Կառավարությունը կսահմանի ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկայումս գործող ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ հաստատված ֆինանսավորման բանաձեւը չի լուծում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են համընդհանուր ներառականությունը, ուսուցչական եւ ոչ ուսուցչական անձնակազմի հաստիքների եւ աշխատավարձերի նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերելը, ինչպես նաեւ որոշ ծախսատեսակների նորմավորումը։ Սակայն մեզ հայտնի դարձավ, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է՝ հաստատությունների ֆինանսավորումն իրականացնել՝ հիմք ընդունելով մի շարք սկզբունքներ՝ մասնավորապես միասնական մոտեցման ապահովում բոլոր հաստատությունների համար՝ անկախ վերջիններիս ենթակայության։

Այսինքն ֆինանսավորման հաշվարկման համար հիմք կհանդիսանան մի շարք ելակետային տվյալներ, այդ թվում՝ դասարանների տարեկան միջին թիվը, մեկ դասարանին ընկնող ուսուցչական դրույքների միջին թիվը, նվազագույն աշխատավարձը, տարբեր տիպի լրավճարներ եւ այլն: Ընդ որում, 24 եւ ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,18 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,12 գործակիցը, 36 եւ ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,32 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,21 գործակիցը, 48 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում տնօրենի աշխատավարձի նկատմամբ կիրառելի է 1,42 գործակիցը, փոխտնօրենների աշխատավարձի նկատմամբ՝ 1,3 գործակիցը, մասնագիտացված եւ հատուկ ուսումնական հաստատությունների դեպքում՝ նաեւ 1,27 գործակիցը, իսկ առանձին ավագ դպրոցների համար՝ 1,2 գործակիցը։ Ի դեպ, ֆինանսավորման հաշվարկի համար հիմք կհանդիսանան նաեւ հաստատությունների պահպանման ծախսերը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս