ԲԱՆԴԱՆ ՆԱԵՎ ԹՄՐԱՄՈԼ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի օր է` շարունակվում են տեղեկություններ հրապարակվել սեպտեմբերի 23-ին վնասազերծված ավազակախմբի վերաբերյալ, որը վերջին շրջանում մուտք էր գործում պաշտոնյաների բնակարանները, ծեծում բնակիչներին եւ գումար ու թանկարժեք իրեր հափշտակում:Ոստիկանությունը նկարագրել է, թե նշված օրը` 06:00-ի սահմաններում, ինչպես է Մյասնիկյան պողոտայում կանգնեցվել «Մերսեդես-Բենց» մակնիշի 60 ՕՕ 086 պետհամարանիշի ավտոմեքենան, որի վարորդը, չենթարկվելով ոստիկանության ծառայողների պահանջներին, հետընթաց ուղղությամբ դիմել է փախուստի: Վարորդը եւ ուղեւորը, թողնելով ավտոմեքենան, դիմել են փախուստի եւ կրակել իրենց հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Մյասնիկյան պողոտայի Սարալանջի տակ գտնվող թփուտներում հայտնաբերվեց, վնասազերծվեց եւ բերման ենթարկվեց Արթուր Մանուկյանը: Փախուստի դիմած անձանցից մեկի` ժայռից վայր ընկած եւ մահացած, նախկինում չորս անգամ դատված Գուրգեն Հայրապետյանի տաբատի գրպանից ոստիկանները հայտնաբերեցին մոտ 2 գ ափիոն թմրամիջոցի նմանվող զանգված: Ժամը 8:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից բերման ենթարկեցին նախկինում երկու անգամ դատված Դավիթ Գալստյանին, երեք անգամ դատված Սամվել Դավթյանին, երկու անգամ դատված Արամ Հայրապետյանին:Նույն օրը` ժամը 16:45-ին, ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին Հովսեփ Հովնանյանին: Սեպտեմբերի 24-ին` ժամը 22:00-ին, Հրաչյա Աճառյան փողոցի մի ռեստորանային համալիրից բանդիտիզմի կասկածանքով բերման ենթարկեցին նախկինում վեց անգամ դատված Արտուշ Հակոբյանին: Նույն վայրից բերման ենթարկվեց նաեւ նախկինում չորս անգամ դատված Ռուբեն Կարաօղլանյանը: Արտուշ Հակոբյանին պատկանող «Համեր» ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց ասպիրին-ուպսա դեղահաբի տուփ` դեղնականաչավուն զանգվածով:ՀՀ ոստիկանության ՔՀԳ, ԿՀԴՊԳ եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամիսներ առաջ ավազակային հարձակումներ կատարելու նպատակով Արտուշ Հակոբյանը եւ Գուրգեն Հայրապետյանը կազմակերպել եւ ղեկավարել են զինված խումբ (բանդա)` ընդգրկելով Դավիթ Գալստյանին, Սամվել Դավթյանին, նախկինում մեկ անգամ դատված Արթուր Մանուկյանին եւ Քյարամ Ամոյանին: Արտուշ Հակոբյանը(«Գառնու Սուրիկի լավաշ»-ի սեփականատերը), Արթուր Մանուկյանը, Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը կալանավորված են:Արամ Հայրապետյանը, Հովսեփ Հովնանյանը, Ռուբեն Կարաօղլանյանը, Աշոտ Մարտիրոսյանը ձերբակալվել են:Բանդայի հանցավոր գործունեությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումները շարունակվում են»:Նշենք, որ ոստիկանները բոլոր 16 ձերբակալվածների մոտից հայտնաբերել են զենք-զինամթերք եւ թմրանյութեր: Սակայն որեւէ պաշտոնյայի որդի այդպես էլ չհայտնաբերվեց բանդայի մեջ: Թեեւ հարցաքննության էր կանչվել ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին, սակայն նրան արդեն ազատ են արձակել:Իհարկե, ոստիկանությունը փորձեց մեծ շուքով մատուցել օպերատիվ գործողությունների ընթացքը, թե տեսե՛ք` ինչ աշխատանքներ կատարեց ոստիկանությունը եւ ինչ վտանգավոր հանցախումբ է վնասազերծել: Չթերագնահատելով այդ աշխատանքը` ընդգծենք, որ ոստիկանությունն, այնուամենայնիվ, թերացել է իր պարտականությունները կատարելիս: Եթե բոլոր ձերբակալվածները նախկինում միջինը 4-5 անգամ դատված են եղել, ինչո՞ւ նրանք պրոֆիլակտիկ հսկողության տակ չեն գտնվել նույն 6-րդ վարչության կողմից: Ինչո՞ւ նրանք չեն եղել ոստիկանության ուշադրության կենտրոնում: Եթե ոստիկանները ժամանակին իրենց աշխատանքը կատարեին, այդքան մարդկանց բնակարաններ չէին թալանվի: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ նախկինում էլ` նույնիսկ Սովետական Միության տարիներին, միշտ գործել են բանդաներ, որոնք ինչ-ինչ ներքին հարցեր են լուծել: Եւ հաշվի առնելով անցյալը` չպետք է բացառել, որ այս ավազակախումբը եւս կարող էր ինչ որ մեկին ձեռնտու լինել, քանի որ նրանք մտել են այնպիսի բնակարաններ, որտեղ իսկապես «տանելու բան կար»:   ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԼուսանկարները` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս