Կաթվածահար է եղել Երևան-Սևան ճանապարհը. ԱԱԾ-ի և ձկնորսների վեճը նոր ընթացք է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևան-Սևան մայրուղին իրենց մեքենաներով փակած ձկնորսները դժգոհում են, որ իրենց արգելել են ձուկ որսալ: Ականատեսների վկայությամբ՝ ձկնորսները բերել են նաև իրենց նավակները: Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը երկկողմանի կաթվածահար է եղել:

Բանն այն է, որ Նորատուս համայնքի ձկնորսները ձուկ էին որսացել Սևանա լճից եւ սառնարաններում պահեստավորել՝ դրանք արտահանելու և Հայաստանից դուրս վաճառելու նպատակով: Եվ ահա, այս գործողությունների մասին տեղեկացել է Ազգային Անվտանգության Ծառայությունը, գնացել եւ կապարանակնքել է նրանց սառնարանները:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը օրեր առաջ հայտնել էր՝ իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում  բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր:

Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց համապատասխան թույլտվության Սևանա լճից ապօրինի արդյունահանելով 12.200 կգ «Սևանի սիգ»  տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Այնուհետև, իրենց կողմից ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված  առանձնապես խոշոր չափերի վերը նշված ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, ովքեր ձուկը տեղափոխել և պահել են Կոտայքի մարզում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում:

Քրեական գործով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սևանի սիգ» տեսակի ձկներ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս