մի երկու հայհոյանք, ու ծեծկռտուքը պատրաստ է, եւ ծեծկռտուք էլ չի եղել, այլ քաշքշոց: Իհարկե տգեղ երեւույթ է, բայց բոլոր երկրներին էլ բնորոշ է, եւ դա ազգային հարց դարձնելն իմաստ չունի: Մենք երկու ամիս մեր գազի գումարը չենք վճարել, եւ չեմ կարծում՝ նախկին իշխանությունների ժամանակ նման հնարավորություն կտրվեր: Եթե դա լիներ նախորդ իշխանության օրոք, երեւի գազի գինը եռապատկվեր»,- ընդգծել է մեր զրուցակիցը:

Դերասնուհու խոսքով՝ հեղափոխության ժամանակ հնչած այն բոլոր խոստումները, որ տվել է ներկայիս իշխանությունը, մասնավորապես՝ երկիրը կեղեքողները, թալանողները, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն, ինչը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է:

«Այն, որ կառավարությունն ուշացնում  է իր խոստումները, ի վերջո հեղափոխությունն արվեց ավելի բարեկեցիկ կյանքի համար, եւ այն, որ ինքը բավական երկարացրեց եւ Սահմանադրության փոփոխությունները, որ հիմա այսպիսի խնդիրների առաջ ենք կանգնում, եւ այն մարդիկ, ովքեր իսկապես պետք է պատասխան տային, ձգձգվում  է: Մարդիկ, ովքեր որ Հայաստանը  կանգնեցրել են այս «կռախի» առաջ, թե աշխարհը կոլապսի մեջ է ընկնում, ապա մենք ընդհանրապես շատ վատ վիճակում կհայտնվենք, որովհետեւ աղքատ եւ  հետամնաց երկիր ենք՝ շնորհիվ 25 տարվա շատ ազգադավ կառավարման, եւ այս կառավարությունը ուշացնում է նրանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը այնպես, ինչպես մեզ 25 տարի թույլ չտվեցին նորմալ մարդու նման ապրել, եւ զարմանալի է, որ դա ուշանում է: Զարմանալի է, երբ Սահմանադրությունը, երբ այն ժամանակ էյֆորիայի մեջ էր, միանգամից չփոխեցին, չեմ հասկանում՝ ով, ինչ, ոնց արեց, այդ ինչ կատարվեց… Մենք երկու տարում չաղքատացանք, այդ հարուստ երկիրն աղքատության երեք նախագահները հասցրեցին, դա այնքան բացահայտ է, ինչպես են երկիրը թալանել ու կեղեքել, որ դրա մասին նույնիսկ խոսել չարժե: Սովետական միության ժամանակ Հայաստանն ամենահարուստ պետությունն էր, եւ այն աստիճան ծախեցին, աղքատացրեցին, տվեցին ռուսների ձեռքը՝ սահմանից սկսած, գազի գնից դուրս եկած: Հիմա տկլոր, աղքատ երկիր ունենք, ու չգիտեմ, թե սա ոնց պետք է ուղղվի: Ամբողջ մի կյանք տվեցինք, որ այն հարուստ Հայաստանից դառնա մի բուռ ինչ-որ մի երկիր: Իսկ ինչո՞ւ չեն նշում, որ նայում ես Ծաղկաձորը, որը համարվում էր միջազգային  բազա, գղգղկոցով էինք գնում, այդ ինչու չեն ասում, որ ճանապարհները կառուցվել է: Այո, պետք է սխալներն ասել, այն խոստումները ձգձվում են, չէ՞ որ խոսք ես տվել,  ուրեմն պարտավոր ես անել, եւ այդ ձգձգումը բերում է շատ նյարդային վիճակի ժողովրդի մեջ: Ես չգիտեմ՝ որ մի նորմալ, սթափ ուղեղի տեր մարդը կասի, որ լավ են արել, որ թալանել են: Ղարաբաղին այնքան աղքատ էին պահում, ես եմ եղել այդ տարիներին այնտեղ, Շուշին հիմա ծաղկում է, իսկ Սերժի ժամանակ Շուշին բոմժանոց էր, իսկ Ստեփանակերտը մարդիկ իրենց ատամներով էին պահում, այդքան հարենասեր ժողովուրդ չկա աշխարհում, թե ինչպես են սիրում ու փայփայում իրենց հողը, իսկ իրենք աղքատացրեցին բոլորին, թալանեցին եւ հիմա բերանները բացել մեծ-մեծ խոսում են, թե չեք ամաչում իրար ծեծում եք. ուրեմն Դուք երկիրը սպանեցիք, կոտորեցիք, չամաչեցի՞ք»,-նշել է նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօրվա ղեկավարության միակ սխալն այն է, որ ասում է ու չի անում, պետք  է ասել ու անել կամ ընդհանրապես չասել. «Դու մեզ խոստացել ես՝ երկիրը կեղեքողները պետք է պատասխան տան, վերջ, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱՐԱԲՈ ԻՍՊԻՐՅԱՆ. «ՄԵՐ ԱԶԳԸ ԼԻՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ»

Աշխատում ենք, որքան հնարավոր է, տանը մեկուսացած մնալ, եթե կառավարությունն ասում է՝ պետք է մնալ տանը, ուրեմն պետք է մնանք տանը՝ չվտանգելով ուրիշների կյանքը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգիչ Արաբո Իսպիրյանը՝ անդրադառնալով  երկրում արտակարգ դրության երկարաձգմանն ու սահմանափակումների թուլացմանը:

 

«Անկեղծ ասած, ես տանը փոքրիկ բալիկ ունեմ եւ ամեն ինչ անում եմ, որպեսզի զգույշ լինեմ: Պետք է ենթարկվենք բոլոր ցուցումներին, թեկուզ երկարացնեն մեկ-երկու ամիս էլ, այնքան, ինչքան որ հարկավոր է»,-նշեց երգիչը:

Արաբո Իսպիրյանի փոխանցմամբ՝ մեր ազգին ընդամենը համբերություն է պետք, որպեսզի հաղթահարենք այս համաճարակը. «Մեր ազգը լիքը պատերազմներում է հաղթել, եւ սա էլ հաստատ կհաղթահարենք: Ինչքան կարողանում ենք, օրինակ ենք ծառայում, որ մեր ժողովուրդը բոլոր ցուցումներին հետեւեն եւ լինեն առողջ»: Հայաստանում մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ մայիսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսի 4823 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 41850:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ

Հոլանդական «Ֆեյենորդի» եւ Թուրքիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Օրկուն Կյոկչուն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:

«Արսենալում» Կյոկչուին դիտարկում են որպես 31-ամյա Մեսութ Օզիլին փոխարինող: Ավելի վաղ «Արսենալը» հրաժարվել էր նոր պայմանագիր կնքել Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ: 19-ամյա Օրկուն Կյոկչուն «Ֆեյենորդի» հիմնական թիմում հանդես է գալիս 2018 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում Կյոկչուն մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 3 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: Թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ իսպանական «Սեւիլիան»:

 

ՄԵՍԻՆ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԷՐ

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Էդմիլսոնը համեմատել է Իսպանիայի չեմպիոնի առաջատար Լիոնել Մեսիին եւ արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնային: «Մեսին տարբերվում էր բոլորից: 17 տարեկան Մեսիի մեջ ես տեսնում էի մի յուրահատուկ տաղանդ, որ տեսել եմ շատ քիչ ֆուտբոլիստների մեջ: Մեսին բարձրակարգ ֆուտբոլ է խաղում ավելի քան 10 տարի, ինչպես Պելեն, իսկ Մարադոնան եւ մյուս ֆուտբոլիստները նման մակարդակով խաղացել են 3-4 տարի: Սա է տարբերությունը»,- ասել է Էդմիլսոնը: Հիշեցնենք, որ Էդմիլսոնը «Բարսելոնայում» հանդես է եկել 2004-2008 թվականներին: Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ 2006 թվականին թիմի առաջատար Լիոնել Մեսին մոտ է եղել իտալական «Ինտեր» տեղափոխվելուն: «2006 թվականին «Ինտերը» բանակցել է մեզ հետ Մեսիի հնարավոր տեղափոխության շուրջ: «Ինտերը» պատրաստ էր Մեսիի դիմաց վճարել 150 միլիոն եվրո: Մենք պահանջեցինք 250 միլիոն եվրո, եւ բանակցությունները կանգ առան: Ես լավ հարաբերություններ ունեի Մեսիի հոր հետ եւ ասացի նրան, որ Մեսին ունի բոլոր որակները պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար»,- Լապորտայի խոսքը փոխանցում է Diario Gol-ը:

Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին: Լապորտան իր թեկնածությունն առաջադրել է նաեւ 2021 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններում:




Լրահոս