ԲՀԿ-ԱԿԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է` ԻՐ ՈՐԴԻՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԽԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչներն էլեկտրոնային տարբերակով բաց նամակ են գրել Սերժ Սարգսյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Բնակիչները ներկայացրել են Նոր Նորքում  սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած ծեծկռտուքի ու դանակահարության մեղավորների անունները, որոնք մասնակից են եղել այդ կռվին, սակայն մինչ այսօր ազատության մեջ են գտնվում:Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին` ժամը 22:30-ի սահմաններում, Նոր Նորքի 4-րդ զանգվածի բակերից մեկում դանակահարություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով 24-ամյա Դավիթ Օհանյանը մահացել էր, իսկ 23-ամյա Հակոբ Բուդաղյանին տեղափոխել էին հիվանդանոց: Վեճը ծագել էր աղջկա պատճառով. Դավիթը փորձել էր պաշտպանել ընկերուհու «թասիբը»:Բնակիչները նշում են, որ իրենք ահաբեկված են եւ շուրջ երկու տարի վախի ու կրիմինալի մթնոլորտում են ապրում: Նրանց խոսքերով` դանակահարության ժամանակ մահացած Դավիթը ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկի որդի է: Եւ, ըստ բնակիչների, Նոր Նորքում սպանության եւ ծեծկռտուքի մանրամասները ոչ ոք մինչ օրս ճշգրիտ չի հրապարակել, եւ մեղավորները շարունակում են անպատժելիության մթնոլորտում ազատ տեղաշարժվել:«Պարո՛ն նախագահ,  պարո՛ն ոստիկանապետ, բոլորին էլ հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է 20-ից ավել մարդ, այդ թվում 15-17-ը եղել են հանցագործություն կատարողի` Վարաժ Մանուկյանի ընկերները, բայց թաքցնում են, չեն ուզում պատժել: Նոր Նորքի ոստիկանության պետ հարգելի պարոն Մուշեղ Օհանյանը չի մտածում, որ վաղն այդ հանցագործները, հնարավոր է, իր ընտանիքին, բարեկամին կամ մերձավորին վնասեն: Ինչո՞ւ մինչ այսօր չի ասվում, որ կռիվ սարքողն ու անմիջական մասնակիցը Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արտակ Ավետիսյանի որդի Նարեկն ու իր ոհմակն են»,-նշում են նամակագիրները:Բնակիչներն ասում են, որ ուղղակի վախի պատճառով են էլեկտրոնային նամակ ուղարկում: «Դեպքի հետ կապված մանրամասները կոծկելով ակտիվորեն զբաղվում են Նոր Նորքի ոստիկանության պետի տեղակալ Բաղյանը, Նոր Նորքի թաղապետ Մելիք Գասպարյանը, թաղապետի եղբայր, ոստիկանության 7-րդ վարչության աշխատակից Արտակ Գասպարյանը (ով մարդասպանի քավորն է), ովքեր «Բարգավաճի» Արտակի մտերիմ ընկերներն են: Բոլորը գիտեն  Արտակ Ավետիսյանի տղաներին` Նարեկ, Տարոն, Ռաֆայել, Թադեւոս Ավետիսյաններին, իրենք դեպքի վայրում եղել են իրենց մեքենաներով` «Մերսեդես» 19-004, «Մերսեդես» 99-991, «Վազ 2121» 65-555,  «Գրանդ Չերոկի» 08-778»,-պատմում են Նոր Նորքի բնակիչները:Իսկ վերջում նշում են, որ ԲՀԿ-ական Արտակ Ավետիսյանի եղբայրը` Արտաշը, հայտնի թմրամոլ է, իսկ մյուս եղբայրը քրեական աշխարհում հայտնի է Բառեց Արսեն մականվամբ. «Սա է թաղապետի աշխատանքի ոճը, սա է կաշառակեր Բաղյան կոչեցյալի ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասեր ավագանին»:«Ժողովուրդ»-ը նամակի բովանդակության առնչությամբ զրուցեց Նոր Նորքի ոստիկանության պետ պարոն Մուշեղ Օհանյանի հետ: Նա տեղյակ էր բնակիչների նամակի բովանդակությունից: Պարոն Օհանյանն ասաց, որ այդ վիճաբանությանը մասնակցել են մոտ 10 երիտասարդ տղաներ, բայց դեպքի վայրում այլ մարդիկ էլ են ներկա գտնվել. «Երկկողմանի խուլիգանություն է եղել, նրանք, ովքեր մասնակցել են այդ կռվին, ամբողջությամբ պետք է պատժվեն»:Իսկ ինչ վերաբերում է նամակի այն հատվածին, որ Մուշեղ Օհանյանը չի մտածում, որ իր հարազատներին եւս կարող են այդ երիտասարդները վնաս պատճառել, Նոր Նորքի ոստիկանության պետն ասաց. «Ինձ համար իմ ընտանիքի անդամները կամ հասարակ քաղաքացիները ազատ, անկախ պետության ազնիվ քաղաքացիներ են, տարբերություն չկա, ուզում է իմ հարազատներին, իմ ընտանիքի անդամներին կամ քաղաքացիներին վերաբերվի, ես պարտավոր եմ նրանց անվտանգությունն ապահովել, ես ուղղակի ողջունում են այդ քաղաքացիների արարքը, եւ եթե իրենք վախենում են, ապա կարող եք իմ հեռախոսահամարը փոխանցել, թող զանգահարեն ինձ, ես ճիշտ պատասխանը տամ… Ինչ վերաբերում է ինձ ենթակա բաժնի պետի տեղակալ Բաղյանին, ապա նա գիշեր-ցերեկ աշխատում է գործի բացահայտման համար, նա օգնում է գործին եւ ոչ թե խանգարում»:«Իսկ ինչո՞ւ եք թաքցնում Երեւանի ավագանու անդամ ԲՀԿ-ական Արտակ Ավետիսյանի որդիներին». այս հարցին ի պատասխան` Օհանյանն ասաց. «Իսկ ո՞վ ա ասում, որ չի ասվում, ո՞վ ա մեզ հարցրել, որ մենք չենք ասել: Ի՞նչ կապ ունի` ԲՀԿ-ական ա, թե ՀՀԿ-ական, մեզ համար տարբերություն չկա, մենք ոստիկան ենք, իմ բնավորությունը իմանալով` ոչ ոք էլ չի միջամտում: Մենք իրավախախտին ենք պատժում: Դուք էլ որ նշեցիք` ԲՀԿ-ականի որդիներն են, այո՛, իրենք մասնակից են կռվին, որոնք փախած են, որոնց նկատմամբ խուզարկություններ են կատարվել բնակարաններում, նրանց դեմ բոլոր ճանապարհները փակված են, եւ նրանք, միեւնույն է, օրենքի առաջ պետք է պատասխան տան, դա օրերի կամ ժամերի խնդիր է, հիմա էլ որոնողական աշխատանքներ են տարվում»:Մուշեղ Օհանյանը նշեց, որ հարցաքննվել է վեճի «առիթ» դարձած աղջիկը. վերջինս հաստատել է ամեն ինչ:«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Արտակ Ավետիսյանի հետ: Նա ասաց, որ ինքը երեք տղա եւ մեկ դուստր ունի, Թադեւոս Ավետիսյանն իր եղբոր որդին է: Նրա մյուս հայտարարությունը սենսացիա կարելի է համարել: Ավագանու անդամն ասաց, որ իր տղաները փախուստի մեջ չեն գտնվում, եւ հնարավոր է, որ այդ վիճաբանությանը ներկա է եղել միայն իր որդի Նարեկը: Ավետիսյանը շատ վրդովված էր եւ ասաց, որ ինքը կգա խմբագրություն եւ պարզաբանում կտա` այդ վիճաբանության հետ կապված: «Ժողովուրդ»-ը հետեւելու է այս խուլիգանական պատմությանը` հասկանալու համար, թե արդյոք, ի վերջո, պատժվելու են «լավ պապաների» տղաները:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս