ԻՇԽՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵՑ ԲՈՒՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք այժմ էլ ԲՀԿ-ի օրակարգում է հայրենի կառավարության հրաժարականի պահանջը: Պատգամավորը հայտարարեց, որ իրենց մոտ որեւէ փոփոխություն չկա այդ հարցում, ավելին՝ իրենք կողմ էին, որ դա սկսվեր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականով, սակայն իշխանությունները դա թույլ չտվեցին: Փորձել ենք պարզել նաեւ՝ արդյոք ԲՀԿ-ում կարծում են, որ ՍԴ երեք նոր դատավորների ընտրությամբ այնտեղ առկա ճգնաժամը լուծվել է:

 

-Տիկի՛ն Իսայան, Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը կարծես լուծվել է: Դուք ե՞ւս այդպես եք կարծում:

-Իրականում մենք առիթ ունեցել ենք էս մասին խոսելու: Ճգնաժամը իրականում առաջացել է, քանի որ տեղի էին ունենում աշխատանքային հանդիպումներ: Անհասկանալի է, որ այս պահին իրենք հայտարարում են, որ ամեն ինչ վերջացած է, բնականոն աշխատանքը կատարվելու է: Մեզ համար անհասկանալի է դեռեւս՝ որ կազմով. նախկինում մեր կողմից հանձնված դիմումը այս կազմը քննարկման առարկա դարձնելո՞ւ է, թե՞ ոչ: Մեզ համար շատ խնդրահարույց է եւ մտահոգիչ: Եվ մենք շարունակում ենք պնդել, որ այս ամենը տեղի է ունեցել Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Իսկ թե ինչպիսին կլինի աշխատանքը, կամ, առհասարակ, աշխատանքային պրոցեսն առաջիկայում կկարգավորվի, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել, քանի որ կհետեւենք եւ կհասկանանք, թե ինչպես են տեղի ունենում գործընթացները:

-Այսինքն՝ այն երեք թեկնածուները, որոնք առաջադրվել էին իշխանության կողմից, կարծում եք, որ երեքն էլ չպե՞տք է լինեին Սահմանադրական դատարանում:

-Մենք ընդհանուր համարում ենք, որ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող այս պրոցեսները, որը ամբողջ 7-րդ գումարման ընթացքում մենք զբաղված ենք եղել ՍԴ-ի ամենատարբեր նախաձեռնությունները քննարկելով, եւ, ի վերջո, եզրահանգումն իշխող խմբակցությունը գտել է այս տարբերակով: Մենք ամենասկզբից ասել ենք, որ այստեղ կան Սահմանադրության կոպտագույն խախտումներ, եւ չենք ուզել, որ այս պրոցեսը գնա այս ճանապարհով: Եթե անգամ իրենք նպատակ ունեին  Սահմանադրական դատարանի կազմը փոխել, մեր հորդորն ու կոչը  եղել է, որ այդ ամենը պետք է տեղի ունենա օրինական ճանապարհով: Ցավոք սրտի, իշխող խմբակցությունը մեր հորդորներին ու կոչին ականջալուր չի եղել, եւ այն տարբերակը, որով որ իրենք են ճիշտ գտել եւ, ի վերջո, գտան, իրենք դրանով առաջ գնացին: Իսկ մենք ընդամենը, երբ ներկայացված էին թեկնածուները, ասել ենք, որ չենք ուզում դառնալ մասնակիցը մի պրոցեսի, մեր մասնակցությամբ լեգիտիմացնել մի պրոցես, որը ինքնին համարում ենք, որ սկսվել եւ տեղի է ունեցել Սահմանադրության ոտնահարմամբ:

-Տիկի՛ն Իսայան, կարծես իշխանությունն ապացուցեց, որ ըննդիմությունն ինչ ասում է, իրենք դրա ճիշտ հակառակն են անում: Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությանի հետ կապված՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հարցապնդում, հրաժարական ներկայացրեց, բայց իրենք պահեցին նախարարին՝ չնայած տեղեկություններին, որ իրենք նույնպես դժգոհություններ ունեն նախարարի աշխատանքից: Սա ի՞նչ է նշանակում: Այլեւս անհնա՞ր է լեզու գտնել իշխանությունների հետ:

-Եթե շատ անկեղծ լինեմ, այնպես չէ, որ ես ակնկալում էի, որ խորհրդարանում իշխող մեծամասնությունն իր համաձայնությունը կտար, քանի որ ակնհայտ էր բոլոր քննարկումների ժամանակ. փոխարեն խնդրո առարկան հանդիսանար այն մութ դրույթները, այն բովանդակությունը, գաղափարական դրույթները, որոնք առաջ են քաշվում այս օրերին ե՛ւ ընդդիմության, ե՛ւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից, իրենք  փորձեցին շեղել բուն էությունը եւ տանել վիրավորանքների, ոչ պարկեշտ ձեւակերպումների դաշտ՝ դրանով իսկ շեղելով հանրության ուշադրությունը համակարգում առկա բուն խնդիրներից: Արդեն իսկ հասկանալի էր, որ ակնկալել, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը լուրջ խնդրո առարկա կդարձնի ոլորտում առկա խնդիրները, պարզ էր, որ տեղի չի ունենալու:

-Բացի Արայիկ Հարությունյանի հրաժարականից, ԲՀԿ-ն օրակարգում ունի՞ այլ նախարարների կամ կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջը:

