Եվրոպայի կողմից խրախուսված Կիևը, ավելի քիչ է հակված խաղաղության գործընթացին և ավելի շատ մտադիր է շարունակել պատերազմը՝ ի վնաս Ուկրաինայի և ԵՄ քաղաքացիների շահերի, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԵՄ-ի գագաթնաժողովին, որն ընթանում է այս օրերին, Եվրամիության առաջնորդները կքննարկեն յոթամյա բյուջեն, այդ թվում՝ Ուկրաինայի ֆինանսավորումը։ Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե արդյոք Կրեմլը հետևում է հանդիպմանը։
«Եվրոպացիների կողմից խրախուսված և հրահրված Կիևի ռեժիմը ավելի քիչ է հակված խաղաղության գործընթացին և ավելի շատ մտադիր է շարունակել պատերազմը։ Առաջին հերթին՝ ի վնաս Ուկրաինայի քաղաքացիների, ինչպես նաև եվրոպական երկրների քաղաքացիների շահերի, որոնք դպրոցների վերանորոգման, նոր հիվանդանոցների և սոցիալական հաստատությունների կառուցման, նպաստների վճարման և իրենց ուսուցիչների ու բժիշկների աշխատավարձերի բարձրացման փոխարեն այդ գումարը ծախսում են զինամթերքի վրա», – լրագրողներին ասել է Պեսկովը։



























