ԲԱՆԴԻՏԱԿԱՆ ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյասնիկյան պողոտայում երեկ տեղի ունեցած ձերբակալությունը, դրան հաջորդած, ապա նաեւ հերքված տեղեկությունները, թե բազում պաշտոնյաների զավակներ են կալանավորվել, ռետրո անելու ցանկություն առաջացրեց: Արժե հիշել, թե ում զավակներն ինչ հանցագործություններ են կատարել ու մնացել անպատիժ:Տարբեր ժամանակներում ու մասնակցության տարբեր չափով տարատեսակ քրեական պատմությունների մեջ հայտնվել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ եղբայր  Ջոնիկ Աբրահամյանի,  եւ անգամ` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի (Օսկանյանի որդու կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելը հետագայում հերքվեց) ու ԴՕՍԱՖ-ի պետ Կոմանդոսի որդիները: Իհարկե, «առաջին պատվավոր հորիզոնականը» զբաղեցնում է Գյումրու քաղաքապետի որդին` արդեն լեգենդար դարձած Սպարտակը: 2007թ.-ի մայիսի 20. Գյումրու կենտրոնի բանուկ մասերից մեկում տեղի է ունեցել փոխհրաձգություն. Սպարտակը կրակել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի տղաների ուղղությամբ: Փոխհրաձգության արդյունքում մարմնական վնասվածք էր ստացել գյումրեցի 74-ամյա Համասփյուռ Մնացականյանը, վնասվել էին շրջակայքի  բնակելի շենքերի պատերն ու ապակիները: Կասկածներ կային, որոնք այդպես էլ չփարատվեցին, որ փոխհրաձգության զոհ էր դարձել այդ օրը  Գյումրուց անհայտ կորած 12-ամյա բնակիչ Ռոբերտ Սիմոնյանը: Դեպքի վայրում զննության ժամանակ դատախազությունը հայտնաբերել էր 26 ինքնաձիգի, երկու ատրճանակի պարկուճներ, երկու գնդակ, պողպատե միջուկներ: Գյումրու Տերյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալված Սպարտակ Ղուկասյանը դատապարտվեց 18 ամսվա ազատազրկման, սակայն ժամանակից շուտ ազատ արձակվեց` անազատության մեջ մնալով ընդամենը վեց ամիս:2009 թվականի հուլիս, «ՀԺ». Մարալիկ քաղաքը շրջափակված է ոստիկանության մեծաքանակ ուժերով եւ հատուկ նշանակության ջոկատայիններով. նախօրեին մեծ ռազբորկա է եղել, որի ընթացքում Սպարտակ Ղուկասյանն ու իր սափրագլուխները գործի են դրել իրենց մոտ եղած հրազենը. մեկ մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Վարդան Ղուկասյանի հնարավոր գրոհից տեղացի իրենց գործընկերներին պաշտպանելու համար Մարալիկ են եկել ոստիկանական լրացուցիչ ուժեր:05.02.2011, News.am. Փետրվարի 3-ին` ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրու «Բյուզարդ» ռեստորանային համալիրից բերման են ենթարկել 20-25 անձի, այդ թվում` հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողեր»`  Զավը, Օշականցի Գեւորիկը, Պավլուշի տղա Սուրոն, Ալոն,  Մանեթի տղա Սամոն, Աֆուլիկը, Վստրեչի Ապերը եւ 27-ամյա Սպարտակ Ղուկասյանը: Նրանք կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել, իսկ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում նյութեր էին նախապատրաստվում: Այդպես էլ անհասկանալի դարձավ պատրաստվող նյութերի ճակատագիրը:06.23 2002, «ՉԻ». ՀՀ նախագահի նախկին ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանի տիկինն Արաբկիրի շուկայում ծեծել միլիցիայի աշխատակիցներին, իսկ նրա երկու` բանակում չծառայած  որդիներից մեկը Մոսկովյան փողոցում հարբած վիճակում «Ջիփ» մեքենայով վրաերթի է ենթարկել մի անչափահասի ու հանգիստ խղճով հեռացել:06.15.2004, PanARMENIAN.Net. Հայաստանի ոստիկանության մամլո ծառայությունը հաստատել է հաղորդագրություններն այն մասին, որ Միքայել Հարությունյանի որդի Արսեն Հարությունյանը ծեծի է ենթարկել ԱՄՆ քաղաքացի 29-ամյա Դեւիդ Բեյքերին, ով դիմել է իրավապահ մարմիններին` հայտարարելով, որ ծեծվել են նաեւ իրեն ուղեկցող աղջիկները, որոնցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վերջին շրջանում շատ  գրվեց  2009-ի ապրիլի 4-ին Արտաշատում հնչած կրակոցների մասին: Հիշեցնենք` այդ ժամանակ, երբ Աբրահամյան եղբայրների որդիները բախվեցին «տեղանքում»  հայտնի Գազի Հովոյի հետ, բացի գիշերային կրակոցները, հրկիզվեցին տաքսի ծառայության մեքենաներ: Իսկ երբ դեպքի փաստով ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց, Աբրահամյանների ընտանիքն իրավապահներին  հանձնեց իր «թիկնապահներից» մի քանիսին: Դրանից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր որդուն եւ եղբորորդուն ուղարկեց  Փարիզ։ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս