ՆԱԽԱԳԱՀԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ՍԿՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի հանդիպումներ է ունեցել: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ունեցել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Փետրվարի 24-ին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իր գործընկերների հետ միասին հայտարարություն տարածեց, թե պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Դրանից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկվեց:

 

Այսպիսի հանդիպումներ ունենալու մասին Արմեն Սարգսյանը խոսել էր փետրվարի 25-ին: «Երկրում լարվածության թուլացման եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ», – նշված էր հայտարարության մեջ: Ըստ այդմ,  Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր: Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Արմեն Սարգսյանը իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց մոտեցումներն ու տեսակետները:   Արմեն Սարգսյանը հանդիպել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում հանրապետության նախագահի եւ խորհրդարանի դերը:

Իսկ ի՞նչ է քննարկել Արմեն Սարգսյանը ընդդիմադիր ուժերի հետ: Մանրամասները ներկայացրել էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:  Հանդիպումից հետո Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՀ նախագահին են ներկայացրել իրենց տեսակետները՝ երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված:

«Մենք խնդրեցինք նախագահին, որ, որպես Սահմանադրության երաշխավոր, իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում արտառոց եւ աննորմալ վիճակը: Երկուստեք ֆիքսվեց, որ առաջնահերթ է մեր պետական շահը, եւ առաջնորդվելու են պետական շահի առաջմղմամբ»,- ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով` նախագահը դեռեւս շարունակում է հանդիպումների շարքը եւ հանդիպումների ավարտից հետո հստակ կներկայացնի իր դիրքորոշումը: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը եւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպումից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» Ազգային ժողովի դիմաց  ժամը 18:00-ին կանցկացնի հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն շարժման հետագա քայլերը:

Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվեցին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին եւ գիշերն անցկացրին այնտեղ:

Ն.Հ.

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հանդիպել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ: Նախարարներ Այվազյանն ու Բաբայանը կարեւորել են Հայաստանի եւ Արցախի քաղաքական գերատեսչությունների միջեւ համագործակցության է՛լ ավելի ամրապնդումը եւ փոխշփումների ու խորհրդակցությունների անցկացումը առկա օրակարգային հարցերի առավել արդյունավետ քննարկման եւ հետագա քայլերի ուրվագծման համար: Նրանց հանդիպման առանցքում էին թուրք-ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած եւ անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրները, այդ թվում՝ հայ գերիների շուտափույթ հասցեագրումը: Արցախում սոցիալ-տնտեսական իրավիճակի կայունացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում հատկապես շեշտվեց միջազգային մասնագիտական կառույցների` տեղում ներգրավման անհրաժեշտությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Արցախի խաղաղ գործընթացի վերականգման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ` քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը:

 

 

 

ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ադրբեջանը նոր պայմանագրեր է ստորագրել Թուրքիայի հետ՝ սպառազինություն ձեռք բերելու համար:«Դա է՛լ ավելի կուժեղացնի մեր բանակը»,-ասել է Ադրբեջանի առաջնորդը։ Ալիեւը չի մանրամասնել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, փոխարենը բարձր է գնահատել թուրքական արտադրության զենքը, որը Բաքուն կիրառել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Նախօրեին Իլհամ Ալիեւը պնդել էր, թե «հայկական բանակ այլեւս չկա եւ չպետք է լինի»։ «Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան», – հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

 

 

 

 

ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՄԲ

Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ այսօր Մոսկվայում տեղի կունենա աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 3-րդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել փետրվարի 27-ին Մոսկվայում: Այս պահին բոլոր կողմերը հաստատել են իրենց մասնակցությունը»,- ասել է Ալեքսեյ Օվերչուկը: Բանակցային նման ձեւաչափ երեք պետությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, պայմանավորվել էին ստեղծել հունվարի 11-ին՝ անձնական հանդիպման ժամանակ:

 

 

ՉԵՆ ԱԶԴՈՒՄ

Հայաստանյան իրադարձությունները դեռ չեն ազդում Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների կատարման վրա: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում սպառնալիք են տեսնում ԼՂ հակամարտության կարգավորման խափանման համար Երեւանում տիրող իրավիճակի պատճառով: «Ոչ, դեռ ամեն ինչ իրականացվում է»,-ասել է Պեսկովը: Նա նշել է, որ, չնայած հայաստանյան իրադարձություններին, կարեւոր է պահպանել ԼՂ հարցով պայմանավորվածությունները:

 

 

ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է

Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երեւանի հետ եւ չի բացառում խաղաղ պայմանագրի ստորագրումը. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արտասահմանյան ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսին: Նրա խոսքով` եթե Երեւանը չխորամանկի եւ չխաբի, ապա Բաքուն պատրաստ է ամրապնդել կապերը Հայաստանի հետ: «Իհարկե, եթե ամեն ինչ ընթանա ճիշտ այնպես, ինչպես մենք մտածում ենք, ապա չենք բացառում խաղաղ պայմանագրի ստորագրում ինչ-որ փուլում, քանի որ դե-ֆակտո նոյեմբերի 10-ի (անցյալ տարվա) հայտարարությունն, ըստ էության, հենց խաղաղության պայմանագիր է»,- հայտարարել է Ալիեւը:




Լրահոս