Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի Մեջլիսի նախագահությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, հայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի Մեջլիսի նախագահությանն օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ցեղասպանության պատասխանատուների անունները վերացնել հանրային վայրերից և փոփոխություն կատարել Թուրքիայի «Քաղաքացիության մասին» օրենքում:

Ստամբուլի «Ակօս»-ի փոխանցմամբ՝ Փայլանի ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պետք է պատասխանատվություն ստանձնի, որպեսզի հայ ժողովրդի ապրած Մեծ եղեռնը կոչվի իրական անունով:

«Մեծ հանցագործությունը պետք է ճանաչվի Թուրքիայի խորհրդարանի կողմից, և Հայոց ցեղասպանությունից տուժածները 106 տարի անց պետք է հասնեն արդարության»,- նշվում է նախագծի մեջ:

Փայլանն ապրիլի 24-ին ուղերձ էր հղել, որում նշել էր, որ Հայոց ցեղասպանության հարցում արդարության հասնել հնարավոր է միայն Թուրքիայում: «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերի վրա, և ցեղասպանության հարցում արդարությունը հնարավոր է միայն այս հողերի վրա: Եթե Թուրքիան առերեսվի Հայոց ցեղասպանության հետ, այլևս կարևոր չի լինի, թե ինչ կասեն մյուս պետությունների խորհրդարանները: 106 տարի է՝ ժխտվում է Հայոց ցեղասպանությունը, և այդ պատճառով այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա է շարունակում մնալ»,- նշել էր Փայլանը:




Լրահոս