ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրանում է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ տարին: Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ հետո, տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որտեղ էլ բացարձակ առավելություն ունեցավ «Իմ քայլը» դաշինքը: Ընտրողները 884 հազար 849 ձայն տվել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին։ Վարչապետի պաշտոնակատարի առաջնորդած ուժը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ 70,43 տոկոսը։ Երկրորդ տեղում էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 103 հազար 837 ձայն կամ 8,27 տոկոս։ Եվ եռյակը եզրափակում էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ 80 հազար 49 ձայն կամ 6,37 տոկոս: Ըստ այդմ,  «Իմ քայլը» դաշինքը նոր ԱԺ-ում ունեցավ 88 աթոռ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18։ Իսկ ի՞նչ է արել խորհրդարանն այս երկու տարիների ընթացքում:  Նախորդ մեկ տարվա ընթացքում խորհրդարանը թերեւս ավելի կառուցողական էր աշխատում, փորձում էին ընդունել այնպիսի նախագծեր, որոնք կարող են օգտակար եւ կարեւոր լինել քաղաքացիների համար, սակայն այս տարվա ընթացքում խորհրդարանը վերածվեց իշխանության եւ ընդդիմադիր խմբակցությունների միջեւ բանավեճի հարթակի: Այսօր արդեն, ելնելով այսօրվա իրողություններից, այդ սրումն ավելի է խորացել, եւ չի լինում որեւէ նախագիծ, որի քննարկման ժամանակ խորհրդարանում կրքերը չբորբոքվեն:

Ավելին՝ այսօր խորհրդանշական է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը քաղաքացիներին ուղղորդում է ԱԺ ժամը 16։00-ին՝ իր կամքը իշխող ուժին պարտադրելու համար։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին Հայաստանի Հանրապետական կուսակցության վերնախավը քննարկում է ունեցել, որի ժամանակ հայտարարվել է, թե Հայաստանում առաջիկա ամիսներին արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, ու պետք է շատ ակտիվ պատրաստվել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ականներին ասել են, թե ընտրությունները լինելու են մայիս-հունիս ամիսներին, ինչի համար էլ պետք է բոլոր ջանքերը ներդնել այդ ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ կարելի է ասել՝ գրեթե նույն ժամանակահատվածի համար էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է իր փակ հանդիպումներում խոսում ԱԺ արտահերթ ընտրությունների մասին: Ըստ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն օրերս գործարարների հետ է առանձին-առանձին հանդիպումների ժամանակ իր խոսքում ակնարկել, որ պետք է պատրաստվել ԱԺ արտահերթ ընտրությունների ու հորդորել է միասին գնալ այդ ընտրություններին: Այսինքն՝ կարելի է ասել, որ ընդդիմությունն ու իշխանությունը նույն ժամանակահատվածում են պլանավորում արտահերթ ընտրությունների անցկացումը, սակայն քաղաքական իշխանությունները դրա մասին չեն ցանկանում դեռեւս բարձրաձայնել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունների կողմից հրահանգ է եղել հայրենի մի շարք պաշտոնյաներին ամանորյա օրերին դուրս չգալ երկրից: Ըստ մեր տեղեկությունների՝ սահմանապահներին պաշտոնյաների ցուցակ է ներկայացվել, ըստ որի՝ նրանք պետք է հետեւեն պաշտոնյաներին անուն առ անուն՝  թույլ չտալով դուրս գալ երկրից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ պաշտոնյաների ցանկում են թե՛ հայրենի գործադիր մարմնի ներկայացուցիչները, թե՛ օրենսդիր մարմնի, որոնց արգելվելու է Հայաստանը լքել: Կարելի է ասել՝ պետական «ապարատում արդեն տեղեկացված են, որ իրենց ելումուտի վրա արգելանք է դրված, ու վերջիններս եթե անգամ մտադրություն ունեն Նոր տարի դիմավորել, տոնական միջոցառումներ կազմակերպել, ապա դա պետք է անեն միմիայն Հայաստանում: Հիշեցնենք, որ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ Երեւանը չի զարդարվելու, գլխավոր տոնածառ չի դրվելու, եւ ժամանակ առ ժամանակ բանավեճեր են ընթանում Ամանորը նշել-չնշելու հետ կապված:

 

 

 

Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի գների բարձրացում է արձանագրվել: Յուրաքանչյուր դեղահատիկի մեջ թանկացումը կազմել է 15-20 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գրեթե բոլոր դեղատներում անհրաժեշտ դեղամիջոցներն (անոթային, սրտանոթային, ճնշում իջեցնող դեղամիջոցերը) արդեն մի քանի օր է՝ թանկ գնով են վաճառվում: Օրինակ՝ թանկացել է «Կարդիո մագնիլ»-ի մեկ տուփը. այն 2100 դրամից դարձել է 2300 դրամ: Իսկ, ահա, «Տրիպլիկսամ»-ի մեկ հատիկը 235 դրամից թանկացել է՝ դառնալով 250 դրամ, «Կոնկորի» 5մգ մեկ դեղահատիկի գինը բարձրացել է 2 դրամով՝ 58-ից դառնալով 60 դրամ, «Պրեստանս»-ի (5/5) մեկ հատիկը 150-ից դարձել է 165, նույն դեղամիջոցի, բայց 10/10-ը, 200-ից դարձել է 207 դրամ: Որոշ դեղատների աշխատողների խոսքերով՝ թանկացման պատճառը դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ հիմնական դեղորայքը ներկրվում է: Համաձայնեք, որ նշված դեղամիջոցների գնաճը մտահոգվելու առիթ է, եւ այս առումով իշխանությունները, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը եւս չպետք է ձեռքները ծալած նստի: Բացի այս, քանի որ դեղերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններով զբաղվում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ուստի հուսանք, որ դեղերի թանկացումը իրենց աչքից չի վրիպի:

 

 




Լրահոս