Մարդկությունը չի վերանա, քանի դեռ արև է շողում․ երբ հայերը կերտում են #նորապագա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևի ճառագայթը երկիր մոլորակ է հասնում 8 րոպեների ընթացքում։ Գերմանիայի Աէրոտիեզերական կենտրոնի համաձայն, եթե Սահարայում տեղադրվեն արևային վահանակներ, անապատի 1% բավարար կլինի ամբողջ մոլորակն էներգիայով ապահովելու համար։ Չինացի գիտնականները պլանավորում են տիեզերքում ստեղծել առաջին արևային էլեկտրակայանը, որի մշակման արժեքը կհասնի 1 տրիլիոն դոլարի։

Այս և շատ այլ առաջին հայացքից ուղեղում չտեղավորվող գաղափարները պարզապես չէին էլ ծնվի, եթե չլիներ արևային էներգիայի գաղափարի մարգարե Հակոբ Չամիչյանը (Լուիջի Ջակոմո Չամիչյան․ 1857-1922)։ Կերտելով #նորապագա նախորդ դարասկզբին, իտալահայ քիմիկոսը ստեղծել է ժամանակակից արևային վահանակների նախատիպը, հիմնադրել լուսաքիմիան ու էմիսիոն սպեկտրադիտումը, ինչպես նաև հսկայական ներդրում ունեցել քիմիական զենքի դեմ պաշտպանական միջոցներ մշակելու գործում։
Լինելով հայազգի ընտանիքի զավակ՝ Չամիչյանը միշտ հպարտացել է իր ծագմամբ և ժառանգությամբ։ Չամիչյանների ընտանիքի հիմնադիր է համարվում 18-րդ դարի մեծանուն հայազգի պատմաբան, քերականագետ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամիչյանը, ով Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր։

Դոկտորական դիսերտացիա՝ առանց համալսարանի դիպլոմի․

Ջակոմոյի տաղանդը փայլել է դեռ երիտասարդական տարիքից։ Երբ 1877 թվականին Չամիչյանը Վիեննայի համալսարանի գիտական խորհրդին ներկայացրեց իր դոկտորական դիսերտացիան, աշխատանքը չընդունեցին պաշտպանության։ Չնայած այն հանգամանքին, որ գիտական նյութն ամբողջությամբ հիմնված էր Ջակոմոյի սեփական ուսումնասիրությունների վրա և ուղեկցվում էր կարկառուն մասնագետներ Բարտի և Վայդելի փայլուն ակնարկներով, գիտնականին մերժեցին իր երիտասարդ տարիքի պատճառով․ քսանամյա Չամիչյանն այդ ժամանակ անգամ համալսարանի դիպլոմ չուներ։

Տարիներ անց երիտասարդ գիտնականի զեկույցը լսած պրոֆեսորները կխոստովանեն, որ նրանց շփոթեցրել էր ոչ միայն Չամիչյանի տարիքը․ ոլորտի կարկառուն ներկայացուցիչներից շատերը պարզապես չէին հասկացել տաղանդավոր ուսանողի աշխատանքն ու դրա գիտական արժեքը։

Հանրային ճանաչում ստանալուց հետո 1910 թվականին Չամիչյանին ընտրել են իտալական պառլամենտի անդամ, որտեղ պատգամավորը զբաղեցրել է գիտահետազոտական և կրթական հաստատությունների հարցով հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

4,5 մլրդ տարի գոյություն ունեցող արևը՝ էներգիայի հզոր աղբյուր

1912 թվականին՝ Կիրառական քիմիայի ութերորդ միջազգային կոնգրեսի ժամանակ, Ջակոմո Չամիչյանն առաջ է բերել բեկումնային գաղափար․ արևային էներգիան կարելի է օգտագործել որպես այլընտրանք այն ժամանակ ընդունված քարածուխին։ Նույն տարում գիտնականն իր լաբորատորիայի տանիքում տեղադրել է արևային վահանակներ, որոնք սենյակի լուսավորման համար բավարար էներգիա էին արտադրում։ Հենց Չամիչյանին է պատկանում «Մարդկությունը չի վերանա, քանի դեռ արև է շողում» թևավոր դարձած արտահայտությունը։ Համաժողովի իր ելույթից մեկ այլ հատված փաստում է․ Չամիչյանը հիրավի տիեզերական մտածողություն ուներ։
«Չոր հողերի վրա կտարածվեն արդյունաբերական կենտրոններ՝ առանց ծխացող խողովակների, և ամենուր՝ սարերի լանջերին ու հարթավայրերին, կբարձրանան ապակե շինություններ։ Այդ շինությունների կկատարվեն ֆոտոքիմիական այնպիսի գործընթացներ, որոնք մինչ այժմ անհայտ գաղտնիք են եղել։ Եվ մարդկային քաղաքակրթությունն այս ամենը կյուրացնի, ու եթե մոտ ապագայում անգամ ածխի պաշարներն ամբողջությամբ սպառվեն, քաղաքակրթությունը չի վերանա․ այն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ արև է շողում»։

40 արտոնագիր ու Նոբելյան մրցանակի 9 հավակնություն․

Ջակոմո Չամիչյանը եղել է Իտալիայի քիմիական միության նախագահ, Իտալիայի Ազգային ակադեմիայի, Հռոմի թագավորական ակադեմիայի, Բրիտանական թագավորական ընկերության, Փարիզի Գիտությունների ակադեմիայի անդամ, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից անդամ։

Իր կյանքի ընթացքում Չամիչյանն արտոնագրել է 40-ից ավելի գյուտ, հեղինակել 400—ից ավելի գիտական աշխատանք: Գիտնականը 9 անգամ եղել է Նոբելյան մրցանակի հավակնորդ, սակայն այդպես էլ այն չի ստացել՝ 1922 թվականին վաղաժամ մահանալու պատճառով։
Գիտնականի մահվանից հետո իր հայրենի Տրիեստ քաղաքի այն փողոցը, որտեղ նա անցկացրել է իր մանկությունը, վերակոչվել է Ջիակոմո Չամիչյանի անունով: Իսկ Բոլոնիայի քիմիական ինստիտուտը, որի մոտ կանգնեցված է արևային էներգետիկայի նախահոր հուշարձանը, այսօր կրում է Ջակոմո Չամիչյան անունը:

Հոդվածը ստեղծվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։ Ցուցաբերելով հոգատարություն մեր հաճախորդների, մեր անձնակազմի ու մեր շրջապատի նկատմամբ, կիսելով արժեքներն ու մարտահրավերները, մենք նպատակ ունենք միասին կերտել ավելի լավ ապագա՝ օգնելով հազարավոր կանանց ու տղամարդկանց բարելավել իրենց կյանքը։




Լրահոս