«Ե՞ՐԲ ՎԵՐՋԱՊԵՍ ԿԳՈՐԾԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԿԵՍԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի այսքան սպասված կրկեսի նոր շենքը, ըստ գլխավոր ինժեներ Ավագ Հովհաննիսյանի, պետք է լինի գերժամանակակից եւ հարմարավետ, եւ ինչպես գլխավոր ինժեներն է նշել, Երեւանի կրկեսի շենքն իր տեսակով աննախադեպ է լինելու ամբողջ տարածաշրջանում։

 

Նշենք, որ դեռեւս 2011 թվականի մարտին Երեւանի քաղաքապետարանի ու «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ մեկնարկեցին Երեւանի կրկեսի շինարարական աշխատանքները:

Ի դեպ, նախապես պլանավորել էին պարզապես նորոգել հին շենքը, բայց հետո որոշեցին նոր շենք կառուցել, եւ  2012 թվականին կրկեսի հին շենքը քանդվեց։

Ե՞րբ  Երեւանի միակ կրկեսն իր դռները կբացի այցելուների առաջ. ArmLur.am-ը  բոլորին մտահոգող այս հարցի շուրջ զրուցել է Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր, Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, կրկեսի շենքն այս տարեվերջին արդեն պատրաստ կլինի, իսկ մինչ այդ Սոս Պետրոսյանն ընդգծեց, որ նրանք պատրաստվում են Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակի  եւ արձանի բացման արարողությանը:

«Ինձ կրկեսից վստահեցրել են, որ այս տարի՝ մինչեւ տարեվերջ, կրկեսը կբացվի, մենք ամեն օր հետեւում ենք: Նոր կրկեսում լինելու են ե՛ւ կենդանիներ, ե՛ւ կրկեսային արվեստի բոլոր ժանրերը: Մեր կրկեսը լինելու է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան. եթե առաջ 18 մետր էր բարձրությունը, եւ չէինք կարողանում  լավագույն  օդային տեսարանները ցուցադրել, քանի որ առաստաղը ցածր էր, հիմա արդեն կլինի 25 մետր, որը բերված է Սանկտ Պետերբուրգից, արդեն հնարավորություն կտա օդային ատրակցիոններ անել: Մեր կրկեսը կլինի ամենաժամանակակից կրկեսներից մեկն աշխարհում: Իսկ առաջիկայում մենք պատրաստվում ենք Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան նվրված պուրակի բացմանը, կլինի մեծ կրկեսային համարների ցուցադրություն»,- նշեց Սոս Պետրոսյանը:

Մեր զրուցակցը հավելեց, որ  իրենց դպրոց-ստուդիայում կրկեսային բոլոր ժանրերն էլ կան` լարախաղացություն, ակրոբատիկա, ծաղրածուական արվեստ, օրիգինալ ժանր, գրոտեսկ։ Բոլոր ցանկացողները, որոնց վեց տարին լրացել է, կարող են գրանցվել, բայց ոչ բոլորը կարող են սովորել այնտեղ, որովհետեւ դպրոց-ստուդիան կրկեսային սեփական տարածք չունի։

Հիշեցնենք, որ Երեւանի կրկեսի առաջին շենքը փայտից էր եւ կառուցվել էր 1928 թվականին։ 1939 թվականին 800 հանդիսատեսի համար նախատեսված նոր շենք էր կառուցվել Նիկոլայ Բունիաթյանի նախագծով։ Այդ շենքն ամբողջությամբ վերաձեւափոխվել էր 1962 թվականին։

Չնայած արդեն 10 տարի ձգված կրկեսի շենքի կառուցման աշխատանքներին՝ լիահույս ենք, որ վերջապես երբեմնի ճախրող կրկեսը նորից իր դռները կբացի փոքրիկների առաջ եւ կվերականգնի երբեմնի փառքը:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՀԱՄԵՐԳ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Գերմանացի հանրաճանաչ թավջութակահար Միշա Մայսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եզակի համերգով հանդես կգա Երեւանում:

 

Երեկոն տեղի կունենա փետրվարի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգը կղեկավարի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Ծրագրում կհնչի Չայկովսկու Նոկտյուրնը՝ գրված թավջութակի եւ նվագախմբի համար, Բրուխ՝  Kol Nidrei, Սեն-Սանսի թիվ 1 թավջութակի կոնցերտը եւ Բեթհովենի թիվ 7 սիմֆոնիան:

Միշա Մայսկին աշխարհի լավագույն թավջութակահարներից է: Նա միակ թավջութակահարն է, որն ուսանել է երկու մեծագույն վարպետների՝ Մ. Ռոստրոպովիչի եւ Գ. Պյատիգորսկու մոտ: Մ. Ռոստրոպովիչն այսպես է բնութագրել Մայսկուն. «…ամենահանճարեղ տաղանդներից է. նրա կատարման մեջ պոեզիան ու բացառիկ նրբագեղությունը միաձուլվում են հզոր տեմպերամենտի եւ փայլուն տեխնիկայի հետ»:

Միշա Մայսկին առաջին անգամ Երեւան է եկել 2007 թվականին Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով։

Մայսկին ծնվել է Ռիգայում, ավարտել Մոսկվայի կոնսերվատորիան, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր է: Հանդիսանում է Deutsche Grammophon-ի բացառիկ արտիստ, վերջին 25 տարիների ընթացքում 30 ալբոմ է ձայնագրել այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Վիեննայի, Բեռլինի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի սիմֆոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Փարիզի, Նյու-Յորքի կամերային Orpheus եւ այլ նվագախմբերը: Նա առաջին երաժիշտն է, որը ձայնագրել է թավջութակի համար գրված Յ. Ս. Բախի բոլոր ստեղծագործությունները: Մայսկու ձայնագրությունները բարձր գնահատական են ստացել քննադատների կողմից եւ արժանացել հեղինակավոր մրցանակների՝ ճապոնական Record Academy Prize (5 անգամ), Echo Deutscher Schallplattenpreis (3 անգամ), Grand Prix du Disque Ռ Diapason d’Or of the Year եւ բազմիցս  հավակնել են «Գրեմմի»-ի:

 

 

 

 

ՀՐԱԺԵՇՏ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն «Արարատից» Կարագանդայի «Շախտյոր» տեղափոխվելուց հետո թվիթերյան գրառումով հրաժեշտ է տվել երեւանյան ակումբին: «Կկարոտեմ բոլորին «Արարատում»: Այստեղ անցկացրի հիանալի ժամանակ, որի ընթացքում մենք պայքարեցինք եւ մրցաշրջանի կեսին հասանք առաջատար դիրքի: Հեռանալու որոշումը շատ դժվար տրվեց: Պանդեմիայի պատճառով երկրպագուներին հանդիպելու հնարավորություն չեղավ, բայց այստեղ ես միշտ զգացել եմ նրանց սերն ու աջակցությունը»,- գրել է Ուդոն: Հիշեցնենք, որ 25-ամյա նիգերիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ Գյումրիի «Շիրակից» էր տեղափոխվել «Արարատ», որի կազմում անցկացրել է 10 հանդիպում: Հայաստանում Ուդոն հանդես է եկել նաեւ ԵրԵւանի «Ուրարտուում» (նախկին «Բանանց»):

 

 

 

ՓՈԽԱՆԱԿՎԵԼ ԵՆ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնության առաջին տուրից հետաձգված հանդիպումից հետո մարզաշապիկներով փոխանակվել է «Էլչեի» դարպասապահ Էդգար Բադիայի հետ: Բարսելոնայում ծնված 29-ամյա իսպանացի դարպասապահը խաղից հետո խնդրել է 33-ամյա Մեսիի մարզաշապիկը: Նա զարմացել է, որ արգենտինացին էլ իր հերթին խնդրել է նրա մարզաշապիկը: Հիշեցնենք, որ հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը տնային հաղթանակ էր տարել 3։0 հաշվով, իսկ Մեսին դարձել էր դուբլի հեղինակ:

 

 

 

ԺԱՄԱՆԵԼ Է

Հայտնի մարդասեր եւ բժիշկ Բեռնարդ Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով, որը շարունակում է Հայաստան եւ Արցախ հրավիրել աշխարհի մարդասիրության ոլորտի առաջատարներին՝ ուսումնասիրելու տեղի բնակչությանն օգնելու եւ Արցախի միջազգային կարգավիճակին նպաստելու նոր հնարավորություններ: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար եւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշներին ուղեկցել են մարդասիրության ոլորտի գործիչներ՝ «Միջազգային համերաշխություն» կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին: Միասին նրանք հնարավորություն կունենան առավել հանգամանալից ծանոթանալու «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող տարածաշրջանային մարդասիրական նախագծերին, որոնք նպաստում են ձեռներեցության զարգացմանը,  վերականգնում են ենթակառուցվածքները եւ խթանում տնտեսությունը: «Ես երախտապարտ եմ Հայաստան եւ Արցախ այցելելու հնարավորության համար եւ արտահայտելու իմ համերաշխությունը պատերազմից տուժածներին»,- ասել է բժիշկ Քուշները: Հայաստան ժամանելուց հետո պարոն Քուշներն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, ապա ուղեւորվել է Արցախ՝ հայտնելու  իրենց համերաշխությունը եւ աջակցելու տեղի մարդասիրական ջանքերին, այդ թվում՝ նրանց, որոնք իրականացվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության աջակցությամբ:

 




Լրահոս