-Եթե հիշում եք, հունիսի 5-ին կայացած մեր քաղխորհրդի նիստից հետո, երբ պարոն Ծառուկյանը հստակ հանդես եկավ հայտարարությամբ, դրանից հետո մենք որեւէ այլ հայտարարություն չենք արել, ինչը թույլ է տալիս մտածելու, որ որեւէ բան մեր ծրագրերում, որեւէ պլան չի փոխվել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԾԱԽՍԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ԿՆԵՐԴՐՎԻ

ՀՀ ազգային ժողովը քննարկում է գործադիրի կողմից ներկայացված նոր օրենքի նախագիծ, որով ներդրվում է նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտ, ընդլայնվում է հայտարարատուների շրջանակը: «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

«Նախագծերով մասնավորապես առաջարկում ենք հայտարարատուի ֆինանսական շարժի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու նպատակով ներդնել նոր՝ ծախսերի հայտարարագրման ինստիտուտը: Օրենքով սպառիչ թվարկված ծախսերի դեպքում, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է 2 մլն ՀՀ դրամը, ապա այդպիսի ծախսերը ենթակա են հայտարարագրման, կամ եթե նույն տեսակի ծախսի մասով հանրագումարը գերազանցում է 3 մլն ՀՀ դրամը: Որդեգրվել է նաեւ  այն մոտեցումը, որ ցանկացած ծախսի տեսակ, որի մասով ծախսը կգերազանցի 2 մլն դրամը, անկախ սպառիչ թվարկված ծախսերի տեսակներից, ենթակա կլինի հայտարարագրման»,-ասաց նախարարը:

Սպառիչ թվարկված ծախսերն են հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության ծախսերը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարները, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները եւ անշարժ գույքի վերանորոգման հետ կապված ծախսերը:

Նախագծով առաջարկվում է նաեւ հայտարարագրման ենթակա գույք սահմանել  հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը: Առաջարկվում է նաեւ նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 մլն դրամից հասցնելով 4 մլն դրամի կամ համարժեք արժույթի մակարդակ:

Նախատեսվում է նաեւ ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ հայտարարագրման պարտականություն սահմանելով նաեւ համայնքների աշխատակազմերի քարտուղարների, 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների համար: Նախագծերի փաթեթով առաջարկվում է որոշակիորեն ընդլայնել բարեվարքության ստուգման գործընթացին առնչվող կարգավորումները, պրակտիկ խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել, թե ինչ է նշանակում քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը:

 

 

ԴԵՆԴՐՈԼՈԳԸ՝ ՆԱԽԿԻՆ ԲԺԻՇԿ

ArmLur.am-ը տեւական ժամանակ է, ինչ դժգոհություն է ստանում Երեւանի Թումանյան փողոցի բնակիչներից: Պատճառը Թումանյան 15 հասցեի մայթեզրին փորված մեծ եւ անհարմար փոսերն են, որոնք հետիոտնի համար անանցանելի են դարձրել մայթերը, իսկ բնապահպանական տեսանկյունից վնասվել են ծառարմատները: ArmLur.am-ը արձանագրեց, որ կանաչ եւ առողջ ծառերի արմատները տեւական ժամանակ է, ինչ կտրտված են, դուրս ցցված են մնացել, եւ տարակուսելի է, որ վնասված ծառերի նկատմամբ ոչ մի խնամք, հոգատարություն չի ցուցաբերվում: ArmLur.am-ը կապ է հաստատել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինե Վարդանյանի հետ`  պարզելու համար, թե ինչու խնդիրը վերահսկողության տակ չի պահվում՝ խուսափելու համար նման դժգոհություններից:

Նշենք, որ ՀՈԱԿ-ի՝ վերջերս նշանակված փոխտնօրեն Քրիստինե Վարդանյանը քաղաքապետ Հայկ մարությանի կնոջ՝ Իվա Մարությանի ընկերուհին է, ում հովանու ներքո էլ նշանակվել է այդ պաշտոնում: Քաղաքապետի կինն ու Քրիստինե Վարդանյանը միասին աշխատել են Երեւանի պետական բժշկական համալսարանում։ Այսինքն, Երեւանի կանաչապատման պատասխանատուն մասնագիտությամբ բժիշկ է։ Իսկ թե որքանով  Երեւանի բարեկարգման, կանաչապատման համար կարեւոր նշանակություն ունեցող ՀՈԱԿ-ի տնօրեն Քրիստինե Վարդանյանը չի տիրապետում իր լիազորություններն, դա թողնում ենք երեւանցների դատին: Միայն արձանագրենք, որ այնպիսի տպավորություն է, թե Երեւանը քաղաքապետ չունի։ Հայկ Մարությանը աչքաթող է արել իր պարտականությունները, դե իսկ բնապահպանների լռությունը ամենաանհասկանալին է այս իրավիճակում։

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Երեկ Ազգային ժողովը մերժեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարց բարձրացնելու առաջարկը: Առաջարկին կողմ քվեարկեց 35, դեմ՝ 84 պատգամավոր: Գործընթացը նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ վարման կարգի վերաբերյալ հարցին, թե ինչու նախարարը չի ժամանել խորհրդարան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ ինքն է Արայիկ Հարությունյանին ասել, որ կարիք չկա: Տվյալ հարցով քննարկումները խորհրդարանում կայացել էին նախօրեին:




Լրահոս